Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) և նրա մոդիֆիկացիաները (ձևափոխումները)՝ ICSI (սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ (ներբջջապլազմային) ներարկում), սաղմերի սառցապահպանում (կրիոկոնսերվացիա), դոնորական ծրագրերը, փոխնակ մայրությունը, ինչպես նաև արհեստական սերմնավորումը ամուսնու (ԱՍԱՍ) և դոնորական (ԱՍԴՍ) սերմով, վերաբերում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին: Այս մեթոդների մեծ մասն օգտագործվում է այն ժամանակ, երբ բնական ճանապարհով հղիանալը կամ ընդհանրապես հնարավոր չէ կամ հավանականությունը ավելի փոքր է, քան օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման պարագայում:
ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առել դեռևս XX դարի կեսերին: Անգլիայում 1978թ. ծնվեց մի աղջիկ՝ Լուիզա Բրաունը՝ առաջին երեխան փորձանոթից: Չնայած նրան, որ ԱՄԲ-ի պատմությունը կազմում է շուրջ 30 տարի, այսօր աշխարհում ապրում է 3 մլն.-ից ավելի երեխա՝ բեղմնավորված փորձանոթում:
Առաջին երեխան ԽՍՀՄ-ում ծնվել է 1986թ. Մոսկվայում՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի լաբորատորիայում, որը ղեկավարում էին Բ.Վ.Լեոնովը և Վ.Ի.Կուլակովը:
Հայաստանում ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առնում 1996թ.-ից, երբ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի բժիշկների խումբը այցելեց Հայաստան: Այցը կազմակերպել էր հայ-ֆրանսիական «Ազատագրություն» կազմակերպությունը՝Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ և ակադեմիկոս Ս.Ք.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն պրոֆ. Հ.Ս.Նիկողոսյանի համագործակցությամբ: Ֆրանսիական կողմից մասնակցում էին առաջատար մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Ժան-Պիեռ Ֆրանքուեբալմը և սաղմնաբաններ Ֆիլիպ Տերյուն և Ժան-Լուի Սպակը: Հայաստանից մասնակցեց բժիշկների խումբ պրոֆ. Գ.Գ.Օկոևի ղեկավարությամբ: Աշխատանքի սաղմնաբանական ասպեկտները իրականացվել են լաբորատոր-ախտորոշիչ բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Կ.Հ.Ջինանյանի կողմից:
1998-2005թթ. Հայաստանում ԱՄԲ ներդրման և զարգացման ծրագրի շրջանակներում Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ֆրանսիայի Վերարտադրողական բժշկության ինստիտուտում (ք. Մարսել) անցել են վերապատրաստում և փորձի փոխանակում:
2001-2003թթ. Երևանի ՄՄԱՊԳՀԿ-ի բժիշկների հետ համատեղ ֆրանսիացի գործընկերների կողմից կազմակերպվել և անցկացվել են թրեյնինգներ (սեմինար-պարապմունքներ):
Կենտրոնի աշխատակիցները տիրապետում են վերարտադրողականության օժանդակ նոր մեթոդների և տեխնոլոգիաների իրականացման հմտությանը Մարսելի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի առաջատար մասնագետների շնորհիվ:
Այդ քրտնաջան աշխատանքը հատուցվեց հայկական բժշկության պատմության մեջ ՄՄԱՊԳՀԿ-ում կատարված արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխայի ծննդով. 2004թ. փետրվարի 5-ին կեսարյան հատման ճանապարհով ծնվեց եռյակ՝ աղջիկ՝ 2250գ զանգվածով, 45 սմ հասակով, տղա՝ 2550գ զանգվածով, 47 սմ հասակով, աղջիկ՝ 1890գ զանգվածով, 43 սմ հասակով:
Կենտրոնում ԱՄԲ-ի ներդրումն ու զարգացումը կանգ չի առել: Մասնագիտական գործունեության իրականացման այս տարիների ընթացքում ի հայտ են եկել բուժման նոր մոտեցումներ: ԱՄԲ-ի զարգացման հերթական փուլը հանդիսացավ սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման ԻՔՍԻ (ICSI) մեթոդի ներդրումը:
Առաջին հղիությունը ԻՔՍՒ մեթոդով կայացել է 2006 թվականին, իսկ 2007 փոտրվարի 8-ին ծնվեց տղա՝ 3530գ զանգվածով, 54 սմ հասակով:
Զուգահեռ իրականացվում է տղամարդկային անպտղության՝ օլիգոզոոսպերմիայի, աստենոզոոսպերմիայի, ազոսպերմիայի բուժման մեթոդների կատարելագործում: Ներդրվել է սերմի ստացման նոր փորձաեղանակների՝ էպիդիդիմիսից սերմնաբջիջների միկրովիրաբուժական ասպիրացիա (արտածծում) (MESA) և ամորձու հյուսվածքից սերմնաբջիջների էքստրակցիա (արտահանում) (TESЕ): TESЕ-ի իրականացումից հետո առաջին ծնունդը տեղի է ունեցել 2007թ. ապրիլի 29-ին: Ծնվեցին զույգեր՝ տղա՝ 1350 գ զանգվածով, 40 սմ հասակով և աղջիկ՝1160 գ, հասակը՝ 39 սմ:
2006 թվականից մեր կենտրոնում կատարում ենք սաղմերի կրիոկոնսերվացիա (սառցապահպանում): Այսպես, 2007թ. արդեն լույս աշխարհ են եկել երեխաներ՝ ծնված սառեցված սաղմերը արգանդի խոռոչ տեղափոխելուց հետո:
Համաձայն ՀՀ օրենսդրության ընդունած «Մարդու վերարտադրողական առողջությունը և վերարտադրողական իրավունքը» օրենքի, 2002թ.-ից ՄՄԱՊԳՀԿ-ում զարգացում ստացավ ԱՄԲ-ի մի նոր ուղղություն՝ «փոխնակ մայրության» ծրագիրը: Այսպես, 2006թ. կենսաբանական մոր, որի մոտ արգանդը բացակայում էր վերարտադրողական համակարգի զարգացման բնածին արատի հետևանքով (Մայեր-Կյուստներ-Ռոկիտանսկու համախտանիշ), բեղմնավորված ձվաբջիջները փոխնակ մոր արգանդ տեղափոխելու արդյունքում կայացավ հղիություն, որն ավարտվեց ժամկետային ծննդաբերությամբ զույգ պտղով՝ աղջիկներ՝3130գ ու 3380գ զանգվածով և 50 սմ հասակով՝ յուրաքանչյուրը:
Մեր կենտրոնում հաջողությամբ կիրառվում է նաև ձվաբջջի դոնացիա: Այն կանանց, որոնց մոտ ինչ-ինչ պատճառով (տարիք, ձվարանների վաղաժամ հյուծում, վիրաբուժական ամլացում) չեն արտադրվում ձվաբջիջներ, տեղադրվում են սաղմեր՝ բեղմնավորված դոնորական ձվաբջիջներով և ամուսնու սերմով: Այսօր ՄՄԱՊԳՀԿ-ը հանդիսանում է Հայաստանում միակ կենտրոնը, որտեղ անպտղության բուժման առավել կատարելագործված և արդյունավետ մեթոդի՝ ԱՄԲ-ի շնորհիվ, լույս աշխարհ են եկել ավելի քան 400 երեխաներ:
Մեր կենտրոնում հնարավոր է դարձել անպտղության տարբեր ձևերի բուժումը: Հաջողությամբ օգտագործվում են վերարտադրողական ժամանակակից տեխնոլոգիաները։
Հեռ.՝ +374 10 53 13 42
Թափուր աշխատատեղ՝ «Մարգարյան ծննդատանը». աշխատանքի ենք հրավիրում անեսթեզիստի՝ աշխատելու «Մարգարյան ծննդատան» մեր դինամիկ զարգացող թիմում......
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»