Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Ստացիոնար Վերարտադրողականություն | ԱՄԲ-ի բաժանմունք

ԱՄԲ-ի բաժանմունք

Լինելով Հայաստանում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) հիմնադիր, ունենալով 20-ամյա փորձ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ ու ժամանակակից սարքավորումներ՝ մեր կենտրոնը հնարավորություն ունի այսօր իրականացնել անպտղության բուժման մեթոդների բոլոր տարատեսակները՝ առավելագույն արդյունավետությամբ:

ԱՄԲ բաժանմունք կարող եք զանգահարել երկ-ուրբ՝ +374 10 53 05 98
Շուրջօրյա հեռ.՝ +374 10 53 06 41, +374 99 53 06 41

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) բաժանմունքը հագեցած է նորագույն բարձրակարգ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել անպտղության բուժման բոլոր ժամանակակից մեթոդները (տեխնոլոգիաները): Բաժանմունքի բժիշկներն ունեն տարիների մասնագիտական փորձ անպտղության բուժման բնագավառում, համագործակցում են Իսրայելի, Ֆրանսիայի առաջատար կլինիկաների հետ: Բոլոր բժիշկները հանդիսանում են Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ:

Գիտա-գործնական աշխատանքի հիմնական ուղղությունները.

  • Արտամարմնային բեղմնավորում և սաղմի տեղափոխում (ԱՄԲ+ՍՏ)
  • Արտամարմնային բեղմնավորում ICSI (սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ) մեթոդով
  • Արտամարմնային բեղմնավորում ТЕSЕ (սերմնաբջիջների ստացում ամորձուց նուրբ ասեղի միջոցով) կամ МЕSЕ (միկրովիրաբուժական արտածծում ամորձու հավելուկից) + РЕSА (սերմնաբջջի անդրմաշկային ստացում ամորձուհավելուկից (մակամորձիներից)՝ տղամարդու անպտղության ամենածանր ձևերի դեպքում:

Ինչպես նաև.

  • Օժանդակ hետչինգ (սաղմի թաղանթի մշակում, մեխանիկական պատռում)
  • Սաղմի կրիոկոնսերվացիա և պահպանում
  • Ձվաբջջի, սերմի դոնորություն
  • Փոխնակ մայրություն
  • Նախաիմպլանտացիոն ժառանգական ախտորոշում
  • Արհեստական սերմնավորում ամուսնու սերմով
  • Արհեստական սերմնավորում դոնորի սերմով
  • Դոնորական սերմի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում) (դոնորական սերմի բանկ):

       

ԱՄԲ-ի ցուցումները:

  1. Անպտղության փող-որովայնամզային գործոն
  2. Ներզատական (էնդոկրին) խանգարումներ
  3. Էնդոմետրիոզ
  4. Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
  5. Անհայտ ծագման անպտղություն
  6. Տղամարդկային գործոն (սերմնաբջիջների քանակի և շարժունակության նվազում, ընդհուպ մինչ սերմնաբջիջների լրիվ բացակայություն սերմնահեղուկում)
  7. Անպտղության իմունաբանական գործոններ
  8. Տևական անպտղության անարդյունավետ բուժում:

ԱՄԲ մեթոդը բաղկացած է հետևյալ փուլերից:

  1. Սուպերօվուլյացիայի (գերձվազատման) խթանում տարբեր դեղամիջոցներով, որոնց ազդեցության տակ կնոջ ձվարաններում հասունանում են ոչ թե մեկ-երկու ձվաբջիջ, ինչպես բնական դաշտանային ցիկլում, այլ միանգամից 5-10-15:
  2. ԳՁՀ-ի հսկողության տակ տրանսվագինալ (հեշտոցային) ճանապարհով կատարվում է ֆոլիկուլների պունկցիա և ձվաբջիջների արտաքաշում: Պունկցիան տևում է 5-10 րոպե, կատարվում է ներերակային անզգայացման պայմաններում և հանդիսանում է բացարձակապես անցավ միջամտություն:
  3. Ձվաբջջի բեղմնավորումը սերմով իրականացվում է վերցնելուց հետո առաջին օրերին, հատուկ պայմաններում (ջերմաստիճան, գազային կազմ, վարակազերծ պայմաններ) հատուկ թերմոստատում: Սերմնաբջիջների ցածր խտության դեպքում իրականացվում է ձվաբջջի ցիտոպլազմայի (բջջապլազմայի) մեջ ընտրված լավ որակի սերմնաբջիջների ներարկում հատուկ մանիպուլյատորի օգնությամբ (ICSI):
  4. 3-րդ օրն ընտրվում են լավագույն սաղմերը (3-ից ոչ ավել) և տեղափոխվում կնոջ արգանդի խոռոչ՝ գերձայնային հետազոտության սարքի (ԳՁՀ) հսկողության տակ, հատուկ, շատ բարակ և ճկուն կաթետերի օգնությամբ: Այս բուժմիջամտությունը անվտանգ է և անցավ:
  5. 14-16 օրերի ընթացքում խորհուրդ է տրվում աջակցող պահպանողական բուժում, որից հետո անցկացվում է հղիության թեստ մեզի օգնությամբ և/կամ որոշվում է β-ԽԳ-ի (խորիոնային գոնադոտրոպին հորմոնի) մակարդակը արյան մեջ:
  6. Հետագա վարման գործելակարգը պետք է քննարկվի բուժող բժշկի հետ ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքի դեպքում:

ԱՄԲ-ի մեթոդով անպտղության բուժումից առաջ կատարվում է հիվանդայցելուների համալիր հետազոտություն:

     

Այն իր մեջ ներառում է.

  1. Արյան մեջ հորմոնների որոշում.
    Դաշտանային ցիկլի 2-3 օրը՝
    - ԼՀ (լյուտեինացնող հորմոն), ՖԽՀ (ֆոլիկուլախթանիչ հորմոն), էստրադիոլ, պրոլակտին, ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն), T4 ազատ, ԴՀԱ-S (դեհիդրոանդրոստերոն սուլֆատ), տեստոստերոն.
  2. Խրոնիկ վարակների որոշում.
    - խլամիդիոզի, միկոպլազմոզի, ուրեապլազմոզի, ցիտոմեգալովիրիայի, հերպեսի, տոքսոպլազմոզի
  3. Հեշտոցի մաքրության աստիճանի որոշում
  4. Արգանդի պարանոցի և հեշտոցի արտադրության մանրէաբանական ցանքս
  5. Կոլպոսկոպիա (արգանդի պարանոցադիտում հատուկ սարքով), արգանդի վզիկից վերցրած քսուկ՝ օնկոցիտոլոգիայի համար
  6. Փոքր կոնքի օրգանների ԳՁՀ դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը, ֆոլիկուլոգենեզի (ֆոլիկուլների զարգացման ընթացքի) դինամիկա
  7. Վահանագեղձի ԳՁՀ՝ ըստ ցուցումների
  8. Կրծքագեղձերի ԳԶՀ կամ մամոգրաֆիա՝ ըստ ցուցումների
  9. Արյան մեջ ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, հեպատիտ B և C-ի որոշում:
  10. Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում
  11. Արյան կլինիկական քննություն
  12. Արյան կենսաքիմիական քննություն.
    - շաքար, խոլեստերին, ընդհանուր սպիտակուց, կրեատինին, ընդհանուր բիլիռուբին
  13. Կոագուլոգրամա (արյան մակարդելիության ցուցանիշների որոշում)
  14. Մեզի ընդհանուր քննություն
  15. ԷՍԳ (էլեկտրասրտագրություն)
  16. Ֆլյուրագրաֆիա
  17. Թերապևտի խորհրդատվություն
  18. Բժիշկ-գենետիկի (ժառանգաբանի) խորհրդառտվություն (ըստ ցուցումների)
  19. Ամուսնու սերմի հետազոտություն (սպերմոգրամա՝ սերմնագիր):

ԱՄԲ-ն պետք չէ դիտարկել որպես միանվագ բուժընթաց, այն էլ 100% արդյունավետությամբ: Ցավոք, նույնիսկ աշխարհի լավագույն կլինիկաներում այս մեթոդի արդյունավետությունը չի գերազանցում 40-45%-ը մեկ փորձի դեպքում: ԱՄԲ-ի արդյունքը կախված է մի շարք գործոններից. հիվանդայցելուի տարիքից, արգանդի վիճակից, օրգանիզմի ընդհանուր վիճակից, անպտղության պատճառից: Ուստի, ստույգ գնահատել հղիության կայացման հնարավորությունը դժվար է: Բացի դրանից, ԱՄԲ-ի հաջողությունը կախված է բժշկի հմտությունից, կլինիկայի սարքավորումներից, բուժման համար օգտագործվող դեղորայքի ընտրությունից:

ԱՄԲ արդյունավետությունը ՄՄԱՊԳՀԿ-ում կազմում է 35-40%.

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների բաժանմունքում հատուկ տեղ է տրվում սաղմնաբանության լաբորատորիային: Լաբորատորիայի հագեցվածությունը, սաղմնաբանի փորձը և պատրաստվածության մակարդակը մեծ մասամբ պայմանավորում են այս բաժանմունքի աշխատանքի արդյունքը: Մեր սաղմնաբանը՝ կ.գ.թ. Կ.Հ.Ջինանյանը աշխատում է բաժանմունքում դրա ստեղծման առաջին իսկ փուլից սկսած և ունի աշխատանքի մեծ փորձ: Նա բազմակի վերապատրաստվել է Ֆրանսիայում:

ICSI մեթոդի անցկացման ցուցումներն են հետևյալ վիճակները.

  1. Ազոոսպերմիա՝ սերմի լրիվ բացակայություն ամորձիների ծանր հիվանդությունների, ինչպես նաև սերմնատար ուղիների խցանման (բլոկադայի) կամ բացակայության հետևանքով,
  2. Օլիգոզոոսպերմիա՝սերմնաբջիջների կոնցենտրացիայի (խտության) նվազում ավելի քան 2 մլն/մլ,
  3. Ասթենոզոոսպերմիա՝ մեկ մլ սերմնահեղուկում ավելի պակաս, քան 1մլն ակտիվ, շարժուն սերմնաբջիջների առկայություն,
  4. Տերատոզոոսպերմիա՝ նորմալ կառուցվածքի սերմնաբջիջները 5%-ից քիչ են
  5. Սերմնատար ծորանի երակների վարիկոզ լայնացում,
  6. Սերմի համակցված ախտաբանություն (հնարավոր են սերմնաբջիջների կառուցվածքի, շարժունակության և խտության փոփոխությունների տարբեր համակցություններ), ինչը զգալիորեն իջեցնում է սերմի բեղմնունակությունը
  7. Սերմնահեղուկում հակասերմնային հակամարմինների առկայություն (երբ MAR-թեստը  50%-ից ավելի է)
  8. ԱՄԲ-ի նախորդ փորձի ժամանակ ձվաբջջի բեղմավորման բացակայություն կամ անբավարարություն: Մեր լաբորատորիայիում ԻՔՍԻ միջամտության որակյալ կատարմանը մեծապես նպաստում է ժամանակակից սարքավորումներով նրա հագեցվածությունը: Միջամտությունն իրականացվում է "Leica" (Գերմանիա) ֆիրմայի մանրադիտակով՝ "Narishige" (Ճապոնիա) ֆիրմայի միկրոմանիպուլյատորի օգնությամբ: Տեսա (վիդեո) սարքավորումների առկայության շնորհիվ մենք հնարավորություն ունենք կատարել բոլոր միջամտությունների տեսա- և համակարգչային տեսագրում:

      

Օժանդակ hետչինգ (սաղմի թաղանթի մշակում).

Սա նոր մեթոդ է, որի օգնությամբ կարելի է հեշտացնել արգանդում սաղմի ներպատվաստումը (իմպլանտացիան): Այս մեթոդի էությունը սաղմի փայլուն թաղանթը թուլացնելն է (հատվում է թաղանթը), որը նպաստում է արգանդի պատին նրա ավելի ամուր կպչելուն։

Օժանդակ hետչինգի անցկացման ցուցումները.

  1. Կնոջ 38-ից բարձր տարիքը,
  2. Նախորդ ինպլանտացիաների անհաջող փորձերը,
  3. Մորֆոլոգիական (ձևաբանական) վատ ցուցանիշներով սաղմերի առկայությունը,
  4. Արյան մեջ ֆոլիկուլախթանիչ հորմոնի (ՖԼԽ) բարձր մակարդակը,
  5. Սառեցված սաղմերի տեղադրումը:

Օժանդակ hետչինգը կարող է իրականացվել 3 եղանակով՝ քիմիական, մեխանիկական, լազերային:
Մեր լաբորատորիայում օժանդակ hետչինգը իրականացվում է մեխանիկական, եղանակով՝ միկրոգործիքների օգնությամբ:
 
Սաղմերի կրիոկոնսերվացիա /սառնապահպանում/.  Այն դեպքում, երբ ԱՄԲ ծրագրի իրականացումից հետո մնում են ամուսնական զույգից վերցված լավորակ լրացուցիչ սաղմեր, զույգին առաջարկվում է դրանք սառեցնել և պահել: Սառեցված սաղմերի պահպանումը իրականացվում է հեղուկ ազոտի մեջ պահվող հատուկ նշագրված պլաստմասե անոթներում: Սաղմերի պահպանման ժամկետն անսահմանափակ է: Կատարվում է միայն լավ որակի սաղմերի կրիոկոնսերվացիա և միայն զարգացման կոնկրետ փուլում: Վատորակ սաղմերը ենթակա չեն սառեցման, քանի որ հալչելիս դրանք դեգրադացվում են (քայքայվում են): Մենք կատարում ենք սաղմերի կրիոկոնսերվացիա միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հիվանդայցելուին և նա տվել է համաձայնություն իր սաղմերի պահպանման համար:

ՄՄԱՊԳՀԿ-ում հաջողությամբ իրականացվում են "ձվաբջջի դոնորություն" և "փոխնակ մայրություն" ծրագրերը: Դոնորական ձվաբջիջների օգտագործումը խորհուրդ է տրվում այն կանանց, որոնց սեփական ձվաբջիջները ցածրորակ են կամ չի հաջողվում դրանք ստանալ ձվարանները խթանելիս:

"Ձվաբջջի դոնորության" ծրագրի փուլերը.

  1. Կինը՝ ձվաբջջի դոնորը, ընտրված անպտուղ զույգի կողմից, ենթարկվում է  մանրազննին և բազմակողմանի հետազոտության՝ վարակային և ժառանգական հիվանդությունների հայտնաբերման նպատակով:
  2. Ստորագրվում է համաձայնագիր մասնակից բոլոր կողմերի միջև:
  3. Անպտուղ (չբեր) կինը՝ ռեցիպիենտը ընդունում է դեղամիջոցներ, որոնք նախապատրաստում են արգանդի լորձաթաղանթը սաղմի ընդունմանը:
  4. Հասուն դոնորական ձվաբջիջը դուրս է բերվում դոնոր կնոջ ձվարանից և լաբորատոր պայմաններում  արհեստականորեն բեղմնավորվում անպտուղ կնոջ ամուսնու սերմնաբջիջներով:
  5. 3 օրվա ընթացքում սաղմերը զարգանում են փորձանոթում, որից հետո դրանք տեղադրվում են անպտուղ կնոջ արգանդի խոռոչ:

Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվաբջջի դոնորներին.

  • Տարիքը 20-ից մինչև 35
  • Սեփական առողջ երեխայի առկայություն
  • Ֆենոտիպային ցայտուն առանձնահատկությունների բացակայություն
  • Սուպերօվուլյացիաի (գերձվազատում) խթանելու և ֆոլիկուլների պունկցիայի հակացուցումների բացակայություն:

"Փոխնակ մայրություն" - անպտղության հաղթահարման մեթոդ է այն  կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ):

Այս դեպքում անպտղուղ կնոջ ձվաբջիջը՝ իր իսկ ամուսնու սերմով բեղմնավորված, տեղադրվում է մեկ այլ կնոջ արգանդի խոռոչ, որն ընդունակ է կրել և ծննդաբերել երեխային: Երեխայի կենսաբանական ծնողներն այն զույգն է, որը սաղմի ստեղծման համար տրամադրել է ձվաբջիջը և սերմը, իսկ կինը, որը կրում է երեխային, ստացել է "փոխնակ մայր" անվանումը ("օգնող", "փոխարինող" մայր):

Ի սկզբանե, որպես փոխնակ մայրեր ընտրվել են անպտուղ զույգի հարազատները, բայց վերջին ժամանակները փոխնակ մայրությունը դառնում է մասնագիտություն. կենսաբանական ծնողները վճարում են գումար առողջ կնոջը, որը համաձայն է օտար երեխայի իմպլանտացիային (ներպատվաստմանը) և կրելուն:

Փոխնակ մայրությունը ԱՄԲ-ի շրջանակներում ամենաբարդ և, բնականաբար, թանկ արժողությամբ ծրագիրն է: Բժշկագիտության մեջ ֆանտաստիկ առաջընթացի արդյունքում հնարավոր դարձած երրորդ անձի ներգրավումը երեխայի ծնվելու հարցում, հնարավորություն ընձեռեց այն կանանց, որոնց մոտ անպտղությունը նախկինում անհաղթահարելի էր, զգալ մայրության բերկրանքը:

Փոխնակ մայրության դեպքում կողմերի միջև ձևակերպվում է իրավական փաստաթուղթ (պայմանագիր):

Պահանջները, որոնք ներկայացվում են փոխնակ մայրերին.

  • Տարիքը՝ 20-ից մինչև 35
  • Սեփական առողջ երեխայի առկայություն
  • Երեխա կրելու հակացուցումների բացակայություն:

Նախաիմպլանտացիոն (նախաներպատվաստումային) գենետիկական (ժառանգաբանական) ախտորոշումը (ՆԺԱ) կիրառվում է սաղմի մոտ քրոմոսոմային թերությունների հայտնաբերման և սեռի հետ շղթայակցված ժառանգական հիվանդությունների որոշման համար: Նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշումը կատարվում է բազմակի ինքնաբեր վիժումների և իմպլանտացիոն խանգարումների դեպքում՝ 37-ից բարձր տարիքի կանանց մոտ: Նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշման էությունը կայանում է նրանում, որ հնարավորություն է ընձեռվում մինչ արգանդի խոռոչ տեղադրելը որոշել սաղմի գենետիկ (ժառանգական) կարգավիճակը, ընտրել առավել կենսունակ սաղմեր, և այդպիսով ոչ միայն կանխել ծանր քրոմոսոմային ախտաբանությունները, այլև ընդհանրապես բացառել իմպլանտացիայի և հղիության կայացման հնարավորությունը:

Արհեստական սերմնավորում ամուսնու (ԱՍԱՍ) կամ դոնորական սերմով (ԱՍԴՍ).

ԱՍԱՍ-ի բուժմիջամտության էությունը կայանում է նրանում, որ սաղմնաբանական լաբորատորիայում ամուսնու նախապես մշակված սերմը ներարկվում է կնոջը ներարգանդային ճանապարհով: Սերմնավորումը կարելի է անցկացնել ինչպես բնական ցիկլի ժամանակ, այնպես էլ խթանված օվուլյացիայի (ձվազատման) ֆոնի վրա: Ամեն դեպքում ԱՍԱՍ-ի կատարման համար պետք է ստուգվի արգանդափողերի անցանելիությունը, քանի որ սերմնավորման ժամանակ, ինչպես բնական ճանապարհով հղիանալու դեպքում, բեղմնավորումը կատարվում է արգանդափողում:

ԱՍԱՍ-ի ցուցումները.

  • էրեկտիլ (էրեկցիայի հետ կապված) դիսֆունկցիա
  • տղամարդու սեռական օրգանների զարգացման արատներ, որոնց ժամանակ հնարավոր չէ սեռական կյանքը կամ սերմնաժայթքումը (էյակուլյացիան) լինում է ոչ հեշտոցի մեջ (օրինակ, հիպոսպադիա, հետընթաց սերմնաժայթքում (ռետրոգրադ էյակուլյացիա)
  • վագինիզմ
  • անպտղության պարանոցային գործոնի դեպքում, երբ սերմնաբջիջները չեն կարող անցնել արգանդի պարանոցային խողովակի լորձի միջով
  • ամուսնու կրիոկոնսերվացված սերմով սերմնավորում, օրինակ, ամուսնու մոտ քիմիաթերապիա պահանջող ուռուցքային հիվանդության հայտնաբերման դեպքում

Սերմի դոնորություն. Դա ծրագիր է, որը թույլ է տալիս երեխա ունենալ այն ընտանիքներին, որտեղ առկա է բացարձակ տղամարդկային անպտղություն կամ այն միայնակ կանանց, ովքեր չունեն սեռական զուգընկեր:

Սերմի դոնորներ կարող են լինել ֆերտիլ (բեղմնունակ) սերմ ունեցող 20-40 տարեկան առողջ տղամարդիկ:  

Սերմի դոնորների հետազոտության պարտադիր ծավալը  իր մեջ ներառում է.

  • ուռոլոգի (միզաբանի)զննում և եզրակացություն
  • վարակների հայտնաբերման հետազոտություններ. գոնորեա, խլամիդիոզ, գենիտալ (սեռական) հերպես, ուրեոպլազմոզ, միկոպլազմոզ, ցիտոմեգալովիրիա
  • արյան հետազոտություն ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, հեպատիտ В և С-ի նկատմամբ
  • արյան խմբի և Rհ-(ռեզուս) գործոնի որոշում
  • հոգեբույժի զննում և եզրակացություն
  • թերապևտի զննում և եզրակցություն:

Սերմի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում). Մեր կլինիկայի պայմաններում հնարավոր է ամուսնու և/կամ դոնորի սերմի կրիոկոնսերվացիա՝ (սառեցում) դրանց հետագա օգտագործմամբ անպտղության բուժման ծրագրերում, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործմամբ: Սերմի սառեցումը կատարվում է հեղուկ ազոտում՝ հատուկ սարքավորումների օգնությամբ: Սառեցված վիճակում սերմը կարող է պահպանվել մի քանի տարի: Սերմի պահպանման լավագույն ժամկետը համարվում է 3 տարի, քանի որ այդ ժամկետն անցնելուց հետո սերմնաբջիջների բեղմնունակությունը նվազում է:

 

ԱՄԲ բաժանմունք կարող եք զանգահարել երկ-ուրբ՝ +374 10 53 05 98
Շուրջօրյա հեռ.՝ +374 10 53 06 41, +374 99 53 06 41


Բաժնի բժիշկներ

Գեորգի Գրիգորիի Օկոև

մանկաբարձ-գինեկոլոգ
բ․գ․դ․, պրոֆեսոր

Արմինե Գագիկի Սայադյան

մանկաբարձ-գինեկոլոգ

Լուսինե Զորիի Բալայան

մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 19, Ուրբաթ | Լուրեր

Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը