Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է

Կրծքով կերակրելը մոր եւ մանկան առողջության գրավականն է

2020 Հուն 28, Երեքշաբթի

Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում, դա էլ իր կանոններն ունի, եւ փոքր շեղումն անգամ, հնարավոր է, որ նորածինն ընդհանրապես հրաժարվի կրծքով կերակրվելուց:

Այսօր եզակի կլինիկաներում են ծննդկաններին սովորեցնում կրծքով ճիշտ կերակրելը: Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) նորածնաբանության բաժանմունքի բժիշկ-նեոնատոլոգ եւ ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի դոցենտ Հեղինե Սարգսյանը վստահեցնում է, որ հենց առաջին կրծքադրումից է կախված, թե երեխան հետագայում ո՞նց կկերակրվի կրծքով. «Մեր կենտրոնում յուրաքանչյուր ծննդկանի սովորեցնում ենք, թե ինչպես պետք է երեխային ճիշտ կերակրել, քանի որ մեր կլինիկան մանկանը բարեկամ բժշկական հաստատություն է: Նախ, շատ կարեւոր է, որ երեխան ճիշտ մոտեցվի կրծքին`ուղղակի երեխայի քիթը կամ բերանը պետք է լինի մոր կրծքի հարպտկային հատվածին մոտիկ, ու մայրը պետք է կուրծքը խորը մտցնի երեխայի բերանի մեջ, այսինքն` ոչ թե պտուկը, ինչպես շատ մայրեր են դա անում, այլ հարպտկային հատվածն` ամբողջությամբ, որտեղ գտնվում են բոլոր կաթնատար ծորանները: Ընդ որում, մայրը կերակրելու ընթացքում հարպտկային շրջանի քիչ մասը պետք է տեսնի: Եթե այն ամբողջությամբ երեխայի բերանի մեջ չէ, դա վտանագվոր է նրանով, որ ճաքեր կարող են առաջանալ: Բացի դրանից, կաթը նորմալ դուրս չի բերվի ծորաններից, իսկ երեխան անընդհատ լաց կլինի: Եթե երեխայի այտերը գունատ են, ուրեմն` լավ չի սնվում: Ուտելու ընթացքում մայրը պետք է երեխայի ուտելուց արտահանած ձայները լսի»:

Բժշկուհու խոսքերով` եթե երեխան լաց է լինում, ուրեմն քաղցած է. նորածնի կյանքի առաջին 2 ժամում ուտում են` հանգստանալով: Իսկ 5-6 ժամ քնելու դեպքում, մայրը պետք է ուշադիր լինի եւ թույլ չտա, որ փոքրիկն այդքան երկար քնի, անհրաժեշտ է արթնացնել ու կերակրել, հակառակ դեպքում` երեխայի մոտ կզարգանա արտահայտված թուլություն:

Լինում են դեպքեր, երբ առաջին ժամերին մոր մոտ կաթ չի արտադրվում եւ անմիջապես արհեստական կաթնախառնուրդ են տալիս: Բժշկուհին հորդորում է չշտապել, քանի որ բնությունն այնպես է ստեղծել, որ մայրը, եթե ամեն ինչ նորմալ է, անպայման կաթ կարտադրի: Հատկապես շատ կարեւոր է երեխայի կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կաթով կերակրելը, քանի որ, ըստ բժշկուհի Սարգսյանի, մոր կաթի մեջ կան բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք երեխային ապահովում են առողջ ապագա: Բժշկուհու պատմելով` «մարզերում կա տարածված կարծիք, որ երեխաներին պետք է կերակրել կովի կամ այծի կաթով: Իրականում կենդանու կաթի պարունակությունը վտանգավոր է նորածինների համար, իսկ յուրաքանչյուր մայր արտադրում է այնպիսի կաթ, որն անհրաժեշտ է հենց իր բալիկին: Մայրեր կան, որոնք կարծում են, որ իրենց արտադրած առաջին կաթը պիտանի չէ, ասում են` կաթ չէ, խեժ է, եւ կթում են ու թափում: Սակայն այդ խեժն էլ կաթ է, եւ հենց դրա պարունակությունն է խիստ կարեոր բալիկի համար»:

Բժշկուհին մայրերին կոչ է անում խուսափել հնացած մեթոդներից, երբ դեռ 2-3 ամսականը չլրացած փոքրիկներին ջուր,  խնձորի կամ այլ մրգային հյութեր են տալիս. «Նորից եմ կրկնում, մայրական կաթը պարունակում է այն բոլորը` ջուր, վիտամիններ, ածխաջրեր ու սպիտակուցներ, ինչ անհրաժեշտ է երեխային»:

Հատկապես շատ կարեւոր է մոր եւ մանկան շփումը, եւ եթե երեխան նույնիսկ նոր է կերկարվել, բայց մի քիչ տրտնջում է, մայրը կարող է իր կողքին պառկեցնել, շոյել ու շփվել նրա հետ, երեխան հաստատ կհանդարտվի:

«Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» ուշադրություն է դարձվում մոր եւ մանկան շփմանն ու համատեղ կեցությանը, քանի որ ծննդաբերությանը հաջորդող ժամերի համար դա շատ կարեւոր է. «Մեր ծննդատանը երեխայի ծնվելու պահից իսկ փոքրիկը գտնվում է մոր մոտ: Ծնվելու հենց առաջին պահին նրան դնում են մոր որովայնին կամ կրծքին` մաշկը` մաշկին, շփումն ապահովելու համար, որպեսզի հենց առաջին մարդը, որ պետք է շփվի եւ միկրոֆլորան ընդունի, դա լինի նրա մայրը, այլ ոչ օտար մարդ, որպեսզի երեխան ջերմություն ստանա: Առաջին շփումը նպաստում է նաեւ, որ կրծքի կաթը ճիշտ արտադրվի, չէ՞ որ ծնված պահից երեխաները փնտրում են ու գտնում են մոր կուրծքը»:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Մար 30, Երկուշաբթի | Լուրեր

Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը

Հոնկոնգի Համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Մար 31, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 34 շաբաթ

Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն