Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ֆոլաթթվի և մագնեզիումի կարևորությունը հղիության ժամանակ. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ

Ֆոլաթթվի և մագնեզիումի կարևորությունը հղիության ժամանակ. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ

2022 Հուն 20, Երկուշաբթի

Ինչո՞ւ է իր կարևորությամբ ֆոլաթթուն առանձնանում:
Հղիության ընթացքում լիարժեք սնունդը, վիտամինների և հանքանյութերի ընդունումը շատ կարևոր է: Սակայն կան ավելի կարևորագույն վիտամիններ և հանքանյութեր, որոնք առանձնահատուկ դեր ունեն նորմալ հղիության ընթացքի համար:

Դրանցից է ֆոլաթթուն՝ վիտամին B9-ը, որն անփոխարինելի է, և խորհուրդ է տրվում ընդունել բոլոր հղիներին: Դա ամրագրված է ԱՀԿ կողմից մշակված ուղեցույցներում: Ապացուցողական բժշկության վրա հիմնված հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոլաթթվի պակաս դիտվում է աշխարհի կանանց գրեթե կեսի մոտ: Մանկաբարձ-գինեկոլոգները խորհուրդ են տալիս ֆոլաթթու ընդունել դեռևս հղիության պլանավորման շրջանում և հղիության ընթացքում՝ հատկապես մինչև 13 շաբաթականը՝ առաջին եռամսյակում:

Ինչո՞վ է վտանգավոր ֆոլաթթվի պակասը:   
Ֆոլաթթուն մասնակցում է նյութափոխանակային բազմաթիվ գործընթացների, և նրա անբավարարությունը հղի կնոջ մոտ կարող է մի շարք ախտաբանական վիճակներ առաջացնել: Նրանից է կախված նաև պտղի նորմալ զարգացումը. պտուղը յուրացնում է մոր օրգանիզմի ֆոլաթթվի մեծ քանակությունը:

Ֆոլաթթվի պակասը կարող է պտղի ներարգանդային արատների զարգացման պատճառ դառնալ, որոնցից են նյարդային համակարգի արատները (ուղեղի թերզարգացումը, նյարդային խողովակի դեֆեկտները և այլն): Կարող են զարգանալ նաև այլ արատներ, օրինակ` քիմքի (գայլի երախ), սրտի արատներ:

Ֆոլաթթվի անբավարարությունը բարձրացնում է կրելախախտի, հեստոզի զարգացման վտանգը: Ներկայում շատ հղիների մոտ զարգանում են վասկուլոպաթիաներ՝ անոթային, ընկերքի անոթների արյան շրջանառության խանգարումներ, որոնք, ի վերջո, կարող են ընկերքի շերտազատման պատճառ լինել:

Ֆոլաթթվի անբավարարության ժամանակ ի հայտ ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս:
Ֆոլաթթվի պակասի ժամանակ հղի կնոջ մոտ առաջանում է մաշկային ծածկույթների գունատություն, գերհոգնածության զգացողություն, տրամադրության հաճախակի անկում, գլխուղեղի գործառույթների՝ հիշողության, ուշադրության և կենտրոնացման վատացում: Ֆոլաթթվի պակասը հղիի մոտ կարող է առաջացնել նաև սակավարյունություն:

Ի՞նչ հիմունքների վրա է նշանակվում ֆոլաթթու:
Ըստ ԱՀԿ ուղեցույցների, ֆոլաթթվի ընդունումը պետք է սկսել 2-3 ամիս առաջ` նախքան հղիության պլանավորումը: Դա հնարավորություն է տալիս լրացնել նրա պակասը և 75 տոկոսով կանխարգելել հնարավոր բարդությունները: Ընդունման տևողությունը և չափաքանակը որոշվում է հղիությունը հսկող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից` անհատական մոտեցմամբ:

Նախկինում խորհուրդ էր տրվում ֆոլաթթու ընդունել մինչև 12-13 շաբաթական հղությունը, սակայն ներկայում նշանակվում է նաև հղիության երկրորդ, երրորդ եռամսյակներում` հատկապես, եթե հղիի մոտ առկա են ժառանգական թրոմբոֆիլիայի տարբեր տեսակներ: Եթե անգամ հղին ֆոլաթթվի պակաս չունի, միևնույն է, նա պետք է ստանա ֆոլաթթու` հաբերի տեսքով:

Երբեմն B9 վիտամին տրվում է բավականին երկար ժամանակ, եթե առկա է ցուցում: Օրինակ` հղիի մոտ վասկուլոպաթիա, որովհետև ֆոլաթթվի անբավարարության արդյունքում՝ վասկուլոպաթիաներով պայմանավորված, կարող է առաջանալ ընկերքի վաղաժամ շերտազատում և, արդյունքում, վաղաժամ ծննդաբերություն:

Ընդհանրապես, հղիության ժամանակ ֆոլաթթվի խորհուրդ տրվող չափաբաժինը կազմում է օրական 400-600 միկրոգրամ (400 մկ/գր-ը կանխարգելիչ դեղաչափն է):  Որոշ դեպքերում՝ բարդացած մանկաբարձական անամնեզով կանանց  (կրելախախտ, պրէկլամպսիա, էկլամպսիա, արատով երեխա և այլն), բժիշկը դեղաչափը կարող է հասցնել մինչև 800 միկրոգրամի:  

Հնարավո՞ր է ֆոլաթթվի պակասը լրացնել սննդամթերքի միջոցով:
Ֆոլաթթվի պահանջը սննդով հնարավոր չէ բավարարել, բայց մասնագետները խորհուրդ են տալիս` դեղորայքի հետ համատեղ, սննդում ներառել ֆոլաթթու պարունակող մթերքներ: Ֆոլաթթու մեծ քանակությամբ պարունակում է լյարդը, ընդեղենը (ընկույզ, նուշ, պնդուկ), կանաչ բանջարեղենը (լոբի, թրթնջուկ, հազար և այլն):

Ո՞րն է մագնեզիումի դերը:
Հղիության ժամանակ այն նշանակվում է, որովհետև մասնակցում է օրգանիզմի նյութափոխանակային ու էներգետիկ գործընթացներին, և պատասխանատու է էներգիայի կուտակման համար այն օրգան-համակարգերում, որոնք ունեն միտոխոնդրիումների մեծ քանակ, ինչն անվանում են նաև ներբջջային «մարտկոցիկ»:

Մագնեզիումը կարգավորում է զարկերակային ճնշումը, բարելավում է նյարդային համակարգի աշխատանքը, հղիության ժամանակ՝ ազդելով բջջային մակադակով, նպաստում է արգանդի հիպերտոնուսի՝ լարվածության թուլացմանը, և նորմալ տոնուսի պահպանմանը:

Ապահովում է պտղի նորմալ զարգացումը, հանում է նյարդային լարվածությունը, հղիությունից առաջացած գերզգայունությունը, ունի հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա, օգնում է առողջ քուն ունենալուն, նվազեցնում է մկանային ջղակծկումների առաջացման վտանգը:

Ի՞նչ խնդիրներ են ի հայտ գալիս մագնեզիումի պակասի դեպքում:
Մագնեզիումի պակասը հետազոտությունների միջոցով դժվար է հայտնաբերել, որովհետև այն կարող է լինել նորմայի ստորին սահմանում, բայց հղի կնոջ օրգանիզմի համար այդ քանակը լինի անբավարար:

Մագնեզիումի պակասով պայմանավորված խանգարումները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինի դեպքում հղիի մոտ ախտանշաններն առավել արտահայտված են նյարդային համակարգի կողմից՝ գերգրգռվածություն, հուզական վիճակ: Դա արդյունք է այն բանի, որ մագնեզիումի պակասի ժամանակ մկանային բջիջները և նեյրոններն անընդհատ գտնվում են գերգրգռված վիճակում, որը բերում է՝ մի կողմից հուզական անկայունության՝ տրամադրության անկման, մյուս կողմից` մկանների ջղակծկումների, որոնք հղիների մոտ ավելի շատ արտահայտվում են ձկնամկանում:

Երկրորդ խմբում սիրտ-անոթային համակարգի խնդիրներն են, որոնք արտահայտվում են զարկերակային ճնշման կտրուկ անկմամբ (գլխացավ), հոգնածության զգացողությամբ: Կծկումային վիճակը կարող է բերել նաև սրտամկանի գերլարված աշխատանքի, որն արտահայտվում է սրտի ռիթմի խանգարումներով՝ առիթմիաներով:
 

Ըստ  վերջին տարիների հետազոտությունների` մագնեզիումի երկարատև պակասի դեպքում հղիի մոտ կարող է զարգանալ սակավարյունություն:

Մագնեզիումը որպես էներգափոխանակության գլխավոր կարգավորող, մեծ դեր ունի նաև պտղի նորմալ զարգացման համար, ուստի նրա պակասը վտանգավոր է նաև պտղի համար: Այն կարող է բերել ներարգանդային աճի դանդաղման: Պտղի և նորածնի մոտ կարող է մեծանալ շաքարային դիաբետի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման վտանգը:

Ինչպե՞ս է նշանակվում մագնեզիումը հղիության ժամանակ:
Մագնեզիումը կարելի է նշանակել (ըստ ցուցումների) հղիության փոքր ժամկետներից՝ 4-5 շաբաթականից մինչև 36 շաբաթականը: Մագնեզիումի պակաը կարող է առաջացնել արգանդի կծկումներ, որոնք կարող են վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ: ԱՀԿ վերջին շրջանում իրականացված հետազոտություններից պարզվել է, որ մագնեզիումի ընդունումը 4-5 շաբաթականից նվազեցնում է հղիության վաղաժամ ընդհատման վտանգը:

Մագնեզիումը հղիի օրգանիզմում լավ ներծծվում և յուրացվում է վիտամին B6-ի (պիրիդոքսին) առկայությամբ, որի շնորհիվ այդ հանքանյութը հեշտությամբ թափանցում է բջիջների մեջ և երկար պահպանվում այնտեղ: Այդ պատճառով մագնեզիումի պատրաստուկները հաճախ նշանակվում են B6-ի հետ համատեղ:
 

Ընդհանրապես, ոչ հղի կանանց համար մագնեզիումի օրական չափաբաժինը 280 մգ է, իսկ հղիության ժամանակ, ծննդաբերությունից հետո՝ կերակրման ժամանակ, նշանակվում է 360-400 մգ:

Մագնեզիումի պատրաստուկները նշանակում և չափաբաժինը որոշում է մանկաբարձ-գինեկոլոգը: Ինքնաբուժությամբ զբաղվել չի՛ կարելի:

Մագնեզիում պարունակում է բրինձը, սև հացը, լոբին, ձուն, բանանը, ընդեղենը, վարսակը, քունջութը, դդմի կորիզները:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը