Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը

Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը

2020 Մար 13, Ուրբաթ

Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում և իր զարգացումն սկսում է ոչ թե արգանդում, այլ արգանդից դուրս` արգանդային փողում, ձվարանում և, անգամ, որովայնի խոռոչում: Սակայն, քանի որ պտղի ձևավորումն արգանդից դուրս անհնարին է, պահանջվում է վիրահատական միջամտություն` այն հեռացնելու համար: Հակառակ դեպքում, աճող էմբրիոնը կպատռի տվյալ օրգանը, կառաջացնի արյունահոսություն և որովայնամզի բորբոքում: Արդյունքում, ստիպված կլինեն հեռացնել կնոջ վնասված օրգանը, իսկ բարձիթողի վիճակները կարող են ավարտվել մահվամբ:

Այս ախտաբանության պատճառները շատ են, և բոլորը պայմանավորված են սեռական օրգանների կառուցվածքով, հյուսվածքների կազմությամբ, հորմոնալ դիսբալանսով: Սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, վիրահատությունները, աբորտները, որոնք թողնում են սպիներ և կպումներ, ի սկզբանե արգանդային փողերի անոմալ կառուցվածքը, հակաբեղմնավորիչների ընդունումը կամ ներարգանդային պարույրի առկայությունը, պտղային ձվիկի գենետիկ վնասումը, սպերմատազոիդների դանդաղաշարժությունը կարող են խանգարել ձվաբջջի ճիշտ ընթացքին:

Արտարգանդային հղիության նշանները

Ինքնուրույն որոշել արտարգանդային հղիության սկիզբը` դժվար է: Հատկապես, եթե կինն առաջին անգամ է հղիացել և մի քանի շաբաթ նշանները ոչ մի կերպ չեն արտահայտվում: Ախտաբանական հղիությունը սկզբում արտահայտվում է` ինչպես նորմալ հղիությունը.

. կրծքագեղձերի մեծացում,

. դաշտանի բացակայություն,

. տոքսիկոզ,

. անկայուն բնավորություն,

. թեստը ցույց է տալիս 2 գծիկ:

Մինչև 4-6-րդ շաբաթը արտարգանդային հղիությունը ոչ մի կերպ չի զգացվում:  Այդ ժամանակ և հետագայում այն հնարավոր է բացահայտել միայն ՈՒՁՀ-ով և արյան հետազոտությամբ:  Ցավոք, մեծավ մասամբ բժիշկներն այն ախտորոշում են միայն հղիության ընդհատման ժամանակ, երբ կինն արդեն նշում է բացահայտ ախտանիշները:

. Ցավ` որովայնում, երբ պտղային ձվաբջիջը այլևս տեղ չունի հետագա աճի համար: Ցավը գնալով ուժեղանում է, տարածվում ամբողջ որովայնում, ճառագայթում դեպի իրանը, ոտքը, հետանցքը:

. Քիչ քանակի կարմիր, մոխրագույն, մուգ կարմիր արտադրություն, որը նման է երկար դադարից հետո կարճատև դաշտանի:

. Թուլություն, վատ ինքնազգացողություն, բարձր ջերմություն` սկսվող բորբոքման ժամանակ:

. Արյունահոսության ժամանակ իջնում է զարկերակային ճնշումը, նկատվում է գունատություն, գլխապտույտ և ուշաթափություն:

Ինչպե՞ս է թեստը ցույց տալիս արտարգանդային հղիությունը

Բոլոր դեպքերում, հղիության թեստը դրական է, քանի որ մարդու խորիոնային հոնադոտրոպինի (ՄԽՀ) արտադրությունն առկա է:  Արտարգանդային հղիության ժամանակ էմբրիոնի ամրացման ժամկետը խախտվում է մի քանի օրով, այն ուշանում է,  թեստի արդյունքը` նույնպես, իսկ երկրորդ գծիկը լինում է հազիվ նկատելի: Թեստը կրկնելիս պատասխանը կարող է բացասական լինել:
Եթե այդ ընթացքում արյան հետազոտություն կատարվի ՄԽՀ նկատմամբ և պրոգեստերոնը  որոշելու համար, իրավիճակը կպարզվի: Արտարգանդային հղիության դեպքում ՄԽՀ մակարդակն աճում է շատ դանդաղ և չի համապատասխանում նորմային, իսկ պրոգեստերոնի ցուցանիշը լինում է խիստ իջած: Ավելի ճշգրիտ պատասխան կարող է տալ ՈՒՁ հետազոտությունը` 4-5 շաբաթականում: Եթե արգանդում էմբրիոնը չի հայտնաբերվում, մասնագետը նայում է փոքր կոնքի մյուս օրգանները: Եթե ՈՒՁՀ-ն չի հայտնաբերում, բայց հղիության նշանները կան, կատարվում է լապարոսկոպիկ ախտորոշում: Արտարգանդային հղիությունը հաստատվելու դեպքում շտապ կատարվում է պտղային ձվիկի վիրահատական հեռացում:

Արտարգանդային հղիության հեռացումը

Վիրահատության տեսակը կախված է հղիության ժամկետից, ախտաբանական զարգացման ծանրությունից և կնոջ վիճակից: Եթե հղիության դեռ առաջին շաբաթներն են, հնարավոր է ընդամենը արհեստական վիժում իրականացնել` հորմոնալ պատրաստուկների կիրառմամբ:

Լապարոսկոպիան նույնպես խնայող միջոց է, քանի որ հեռացվում է միայն պտղային ձվիկը:
Սակայն, եթե ախտորոշումն ուշանում է, տեղի է ունենում արգանդային փողի պատռում և արյունահոսություն, ինչը պահանջում է շտապ վիրահատություն, որի ժամանակ հեռացվում է վնասված փողը: Շատ քիչ դեպքերում է, որ մեկ փողի հեռացումը բերում է անպտղության:

Հղիությունը` արտարգանդային հղիությունից հետո

Վիրահատությունից հետո հաջորդ հղիություն խորհուրդ է տրվում ոչ շուտ, քան 6-8 ամիս անց: Այդ ընթացքում պետք է վերականգնել առողջությունը, օրգանիզմը պատրաստել բեղմնավորման, վերացնել պատճառները, որոնք առաջացրել էին արտարգանդային հղիություն:

Դրա համար անհրաժեշտ է.

. ստուգել սեռական վարակների առկայությունը` երբեմն զույգի մոտ,

. փոքր կոնքի օրգանները պաշտպանել բորբոքումներից և այլ հիվանդություններից,

. վերականգնել հորմոնալ բալանսը,

. թույլ չտալ աբորտների հնարավորություն, օգտագործել հակաբեղմնավորիչներ, ցանկալի է դրանց բարիերային մեթոդները

. նոր հղիության վաղ շրջանում ամբողջովին հետազոտվել:

Եթե կինը ծանոթ է այս ախտաբանության ախտանիշներին, ավելի հեշտ կլինի կողմնորոշվել և դիմել օգնության` խուսափելով հետագա բարդություններից: Պետք է հիշել, որ արտարգանդային հղիության ժամանակ նույնիսկ մեկ օրը, առավել ևս 2 օրից ավելին, մեծ նշանակություն ունեն:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Ապր 03, Ուրբաթ | Լուրեր

Երեքանգամյա սնունդ` բոլոր պացիենտներին և հղիներին

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը որոշում է կայացրել երեք անգամյա սնունդ տրամադրել բոլոր պացիենտներին և հղիներին...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Մար 31, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 34 շաբաթ

Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն