«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

«Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց

2022 Դեկ 06, Երեքշաբթի

2022 թ.դեկտեմբերի 3-ին Երևանում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և «Մոր և մանկան առողջության հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվել էր «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց:
Դասընթացը նվիրված էր մանկաբարձա-գինեկոլոգիական կարևորագույն խնդիրներին:

Կնոջ կյանքի ցանկացած շրջան ունի իր առանձնահատկությունները՝ կապված հիվանդությունների և դրանց կանխարգելման հետ, և չափազանց կարևոր է ժամանակին նրա այցը բժշկին, ինչը կնպաստի խնդիրների վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և բուժմանը:

Դասընթացի ընթացքում հատկապես շեշտվում էր այն միտքը, որ անհրաժեշտ է ո՛չ միայն բժշկել զարգացած հիվանդությունները, այլև կանխարգելել դրանք։

Դասընթացին մասնակցում էին առաջին օղակի՝ ամբուլատոր և հիվանդանոցային մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքների բժիշկներ և հարակից մասնագետներ:

Ներկայացնում ենք կազմակերպիչների և մասնակիցների հետ մեր զրույցը:

Գիտաժողովին բացմանը ելույթով հանդես եկավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը:

Դասընթացի թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեցող որոշ հիվանդություններ հնարավոր է կանխարգելել, ժամանակին հայտնաբերել և բուժել:Ահա թե ինչու շատ կարևոր է, որ կանայք գնահատեն բժշկին այցելելու նշանակությունը: Ընդ որում, կարևոր չէ, թե ինչ տարիքում է կինը՝ դեռահաս, երիտասարդ, վերարտադրողական, թե դաշտանադադարային։

Դեռահասային տարիքի կամ մինչամուսնական շրջանի հետ կապված, հասարակության մեջ սխալ վերաբերմունք է ձևավորված: Մինչև ամուսնությունը, սովորաբար, խուսափում են գինեկոլոգի դիմել, այն դեպքում, երբ այդ տարիքում հաճախ են տարբեր խնդիրներ լինում՝ դաշտանային ցիկլի խանգարումներ, զարգացման արատներ և այլն: Բժշկի խնդիրն է ո՛չ միայն ախտորոշել, բուժել հիվանդությունը, այլև բացատրել, թե ինչու պետք է հետևել դաշտանային ցիկլին, ինչո՞ւ և ինչպե՞ս կանոնավորել այն, վերարտադրողական տարիքում հղիության հետ կապված ի՞նչ խնդիրներ լուծել նախապես, ինչպես պլանավորել այն, իսկ հղիության դեպքում, ինչ սքրինինգային հետազոտություններ իրականացնել և այլն։

Դասըթացի շրջանակում ներկայացվեց զեկուցում` նվիրված հղիության ժամանակ միզային համակարգի հիվանդություններին, խոսվեց վերարտադրողական տարիքում էնդոմետրիոզի մասին, որը, դժբախտաբար, ուշ է ախտորոշվում՝ դառնալով հետագա բարդությունների պատճառ։  Ներկայացվեցին արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղված հետազոտությունների՝ ՊԱՊ-թեսթի և մարդու պապիլոմավիրուսի թեսթի  վերաբերյալ կարևոր զեկուցումներ։ Քննարկվեցին մեթոդի արդյունավետության վրա ազդող գործոնները, թեսթերի ճիշտ իրականացման սկզբունքները և ստացված արդյունքների վերլուծման  առանձահատկությունները։ Ներկայացվեցին հետազոտման այս երկու մեթոդների օգտագործման ներկա մոտեցումները։  

Զեկույցներ եղան նաև առաջնային օղակի  բժշկին կանանց դիմելու հիմնական   պատճառների՝  հեշտոցաբորբերի և ցերվիցիտների վերաբերյալ։

Կրկին անգամ շեշտվեց վիտամին Դ-ի, կալցիումի նշանակությունը կնոջ դաշտանադադարային տարիքում, ներկայացվեցին դեռահասային վերարտադրողական և դաշտանադադարի տարիքում անոմալ արգանդային արյունահոսությունների ախտորոշման և բուժման հարցերը, հետդաշտանադադարային  տարիքի կանանց մեզասեռային ախտանիշների խնդիրները, երբ մեծ նշանակություն ունի կնոջ ճիշտ վարումը, նրա առողջ երկարակեցության ապահովումը:

Խոսվեց նաև նախածննդյան սքրինինգի նոր մեթոդների մասին, որոնք հնարավորություն են տալիս մեծ ճշգրտությմաբ իրականացնել հետազոտությունը և ստանալ հավաստի տվյալներ։ Ներկայում հնարավոր է արյան հետազոտմամբ ստանալ ավելի շատ հարցերի պատասխաններ։ Այս մեթոդը  ներդրվել ու կիրառվում է Հայաստանում:

Նորայր Ղուկասյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. «Էրեբունի» ծննդատան փոխտնօրեն



Բժշկագիտությունը միայն առօրյա աշխատանքը չէ, և յուրաքանչյուր գիտաժողով, դասախոսություն կամ հանդիպում իր կարևորությունն ունի, որովհետև դրանց շնորհիվ բժիշկը հնարավորություն է ստանում որևէ նոր բան սովորելու: Իմ զեկույցը նվիրված էր ժամանակակից մի խնդրի, որը կոչվում է վուլվովագինալ ատրոֆիա: Վուլվովագինալ ատրոֆիաները տարիքային փոփոխությունների հետ կապված խնդիրներ են, որոնք կնոջ մոտ լինում են դաշտանադադարի շրջանում: Առաջին հայացքից  դրանք թվացյալ փոքր խնդիրներ են, բայց,իրականում,բավականին լուրջ են և լի են կյանքի որակը փոխող ախտանշաններով:

Ուշադրության է արժանի այն  փաստը,  որ այս խնդիրը բուժելի է, կարելի է զբաղվել դրանով,և այսօր, ժամանակակից բժշկության վերջին 30 տարիների ընթացքում, այն առավել արդիական է դարձել:Անհիմն է այն վախը, թե կինը դաշտանադադարի շրջանում անպայման խնդիրներ կունենա: Կյանքի յուրաքանչյուր էտապ իր գեղեցկությունն ունի, և այն պետք է ճիշտ ընկալել, ճիշտ բուժվել և ճիշտ ապրել:

Իննա Պերսոյան, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ., Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար



Այս դասընթացները կարևոր են, քանի որ տարբեր մասնագիտության բժիշկներ հավաքվում ու համատեղ քննարկում ենք կնոջ առողջության վերաբերյալ հուզող խնդիրները:Դա մուլտիդիսցիպլինար խնդիր է, քանի որ կնոջ համար կարևոր է ո՛չ միայն գինեկոլոգիական խնդիրը, այլ նաև առկա տարբեր հիվանդությունները:

Իմ զեկուցման թեման վերաբերում էր կնոջ առողջության և երկարակեցության հարցերում գինեկոլոգի դերին:

Նախկինում՝ անցյալ դարերում, կանայք անգամ մինչև դաշտանադադար չէին ապրում: Իսկ այսօր կնոջ կյանքի միջին տևողությունը կտրուկ աճել է՝ մինչև 75-80 տարի, և դեռ 21-րդ դարի կեսին սպասվում է աճ`մինչև 100-120 տարի, այսինքն, կյանքի 1/3-ը կինն անց է կացնում դաշտանադադարի վիճակում՝ էստրոգենների(իգական սեռական  հորմոն) պակասի շրջանում:

Էստրոգենները ո՛չ միայն երիտասարդություն, գեղեցկություն, երեխայի ծնունդը նպաստող հորմոն է, այլ նաև կնոջ պաշտպանիչ գործոն է: Կնոջ բոլոր օրգան-համակարգերում կան էստրոգենների ռեցեպտորներ, և երբ ձվարանների գործունեության նվազման  արդյունքում էստրոգենը պակասում է, ամբողջ օրգանիզմում դիտվում են տարբեր խանգարումներ: Օրինակ, ոսկրերում կալցիումի քանակն, երբ սկսում է պակասել, կարող է զարգանալ օստեոպորոզ, արդյունքում՝ կոտրվածքներ, հաշմանդամություն, կյանքի որակի վատացում: Եվ մեզ համար կարևորը ոչ միայն կնոջ երկարակեցությունն է, այլ նաև՝ առողջ կյանքը:

Մեր նպատակը կնոջ հակատարիքային, կանխարգելիչ առողջությունը պահպանող բժշկությունն է:Այդ պատճառով բժշկության մոտեցումները լիովին պետք է փոխվեն, այն պետք է դառնա 4Պ բժշկություն(պրեդիկտիվ՝ կանխատեսող /գենետիկ հետազոտություններ և այլն), կանխարգելող, անհատականացված և պացիենտով պայմանավորված(երբ պացիենտը տեղեկացված է և մասնակցում է գործընթացին):

Տարիքով պայմանավորված հիվանդությունները շատ են, դրանցից են, օրինակ, կնոջ մահացության պատճառների մեջ առաջին տեղը գրավող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, հաջորդը՝ օստեոպորոզը, միզասեռային համակարգի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը, ասթման, շաքարային դիաբետը:

Մենք արդեն հնարավորություն ունենք և պետք է ձգտենք հասնել այն բանին, որ 60-70 տարեկանում կինն ունենա 40 տարեկանի տեսք, լինի առույգ և կյանքով լի:Անհրաժեշտ է կրթել բժշկին, կրթել պացիենտին, գնալ ոչ թե «հիվանդ-անոց», այլ՝ «առողջ-արան»՝ առողջանալու և ունենա ոչ թե «հիվանդության պատմություն», այլ՝ «առողջության անձնագիր»:

Ռուսուդան Վարդանյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ



Դասընթացները նպաստում են բժիշկների հետագա զարգացմանը և՛ գիտելիքների, և՛ գործնական հմտությունների ձեռք բերման առումով: Դրանք, ընդհանրապես, նպաստում են մանկաբարձա-գինեկոլոգիական օգնության որակի բարձրացմանը, հատկապես, որ ամբողջ կյանքի ընթացքում բժիշկը գտնվում է սովորելու գործընթացում: Միշտ պետք է լինել տեղեկացված, գիտելիքները ստանալու հնարավորություն ունենալ:

Ինչպես իմ ելույթի ընթացքում ներկայացրեցի, գինեկոլոգիական  հիվանդների մոտավորապես 1/3 դիմում են արյունահոսությունների պատճառով։ Դա բավականին մեծ տոկոս է: Պարտադիր չէ, որ դրանք լինեն պրոֆուզ, կյանքին սպառնացող արյունահոսություններ, հաճախ են հանդիպում անոմալ արյունահոսությունները, որոնք պահանջում են ճիշտ մոտեցում:

Մարինա Ոսկանյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ.,Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1ամաբիոնի դոցենտ



Բժշությունն այն բնագավառն է, որտեղ կանգ առնելու իրավունք չկա, որտեղ գործ ունենք մարդու հետ և ամեն օր, ամեն րոպե պետք է ինքնակրթվենք,  վերապատրաստենք, բարելավենք  մեր գիտելիքները: Չկա բժիշկ, որը կարող է ասել, որ արդեն ամեն բան գիտի:Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են, քանի որ բարձրացնում են արդի հարցեր, բժիշկները շփվում են միմյանց հետ, փոխանակվում և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով:

Այսօրվա գիտաժողովին ինքս բավականին նորությունների տեղեկացա` բուժման մեթոդների և հետազոտությունների վերաբերյալ:

Իմ թեման վագինիտն էր ( հեշտոցաբորբ): Եվ, չնայած այն բանին, որ բժշկությունը զարգանում է, կան շատ հակաբորբոքային պատրաստուկներ, մինչև այսօր այս բորբոքումների հաճախությունը  բավականին բարձր է: Ամեն երկրորդ, երրորդ կնոջ մոտ հեշտոցի և  սեռական օրգանների բորբոքում է հայտնաբերվում: Պատճառը և՛ իմունիտետն է, և՛ ձվարանների գործունեությունը: Այսինքն, պետք է կրկին խոսել սրա մասին, գտնել կանխարգելիչ միջոցներ:

Լավ գիտենք, որ բժշկության մեջ կանխարգելումը ոսկե ստանդարտն է, և ցանկացած հիվանդություն կարելի է ավելի հեշտ կանխարգելել, քան` բուժել: Բայց և բուժման մեջ պետք է փորձենք ավելի քիչ հակաբիոտիկներ օգտագործելով արդյունքի հասնել, որպեսզի կարողանանք օգնել` առանց վնասելու:  

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հոկ 03, Ուրբաթ | Լուրեր

«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն հայտարարում է գլխավոր բուժքույրի թափուր հաստիքի համար մրցույթ

Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը