Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

«Մենարխեից մինչև մենոպաուզա» խորագրով գիտաժողով Երևանում

2017 Հուն 15, Հինգշաբթի

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Մենարխեից մինչև մենոպաուզա» թեմայով գիտաժողով, որի շրջանակում մանկաբարձ-գինեկոլոգները քննարկեցին վերարտադրողական տարիքի կանանց մոտ հաճախ դիտվող ախտաբանական մի շարք վիճակների վերաբերող հարցերը, դրանց առաջացման հիմնական պատճառները, մասնագիտական արդի մոտեցումները` առօրյա գործունեության ընթացքում արձանագրված դեպքերի օրինակներով:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Առողջապահության նախարարությունը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանը:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը կարևորելով գիտաժողովը, Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ասաց. «Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին մենարխեից մինչև մենոպաուզա ընկած ժամանակահատվածում կանանց մոտ հաճախ հանդիպող այնպիսի ախտաբանություններին նվիրված հարցեր, ինչպիսիք են ամենորեաները, հիպերանդրոգենիան և անոմալ արգանդային արյունահոսությունները: Այս թեմաների ընտրությունը պայմանավորված է ինչպես դրանց տարածվածությամբ վերարտադրողական տարիքի կանանց մոտ, այնպես էլ կնոջ դաշտանային և մանկածնային ֆունկացիաների վրա դրանց ազդեցությամբ: Մյուս կողմից կարևորվում է նաև վերը նշված ախտաբանական վիճակների երկարաժամկետ ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա, ինչը բերում է ավելի մեծ տարիքում այնպիսի հիվանդությունների, ինչպես սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոպորոզը, շաքարախտը, արգանդի լորձաթաղանթի քաղցկեղը և այլն:

Գիտաժողովի շրջանակում ներկայացվեցին ամենորեաների, հիպերանդրոգենիայի և անոմալ արգանդային արյունահոսությունների ախտորոշման, բուժման և նման հիվանդայցելուների վարման ժամանակակից մոտեցումները՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա: Կարևորվում է այն մոտեցումը, որ դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին ո՛չ միայն տեսական հարցերը, այլ նաև վեր են լուծվել առանձին կլինիկական դեպքեր: Բոլոր թվարկած խնդիրները հանդիպում են գործնական գործունեություն ծավալող յուրաքանչյուր գինեկոլոգի մոտ, որը նույնպես բարձրացրած թեմաները դարձնում է հրատապ:

Կ. Առուստամյանն ընդգծեց, որ ներկայում կլինիկական բժշկության որևէ ասպարեզ առանց լաբորատոր ախտորոշման չի կարող առաջընթաց ապրել, ուստի և գիտաժողովի շրջանակում ներկայացվել են լաբորատոր ախտորոշման այն մեթոդները, և, մասնավորապես, գենետիկական տեխնոլոգիաները, որոնք բարձրացնում են քննարկվող ախտաբանական վիճակների արդյունավետ ախտորոշումը և վարումը»:
 
Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված ՌԴ Ժողովուրդների բարեկամության համալսարանի բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետի մանկաբարձություն, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ի.Գ. Շեստոկովան, խոսելով դաշտանային ցիկլի խանգարումների և, մասնավորապես, արյունահոսությունների մասին, նշեց, որ ցիկլի խանգարումների հիմնական խնդիրները պայմանավորված են են կնոջ կամ աղջկա տարիքով. «Ցիկլի խանգարումը կարելի է դիտարկել և՛ որպես նորմալ երևույթ, և՛ որպես շեղում: Առաջին հայացքից այն թվում է սովորական երևույթ, սակայն, իրականում, պատկերը շատ ավելի խնդրային է: Շեղում է համարվում, երբ այն լինում է հիվանդության դրսևորման հետևանք: Վերարտադրողական տարիքի կնոջ մոտ դաշտանային ցիկլը պարբերականության առումով պետք է շատ հստակ լինի, քանի որ գոյություն ունեն նորմատիվներ: Սակայն կա տարիք, երբ վերարտադրողական համակարգը սկսում է խաթարվել, ինչը սովորաբար լինում է մենոպաուզայից առաջ: Նման դեպքերը պետք է կանխվեն ու բուժվեն, քանի որ այդ իրավիճակներն արյունահոսության պատճառ դառնալու վտանգ են պարունակում: Այսօր արդեն ոլորտի մասնագետների համար պարզ է, որ եթե կինը 40-նն անց է և ունի դաշտանային ցիկլի խանգարում, ապա դա ահազանգ է համապատասխան հետազոտության և բուժման համար»:

Գիտաժողովին հրավիրված Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվան պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի վերարտադրողական բժշկության և վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վ.Ն. Կասյանն իր խոսքում ընդգծեց, որ կնոջ մոտ ցիկլի խանգարումը իգական սեռի օրգանիզմի ամենանուրբ կետերից է: «Դաշտանային խանգարումների պատճառը կարող են լինել սթրեսները, էնդոկրին համակարգի խանգարումները և այլ պատճառներ: Իսկ որպես հետևանք կարող է լինել արյունահոսություն, անպտղություն, վիժում և այլն: Խնդրի բացահայտման և հետագայում կանխարգելման ու բուժման համար առաջին քայլ դիտարկվում է հետազոտությունը, իհարկե, հաշվի առնելով կնոջ ցանկությունը: Պետք է նախ և առաջ պարզել, ցանկանու՞մ է նա մայրանալ, թե` ոչ, հետո արդեն խնդիրը լուծել»,- ասաց նա, ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում նշված խնդիրները վերացնելու համար կանայք խուսափում են հորմոնալ միջոցներ օգտագործել` ունենալով գիրանալու մտավախություն.- «Այսօրվա գինեկոլոգիական գործընթացում կիրառվող հորմոնալ դեղորայքից չեն գիրանում, նման դեպքեր գրանցվում էին հիսուն տարի առաջ, բայց ոչ այսօր: Ինչ վերաբերում է ժամանակակից տեխնոլոգիաներին, ապա գինեկոլոգիական շատ հիվանդություններ այսօր արդեն բուժվում են նաև առանց վիրաբուժական միջամտության, ինչպես, օրինակ՝ միոման: Այսօր գինեկոլոգիական գործընթացում ամբուլատոր պայմաններում հնարավոր է իրականացնել բարձր տեղեկատվությամբ օժտված սարքերով հետազոտություններ, որոնք զերծ են պահում հիվանդայցելուին անզգայացման գործընթացից: Նմանօրինակ մոտեցումները է՛լ ավելի են հեշտացնում ե՛ւ բժշկի աշխատանքը ե՛ւ հիվանդի վիճակը՝ մեծացնելով ախտորոշման և բուժման արդյունավետությունը»:

 

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

2024 Մար 27, Չորեքշաբթի | Լուրեր

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական Հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում, երեխա ունենալ այլ երկրում։ Վաղաժամ ծննդաբերության նշաններով Նիսրինը տեղափոխվում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ 24 շաբաթական հղիությունից ծնվում է Սոֆիան 770 գ քաշով, 32 սմ հասակով: Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկը՝ էքստրեմալ անհասությամբ և արտահայտված շնչառական խանգարումներով և  և այլ ծանր առողջական խնդիրներով պայմանավորված, տեղափոխվում է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք: «Սովորաբար, այդպիսի երեխաների ապրելիությունը շատ ցածր է, բայց, բարեբախտաբար, բժիշկների և բուժանձնակազմի ջանքերն արդյունք տվեցին: Նման դեպքերում մեծ դեր ունի նաև ընտանիքի հատկապես մոր գործոնը: Նորածնի մայրիկը բուժանձնակազմին օգնում էր իր ներկայությամբ,  վիճակի վերաբերյալ բավականին խորը գիտելիքներով, ինչի շնորհիվ կես խոսքից հասկանում էր բժիշկներին: Նիսրին երբեք թևաթափ չեղավ, չհուսահատվեց, նա իր փոքրիկի կողքին էր իր աղոթքներով և մեծ վստահությամբ, որ երեխան ապրելու է: Տարիների փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, որոնց ընտանիքը՝ հույսով լցված, փոքրիկի և բժիշկների կողքին է լինում, մեծ հավանականություն են ունենում ապրելու»,- պատմում է Նորածնային բաժանմունքի վարիչ,նեոնատոլոգ ԱնաիադաԱսատրյանը։ 1-1,5 ամիս անց, երեխային տեղափոխելու հարցը քննարկելու համար, կապ հաստատվեց Հոլանդիայի բժիշկների հետ և մանրամասն ներկայացվեց երեխայի վիճակը: Հոլանդացի մասնագետները, հաշվի առնելով, որ այդպիսի բարդ ախտորոշմամբ նորածնի վիճակը Հայաստանի բժիշկների ջանքերով օրեցօր բարելավվում է, իսկ փոքրիկի տեղափոխումը որոշեցին հետաձգել տեղափոխումը և շարունակել բուժումը Հայաստանում: Երեխան հիվանդանոցում մնաց մինչև 35 շաբաթականը: Բուժման մեջ կիրառվեց նաև «կենգուրու» խնամքը, որը մեծ դեր ունի անհաս երեխաների խնամքն ապահովելիս: Նիսրինը շատ էր ոգևորվում, երբ երեխան մերկ վիճակում դրվում էր մոր որովայնին, կրծքին՝ ապահովելու մարմին-մարմին անմիջական շփումը: Արդյունքն ակնհայտ էր՝ երեխայի մոտ անմիջապես բարձրանում էր սատուրացիան: Նիսրինի խնդրանքով «կենգուրու» խնամքն իրականացվեց նաև Սոֆիայի հայրիկի հետ: Երբ երեխան պատրաստ էր տեղափոխման, Հոլանդիայից մասնագիտացված ինքնաթիռ ուղարկվեց՝ բժիշկներով և անհրաժեշտ սարքերով: Փոքրիկը բարեհաջող տեղափոխվեց և հետագա հսկողությունն ու բուժումը շարունակվեց Հոլանդիայի լավագույն հիվանդանոցներից մեկում: Նիստրինն իր նամակում գրում է․ «Կարծում եմ իմ փոքրիկ աղջիկը զգաց իմ աճող սերը Երևանի և նրա գեղեցիկ հայկական մշակույթի հանդեպ, և որ նա նույնպես ցանկանում էր դրա մի մասնիկը դառնալ: Մեր փոքրիկ հայ աղջիկը․․. Նրա հրաշալի բժիշկը՝ նեոնատոլոգ Աիդա Դանիելյանը և նորածնային բաժանմունքի թիմը չհուսահատվելով պայքարում էին իմ փոքրիկ աղջկա համար: Նրանք արեցին, ամեն հնարավորը: Հոլանդացի բժիշկները տպավորված էին, թե ինչպես են հայ բժիշկները փրկել Սոֆիային: Իրենց խոսքերով, անգամ Հոլադիայում, 24 շաբաթականում ծնված երեխաների ապրելիությունը 50%-ից մի փոքր ավելի է։ Դա ցույց է տալիս, թե հայ բժիշկներն ինչ մեծ աշխատանք են կատարել: Մարգարյան ծննդատունը միշտ մեր սրտում ենք պահելու։ Շնորհակալություն ամեն ինչի համար»։  

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը