«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Արտարգանդային հղիություն. Արմեն Գասպարյան

Արտարգանդային հղիություն. Արմեն Գասպարյան

2021 Հուն 29, Ուրբաթ

Ի՞նչ է արտարգանդային հղիությունը
Արտարգանդային հղիությունն այն վիճակն է, երբ բեղմնավորված ձվաբջիջն իմպլանտացվում է արգանդից դուրս, սովորաբար, ֆալոպյան փողերից մեկում, որի պատճառով կարող է լինել ֆալոպան փողի պատռվածք և ներքին արյունահոսություն:
Հազվադեպ հանդիպում են դեպքեր, երբ բեղմնավորված ձվաբջիջն այլ տեղակայում է ունենում, որի դեպքում արտարգանդային հղիությունը զարգանում է որովայնի խոռոչում, ձվարաններից մեկում կամ, անգամ, արգանդի պարանոցում:

Պատճառները
Պատճառները տարբեր են և դեռ մինչև վերջ ուսումնասիրված չեն:
Արտարգանդային հղիությունը զարգանում է ֆալոպյան փողերում առկա կպումների և շատ այլ անհայտ պատճառներով: Կպումները կարող են առաջանալ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, վերարտադրողական համակարգի վարակային հիվանդությունների, անամնեզում փոքր կոնքում վիրահատական միջատությունների, անատոմիական շեղումների, ներարգանդային պարույրի առկայության հետևանքով: Ներարգանդային պարույրը ներդրվում է հղիությունն, ընդհանրապես, կանխելու համար, սակայն շատ հազվադեպ դեպքերում այն կարող է նաև արտարգանդային հղիության պատճառ դառնալ: Արտարգանդային հղիության ռիսկը բարձր է նաև էնդոմետրիոզով հիվանդ պացիենտների մոտ, քանի որ էնդոմետրիոզն առաջացնում է կպումներ փոքր կոնքում:

Դեպքերի գերակշռող մասի ժամանակ արտարգանդային հղիության հստակ գործոն չի հայտնաբերվում:

Կլինիկական պատկերը
Արտարգանդային հղիության ախտանշաններից է կնոջ դաշտանային ցիկլի խանգարումը, երբ կարող է դաշտան չլինել, ինչը, սակայն, պարտադիր պայման չէ:
Ամենահիմնական ախտանշան է համարվում որովայնի ստորին հատվածի աջ կամ ձախ կողմերի ցավը: Ցավը կարող է սկզբում լինել թույլ և մի կողմում: Որովայնի խոռոչում արյան որոշակի քանակի առկայության դեպքում, ինչը հնարավոր է արտարգանդային հղիությունների դեպքում, ցավը տարածվում է ամբողջ որովայնով: Այն գնալով  կարող է դառնալ ինտենսիվ, անտանելի և, եթե հղիության ժամկետը ավելի մեծ է, կարող է դիտվել նաև հեշտոցային արյունային արտադրություն, որը տարբերվում է սովորական դաշտանից:

Կարող են լինել նաև սրտխառնոց, աղիքային ցավերի զգացողություն: Երբ որովայնի խոռոչում արդեն կա ազատ հեղուկ՝ արյուն, զարգանում է սուր որովայնի պատկեր: Նման պատկերը նշանակում է, որ ախտորոշումն ուշացել է, և ելքը կարող է անբարենպաստ լինել՝ ընդհուպ մինչև այնպիսի վիճակ, երբ այլևս փողը պահպանել հնարավոր չէ:

Ֆալոպյան փողի պատռվածքի և սուր արյունահոսության պատկերն այլ է. կարող են լինել գլխապտույտ՝ ընդհուպ մինչև ուշագնացություն, հանկարծակի կտրուկ ցավեր և այլն:

Ախտորոշումը, լաբորատոր հետազոտությունները
Ախտորոշման համար ամենակարևորը ուլտրաձայնային հետազոտությունն է: Ներկայում սոնոգրաֆիստները կարողանում են շատ ճշգրիտ ախտորոշել արտարգանդային հղիության առկայությունը:

Հաջորդ հետազոտությունը հղիության հորմոնի` խորիոնային գոնադոտրոպինի քանակի որոշումն է արյան մեջ: Այն ևս արդյունավետ ախտորոշիչ մեթոդ է: Կախված այդ հորմոնի քանակից, կարելի է պարզել, որ առկա է արտարգանդային հղիություն:

Ելքը
Շատ կարևոր է, թե որ փուլում է արտարգանդային հղիությունն ախտորոշվել:

Ձվաբբջի ցանկացած տեղակայման դեպում, որքան շուտ ախտորոշվի արտարգանդային հղիությունը, այնքան ելքն ավելի բարեհաջող կլինի: Բայց ֆալոպյան փողերում տեղակայումը, մյուս դեպքերի հետ համեմատած, առավել բարենպաստ է:

Արտարգանդային հղիությունը կոնկրետ փուլեր չունի. կա զարգացող կամ չզարգացող արտարգանդային հղիություն: Երբեմն ձվաբջջի աճը կանգնում է, իսկ հղիության զարգացման դեպքում պատռվում է ֆալոպյան փողը:

Բուժումը
Եթե արտարգանդային հղիությունը հայտնաբերվել է վաղ փուլում, ապա փորձ է արվում այն ընդհատել դեղորայքով: Օգտագործվում է մետոտրեքսատ դեղը:
Առկա են բազմաթիվ գիտական աշխատանքներ, որոնք վկայում են այս մեթոդի արդյունավետության մասին:

Վիրահատական մոտեցումները
Արտարգանդային հղիությունն ավելի ուշ փուլերում հայտնաբերելիս պահանջվում է վիրահատական միջամտություն, որի նպատակը սաղմի հեռացումն է, քանի որ զարգացող և մեծացող սաղմը կարող է հանգեցնել ֆալոպյան փողի պատռվածքի և սուր արյունահոսության:

Վիրահատական միջամտության ծավալը կախված է պտղաձվի տեղակայումից, ինչպես նաև, թե ինչ փուլում է ախտորոշվել արտարգանդային հղիությունը: Արդի բժշկությունը թույլ է տալիս արտարգանդային հղիության ժամանակ իրականացնել նվազ ինվազիվ վիրահատություն. այն բոլորին ծանոթ լապարոսկոպիկ վիրահատությունն է:

Որովայնի խոռոչ մուտք գործելուց հետո գնահատվում է տվյալ ֆալոպյան փողի վիճակը, և, եթե փողը պահպանելու հնարավորություն կա, կատարվում է տուբոտոմիա. հատվում է փողը և հեռացվում պտղաձուն: Եթե փողը պահպանելն անիմաստ է, այսինքն, այն այլևս չի կարող նորմալ գործել, վերջինս նույնպես հեռացվում է՝ դարձյալ լապարոսկոպիկ եղանակով:

Նախկինում, եթե տեղակայումը լինում էր հենց արգանդափողի արգանդային անկյունում, հեռացվում էր նաև արգանդը: Ներկայում, նույնիսկ նման տեղակայման դեպքում, հնարավոր է արգանդը պահպանել:

Ժամանակակից բժշկությունը ձգտում է հնարավորին կատարել օրգանպահպանողական միջամտություններ:

Բարդությունները և հետևանքները
Եթե արտանգադային հղիության պատճառը հայտնի չէ և արգանդափողը պահպանվում է, ապա այդ կնոջ մոտ հավանական է արգանդափողային հղիության հետագա կրկնություն, բայց քանի որ այդ վտանգը չնչին է, բժշկագիտությունը ճիշտ է համարվում փողի պահպանումը:

Բուժումից հետո հաջորդ հղիության պլանավորումը

Դա ևս որոշվում է՝ հաշվի առնելով կատարված վիրահատության ծավալը, ինչպես նաև՝ արդյո՞ք հայտնաբերվել է արտարգանդային հղիության պատճառը, թե` ոչ:

Տարբեր դեպքերում մոտեցումները լինում են տարբեր և տրվում են համապատասխան խորհուրդներ:

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը