2019 Մայ 08, Չորեքշաբթի
Այս շաբաթում շատ հղիներ ցանկանում են իմանալ, թե ինչպես է աճում որովայնը: 15 շաբաթական հղիության ժամանակ դեռևս չկա քաշի մեծ ավելացում, սակայն արդեն ոչ բոլորին է հաջողվում թաքցնել իրենց հղիությունը: Որոշ կանանց մոտ որովայնի վրա հայտնվում է շերտագիծ: Հղիության ընթացքում դա նորմալ է և պետք չէ անհանգստանալ: Այն անհետանում է ծննդաբերությունից որոշ ժամանակ անց: Պետք է այս շրջանում բժշկի հետ խորհրդակցել և կարգավորել սնունդը, որպեսզի քաշի ավելացումը նորմայից ավելին չլինի:
❤️Պտղի զարգացումը
Երեխան արդեն 9,5-10,5 սմ է: Նա սկսում է մարզել իր դիաֆրագման՝ դեպի թոքեր է քաշում և դուրս մղում պտղաջրերը: Պտղաջրերը միանգամայն ստերիլ են և թարմացվում են օրը 10 անգամ: Ակտիվորեն աճում են երեխայի ոտքերը, դրանք արդեն ձեռքերից երկար են: Հոդերը ձևավորվել են և փոքրիկը կարող է ազատ ծալել ու բացել վերջույթները: Կոպերով փակված աչքերի ցանցաթաղանթն արդեն ընկալում է լույսը, և, եթե հղիի որովայնի վրա լուսարձակի լույս ընկնի, երեխան կտեսնի լուսային բիծը: Իսկ լեզվի վրա արդեն զարգանում են համային պտկիկները:
❤️Մոր վիճակը
Շատ հղիներ այս շրջանում գանգատվում են հիշողության վատացումից, ցրվածությունից, կենտրոնացման թուլությունից: Դրա պատճառը գլխուղեղի կեղևի ակտիվության իջեցումն է: Դա նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է հղիության ժամանակ՝ մոր օրգանիզմն իր բոլոր ռեսուրսներն ուղղել է երեխայի կենսունակության և զարգացման ապահովմանը: Հնարավոր է` արժե հրաժարվել աշխատանքային հերոսություններից և ծանր պարտականություններից, որոնք կարող են լարվածություն և սթրես առաջացնել:
Երկրորդ եռամսյակի սկզբում հաճախ ուժեղանում է «հղիների ռինիտը», որն արտահայտվում է քթի մշտական փակվածությամբ կամ հաճախակի քթային արյունահոսություններով: Քթի լորձաթաղանթում արյան շրջանառության հոսքի մեծացման պատճառով այն այտուցվում է և դառնում շատ բարակ: Չոր օդն ավելի է նպաստում քթային արյունահոսություններին: Բժիշկը կարող է խորհուրդ տալ քթի խոռոչի համար խոնավացնող միջոցներ օգտագործել, ինչպես նաև ընդունել վիտամին С, որն ամրացնում է անոթների պատերը: Հղիների մոտ ռինիտը վտանգավոր չէ և չի պահանջում դեղորայքային բուժում: Սակայն, եթե քթային արյունահոսությունները հաճախ են կամ դժվար են դադարում, պետք է բժշկի դիմել:
Բոլոր կանայք այս շաբաթում 1-2 կգ-ով ավելի են կշռում, քան նախքան հղիությունը, բայց քաշի ավելացման բացակայությունը ևս այս շրջանում համարվում է նորմալ, հատկապես, եթե ապագա մայրն ավելորդ քաշ ունի:
❤️Ի՞նչ անել
Զբաղվել հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ և յոգայով:
Սպորտով զբաղվելն օգտակար է: Եթե բժիշկը հակացուցումների պատճառ չի գտել, ապագա մայրը կարող է զբաղվել ամենօրյա սպորտով և յոգայով:
Բացասական ռեզուս-գործոնով հղիները պետք է սկսեն ալլոիմունային հակամարմինների քանակը որոշելու համար դիմեն արյան հետազոտության: Ժամանակակից ԴՆԹ-ախտորոշիչ մեթոդներով կարելի է որոշել երեխայի ռեզուս-գործոնը դեռևս արգանդում՝ մոր արյան հետազոտությամբ:
Պետք է հերթագրվել 16-17 շաբաթում ժամանակին երկրորդ եռամսյակի սկրինինգ անցնելու համար (եռակի թեստ)
Թափուր աշխատատեղ՝ «Մարգարյան ծննդատանը». աշխատանքի ենք հրավիրում անեսթեզիստի՝ աշխատելու «Մարգարյան ծննդատան» մեր դինամիկ զարգացող թիմում......
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»