2021 Հուն 09, Չորեքշաբթի
Մագնեզիումը (մագնեզիումի սուլֆատ) հղիներին ամենահաճախ նշանակվող պատրաստուկներից է: Այն ազդեցության լայն շրջանակ ունի՝ իջեցնում է ճնշումը, միզամուղ է, հանում է հարթ մկանների սպազմը, կարգավորում փորկապությունը, օգտագործվում է ցնցումների և թունավորումների ժամանակ: Այդ դեղորայքի որոշ առանձնահատկություններն օգտագործվում են հղիության բարդությունների, հիվանդությունների բուժման համար, որոնք են.
• արգանդի բարձր տոնուս,
• հիպերտոնիա,
• նեֆրոպաթիա և այտուցվածություն,
• պրեէկլամպսիա և էկլամսիա:
Այս բոլոր դեպքերում մագնեզիումը ցուցաբերում է արագ և արդյունավետ ազդեցություն՝ հանում է սպազմը, կարգավորում արգանդի տոնուսը, կարգավորում արյան շրջանառությունը, իջեցնում ճնշումը, հանում ցնցումները:
Բացի այդ, մագնեզիումը նշանակվում է ընկերքի շերտազատման ժամանակ, թրոմբների առաջացումը կանխող միջոց և որպես հանգստացնող:
Մագնեզիումի օգտագործման հակացուցումները
Ինչպես բոլոր դեղերը, մագնեզիումը նույնպես ունի իր կողմնակի ազդեցությունները: Սակայն համարվում է, որ պտուղը և մայրը ավելի տուժում են մկանային բարձր տոնուսից և այլ բարդություններից, քան դեղորայքի կողմնակի ազդեցությունից:
Ամեն դեպքում, պետք է դեղորայքի նշանակումը լինի կարճատև, խիստ դոզավորված և հաշվի առնվի հղիության ժամկետը:
Մագնեզիումի նշանակությունը նպատակահարմար է երկրորդ և երրորդ եռամսյակներում, երբ արգանդի մկանները ձեռք են բերում ուժեղ կծկվելու ունակություն: Մագնեզիումի ներարկումներն առաջին եռամսյակում անիմաստ են, քանի որ այդ ժամանակ պտղի արտամղումը պայմանավորված չէ մկանային տոնուսով, այլ կան ավելի օբյեկտիվ պատճառներ (օրինակ, հորմոնալ դիսբալանս): Բայց պատրաստուկմ այդ վաղ շրջանում կարող է բացասական ազդեցություն ունենալ պտղի վրա:
Մագնեզիումը հակացուցված է նաև հետևյալ վիճակներում.
• Հիպոտոնիա,
• կալցիումի պատրաստուկների համատեղ ընդունում,
• երիկամային անբավարարություն,
• անհատական անընկալություն՝ ալերգիա դեղորայքի նկատմամբ,
• բրադիկարդիա,
• օրգանիզմի ջրազրկում:
Մագնեզիումի ընդունումից առաջացած բարդությունները
Կանայք պատրաստուկը հիմնականում լավ են տանում: Բարդությունները դիտվում են սխալ դոզավորման կամ արագ ներմուծման արդյունքում:
Օրգանիզմի հաճախ հանդիպող ռեակցիաները մագնեզիումի ընդունման ժամանակ.
• թուլություն, գլխապտույտ,
• դժվարացած շնչառություն,
• տագնապ,
• վերջույթների թմրություն, մկանային թուլություն,
• ճնշման իջեցում, առիթմիա,
• սրտխառնոց,
• դեմքի արյունալեցում,
• միզարձակման հաճախացած ցանկություն (1-2 ժամ տևող միջոցառման ժամանակ):
Դրանցից խուսափելու համար մագնեզիումը նշանակվում է 5-7 օրից ոչ ավելի և բժշկի հսկողությամբ:
Մագնեզիումի ներարկումները
Մագնեզիումն արտադրվում է երկու ձևով՝ փոշու, որը բացվում է ջրով, և լուծույթի՝ միջմկանային և ներերակային ներարկումների համար:
Ամենաարդյունավետ և արագ ազդող միջոցը համարվում է կաթիլային ներմուծումը: Արյան մեջ հայտնվելով` դոորայքն ազդում է 2-3 րոպեից:
Ներարկման ընթացքում կինը պետք է պառկած լինի և ավարտից հետո մի քանի րոպե մնա հորիզոնական դիրքում:
Միջմկանային ներարկումները ներկայում հասցված են նվազագույնի, քանի որ ցավոտ են, մեծ զգուշություն են պահանջում և ազդեցությունն սկսում է 30-40 րոպեից:
Փոշու լուծույթներն օգտագործում են խմելու ձևով` որպես լեղամուղ և աղիները թուլացնող միջոց: Ստամոքսից այն գրեթե չի անցնում արյան մեջ:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»