2016 Հուլ 17, Կիրակի
Հունվարի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ուրախալի լուր է գրանցվել. արտամարմնային բեղմնավորման արդյունքում միաժամանակ երկու կին մայր են դարձել: Տիկին Ալինուշն իր առաջնեկի լույս աշխարհ գալուն 10 տարի է սպասել, իսկ տիկին Հերմինեն՝ 3:
49-ամյա Ալինուշ Բաղդասարյանը բնակվում է Իրանում: Մեզ հետ զրույցում նա պատմել է, որ երկար տարիներ հաշվապահ է աշխատել, իսկ վերջին տարիներին հոգեհարազատ է դարձել մանկավարժի աշխատանքը:
– Տիկին Ալինուշ, ի՞նչ զգացողություններ ունեք:
– Աննկարագրելի… Երբ ինձ ցույց տվեցին երեխային, ես համբուրեցի նրան (հուզվում է. հեղինակ)… Տասը երկար ձգվող տարիներ ենք սպասել այս օրվան… Մի շարք դժվարություններ հաղթահարելով՝ վերջապես հասանք ցանկալի արդյունքի:
– Փոքրիկի գալուստի առաջին հույզերն ու հաճելի մտքերը. կկիսվե՞ք մեզ հետ:
– Մեզ համար առաջին հերթին կարևոր էր առողջ բալիկ ունենալ: Երբ իմացանք` արու զավակ է սպասվում և պետք է լույս աշխարհ գա հունվարի 5-ին կամ 6-ին, որոշեցինք նրան Քրիստ անվանել՝ Քրիստոսի ծննդյան առթիվ: (Փոքրիկի քաշը՝ 3կգ, 80գ. է, հասակը՝ 50 սմ):
– Ասացիք, որ տասը տարի սպասել եք Ձեր առաջնեկի լույս աշխարհ գալուն, ինչպե՞ս եք հաղթահարել «հուսահատություն» ասվածը:
– Երբեք չեմ կորցրել հավատս՝ մայրանալ, դա ինձ ուժ է տվել, գուցե նաև հենց հավատս՝ մայրանալու, ի վերուստ պարգև է արվել…
Մի քանի անգամ հղիացել եմ, բայց ինչ-ինչ պատճառներով այն ընդհատվել է: Փառք Աստծո, որ այս անգամ ամեն ինչ բարեհաջող ընթացք ունեցավ: Հավանաբար, պատճառն այն էր, որ ստիպված էի ինքնաթիռ նստել... Այս անգամ բժիշկս խորհուրդ տվեց մնալ Հայաստանում և այստեղ անցկացնել հղիության ամողջ ընթացքը, լինել իրենց հսկողության տակ:
– Ի՞նչ կասեք հղիության ընթացքի մասին:
– Շնորհիվ գործին նվիրյալ բուժանձնակազմի և ուշադիր վերաբերմունքի՝ առանց դժվարությունների և անհարմար անակնկալների: Մեր ընտանիքը բնակվում է Իրանում: Այնտեղ ևս շատ ուշադիր ու լավ բժիշկներ կան, բայց այստեղ՝ Հայաստանում, հատկապես Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, չափազանց ուշադիր են կանանց հանդեպ: Շատ շնորհակալ եմ և՛ բժիշկներին, և՛ բուժքույրերին... Հատուկ շնորհակալություն Էմմա Տոտոյանին, պրոֆեսոր Գեորգի Օկոևին: Իրենց շնորհիվ է, որ հղիության ամողջ ընթացքը բարեհաջող ու անփորձանք է եղել:
– Տիկին Ալինուշ, ի՞նչ կմաղթեք այն կանանց, ովքեր այս պահին պատրաստվում են մայրանալ:
– Շատ կուզենամ, որ յուրաքանչյուր կին իր կյանքում վերապրի մայրության բերկրանքը: Յուրաքանչյուր ամուսնացած զույգի համար շատ կարևոր է երեխայի լույս աշխարհ գալը: Եթե կան զույգեր, ովքեր մեզ պես դժվարությունների են հանդիպել, թող չհուսահատվեն, չվհատվեն, և ամեն ինչ լավ կլինի:
41-ամյա Հերմինե Դանիելյանը մասնագիտությամբ մանկավարժ է: Իր առաջնեկի լույս աշխարհ գալուն 3 տարի է սպասել:
– Տիկին Հերմինե, կկիսվե՞ք մեզ հետ Ձեր զգացողությունների մասին:
– Կդժվարանամ պատմել վերապրածս զգացողությունները, բառերն աղքատ կգտնվեն, այն միայն ապրել ու զգալ է պետք (հուզվում է. հեղինակ)… Անչափ շնորհակալ եմ «Արագիլ» բարեգործական հիմնադրամին, հանձինս՝ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ում հովանավորությամբ է կատարվել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում արտամարմնային բեղմանավորումը: Շնորհակալ եմ պրոֆեսոր Գեորգի Օկոևին, շնորհակալ եմ կենտրոնի բուժանձնակազմին:
– Քանի՞ տարի եք սպասել այս օրվան:
– Երեք տարի… Արդյունքում ունեցանք մեր սպասված և ցանկալի բալիկին՝ ի շնորհիվ այն բժիշկների, ովքեր աշխատեցին մեզ հետ՝ արտամարմնային հղիության բաժանմունքում: Վստահ և համոզված եմ եղել, որ առաջին իսկ փորձից ամեն ինչ ստացվելու է՝ պրոֆեսոր Օկոևի օգնությամբ: Եվ ահա. 9 ամիս անց ծնվեց մեր առաջնեկը:
– Ինչպե՞ս անցավ հղիության ընթացքը:
– Ամեն ինչ բարեհաջող է անցել, որևէ խնդիր չի եղել: Միշտ եղել եմ բժիշկների հսկողության տակ, ովքեր ուշադիր են եղել իմ հանդեպ, զգացված եմ հոգատար վերաբերմունքի համար:
– Դուք աղջիկ եք ունեցել. փոքրիկի գալուստի առաջին հույզերը…
– Փոքրիկի սեռը մեզ համար էական չէր, մեզ մտահոգում էր՝ առողջ բալիկ ունենալ: Ի սկզբանէ որոշել էինք. եթե աղջիկ ունենանք, կկրի ամուսնուս մոր անունը: Մեր փոքրիկի անունը Նոնա է: (Փոքրիկի քաշը՝ 3կգ, 950գ. է, հասակը՝ 54 սմ):
– Ձեր բարեմաղթանքը ապագա մայրերին:
– Երբեք ոչնչից չվախենան, հավատան, որ ամեն ինչ լավ է լինելու: Արդյունքում կունենան առողջ և երջանիկ բալիկ:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»