Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | 42-ամյա կնոջ արտամարմնային բեղմնավորմամբ ծննդաբերությունը կատարվել է ԱՄԲ նոր ծրագրի շրջանակում

42-ամյա կնոջ արտամարմնային բեղմնավորմամբ ծննդաբերությունը կատարվել է ԱՄԲ նոր ծրագրի շրջանակում

2022 Մար 01, Երեքշաբթի

2014-2015 թվականներից ՀՀ-ում սկսել է գործել արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) միջոցով զոհված զինծառայողների ընտանիքների մայրերի համար պետական հովանավորչության ծրագիրը:  Սակայն այն ժամանակ գործում էր տարիքային սահմանափակում՝ ծրագրից կարող էին օգտվել միայն մինչև 42 տարեկան կանայք:

Ներկայում, պատերազմից հետո, կառավարությունը հանել է այդ շեմը, և չկա տարիքային սահմանափակում: Կինը հետազոտվում է, և նորմալ ցուցանիշների դեպքում կատարվում են համապատասխան միջամտությունները:

Այս անգամ ԱՄԲ ծառայությունից օգտվելու համար Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն էր դիմել զոհված զինծառայողի մայր, 42-ամյա Սոնա Մանուկյանը: Կենտրոնի փորձառու և հոգատար բժիշկների ջանքերով նա շուտով տուն կվերադառնա Մանվելիկին գրկած` զոհված որդու՝ Սամվելի, կյանքի շարունակողը:

Արմեն Գասպարյան. Մոր և Մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն
 

ԱՄԲ ծրագրով հղիացել և ծննդաբերել է 42-ամյա կինը:  Ե՛վ մոր, և՛ երեխայի վիճակը նորմալ է, և պատրաստվում են տուն գնալ:
Այս ծրագիրը մեծահասակ շատ զույգերի կօգնի երեխա ունենալ: Ծրագրում միայն ԱՄԲ ֆինանսավորումը չէ՝ զույգի հետազոտության արդյունքում կարող է այլ միջոցառումների կարիք նույնպես լինել, հատկապես, երբ կնոջ տարիքը մեծ է: Հարկ լինելու դեպքում առաջարկվում են և ինսիմինացիա, և դոնորական ձվաբջջով բեղմնավորում։ 2022 թվականից  փոխնակ մայրության ծրագիրը  ևս իրականացվում է պետական հովանավորչությամբ։

Լուսինե Բալայան. մանկաբարձ-գինեկոլոգ

ԱՄԲ դրական արդյունքի տոկոսն իջնում է 35 տարեկանից հետո, իսկ 40-ն անց կանանց մոտ այն առավել ցածր է: Մեր կլինիկան դիմած Սոնա Մանուկյանն 42 տարեկան էր, բնականաբար, անհանգստությունը մեծ էր և կատարվում էր հնարավորը` դրական արդյունքի հասնելու համար: Կար իրավիճակը բարդացնող մեկ այլ հանգամանք ևս՝ հերոսի մայր Սոնա Մանուկյանը հոգեբանական ծանր վիճակում էր, շատ հուզված, միշտ արցունքն աչքերին… Երբեմն մենք նույնպես չէինք կարողանում զսպել հուզմունքը:

Աստծո օգնությամբ հասանք լավ արդյունքի, հենց առաջին փորձից՝ առաջին ՈՒՁ հետազոտման ժամանակ էկրանին երևաց մեկ էմբրիոն: Տեղադրվել էր երկու սաղմ, փաստորեն` մեկը զարգացել էր:

Դա Սոնայի երրորդ հղիությունն էր, որն ընթացավ նորմալ: Նա կրկնածին էր, չնայած 10 տարուց հետո հաջորդ ծննդաբերությունն արդեն առաջնածնի նման կարող էր ընթանալ… Նա ծննդաբերեց բնական ճանապարհով: Ծննդալուծման եղանակը միշտ որոշվում է ծննդաբերության ժամանակ՝ բժշկի վճռով, որը կայացվում է բոլոր առկա հանգամանքները հաշվի առնելու արդյունքում:

Աշխատել է հրաշալի թիմ՝ սաղմնաբանը Անժելա Հարությունյանն էր, ծնունդ ընդունող բժիշկը հետծննդյան բաժանմունքի բաժնի վարիչ Դավիթ Ղուկասյանն էր, իսկ արտամարմնային բեղմնավորման ղեկավարը պրոֆեսոր Օկոևն էր:

Դավիթ Ղուկասյան. հետծննդյան բաժանմունքի բաժնի վարիչ

Մանուկյան Սոնան մեր կլինիկայում երկար ճանապարհ է անցել՝ սկսած արտամարմնային բեղմնավորումից մինչև Մանվելիկի լույս աշխարհ գալը: Նա ծննդատուն ընդունվեց 22. 02. 2022-ին, զննումից հետո՝ հաշվի առնելով այդ պահին նրա վիճակը, ցավերը, երեխայի սրտի նորմալ բաբախյունը, որոշում կայացվեց ծննդալուծել բնական ճանապարհով: Աստծո շնորհիվ լույս աշխարհ եկավ 3800 գր քաշով առողջ, հրաշալի բալիկ Մանվելիկը, ով Սոնայի ընտանիքին կբերի ուրախություն և երջանկություն:

Սոնա մայրիկի հետծննդյան շրջանն ընթանում է հարթ, առանց բարդությունների, արգանդն անհրաժեշտ չափով կրճատված է, լուրջ վնասվածքներ չունի:
Առողջություն եմ ցանկանում փոքրիկին, առողջ բալիկ մեծանա, և ապրի իր և եղբոր փոխարեն:

Աստղիկ Քոչարյան. նեոնատոլոգ

Նորածինը ծնվել է 3800 գրամ քաշով, 53 սմ հասակով, ըստ Աբգարի սանդղակի գնահատվել է 9,9 բալ, վիճակը գնահատվել է բավարար, գտնվում է մոր հետ համատեղ, կերակրվում է կրծքով, առողջական խնդիրներ չունի:
Մենք բոլորս մանկիկին ցանկանում ենք առողջություն, երջանիկ մանկություն, անամպ և խաղաղ երկինք:

Սոնա Մանուկյան. փոքրիկի մայրը

Շատերն էին խորհուրդ տալիս կրկին երեխա ունենալ: Հասկանում էի ծանր կորստից հետո դրա անհրաժեշտությունը: Միայն երեխան կարող էր լույս բերել մեր օջախին: Վերջապես որոշում կայացրեցի դիմել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ` բժշկուհի մանկաբարձ-գինեկոլոգ Լուսինե Մանուկյանին, ով ինձ ուղորդեց Լուսինե Բալայանի մոտ: Հետո արդեն հանդիպեցի մյուս հրաշալի բժիշկներին` պրոֆեսոր Օկոևի գլխավորությամբ: Անչափ շնորհակալ եմ բոլորից: Նրանց շնորհիվ սկսվեց պլանավորված հղիությունը և ամեն բան ընթացավ առանց դժվարության:

Միակ դժվարությունը երեխայի անվան ընտրությունն էր. միայն երեկ ենք վերջապես որոշել, որ Մանվել պետք է դնենք՝ Սամվելին նման և նրան փոխարինող անուն:

Այժմ փոքրիկիս հետ շտապում ենք տուն գնալ: Մանվելիկին անհամբեր սպասում են ո՛չ միայն մեր ընտանիքում, այլ նաև բոլոր հարազատները, ծանոթները, համագյուղացիները:

Բոլորին խորհուրդ եմ տալիս չվախենալ մեծ տարիքում հղիանալուց և ցանկության դեպքում չխուսափել մայրանալու հրաշքից:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը