Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հավելյալ սնունդ

Հավելյալ սնունդ

2023 Փետ 06, Երկուշաբթի

Երեխան մինչև վեց ամսականը հավելյալ սննդի կարիք չունի: Նորածնի իդեալական սնունդը մայրական կաթն է, որի միջոցով նա ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը․ վիտամինները, հանքային աղերը, հակամարմինները: Բայց եթե մոր կրծքի կաթն անբավարար է, արդեն պետք է այն լրացնել կաթնային խառնուրդներով:

Անկախ երեխայի բնական կամ արհեստական սնուցումից, համաձայն ԱՀԿ-ի ուղեցույցի, նրան մինչև 6 ամսականը հավելյալ սնունդ չի նշանակվում: Ավելի վաղ հավելյալ սնունդը տրվում է միայն բժշկական ցուցումով, մանկաբույժի խորհրդով:

Վեց ամսականից երեխայի օրգանիզմի պահանջը սննդային նյութերի նկատմամբ աճում է, և նրան այլևս բավարար չէ միայն մայրական կաթը: Այդ պատճառով անհրաժեշտ է սննդին աստիճանաբար, փոքր քանակներով ավելացնել հավելյալ սնունդ:

Հավելյալ սնունդը որակով նոր սնունդ է, որը բավարարում է երեխայի աճող օրգանիզմի պահանջները:

Հավելյալ սննդի մեջ մտնում են.

  • Բանջարեղենային խյուս
  • Շիլաներ
  • Կաթնամթերք /մածուն, բիոլակտ/
  • Ձվի դեղնուց
  • Սննդային հավելումներ՝ մրգա-հատապտղային հյութեր, խյուսեր, կաթնաշոռ:

Հավելյալ սննդի կանոնները

  • Հավելյալ սնունդը տրվում է կրծքի կաթով կերակրումից առաջ
  • Հավելյալ սննդի ամեն տեսակը պետք է տրվի աստիճանաբար, սկսած փոքր քանակից /10- 15 գր/ և հասցվի անհրաժեշտ քանակին 7-10 օրվա ընթացքում՝ լրիվ փոխարինելով կրծքի մեկ կերակրումը հավելյալով:
  • Միաժամանակ չի կարելի երկու կամ մի քանի նոր սննդատեսակ ավելացնել սննդին: Նոր սնունդն ավելացվում է միայն այն ժամանակ, երբ երեխան արդեն սովորել է նախորդին:
  • Տրվող կերակուրը պետք է լինի համասեռ և կլման դժվարություն չառաջացնի
  • Հավելյալ սնունդը պետք է տալ միայն գդալով
  • Հավելյալ սննդի ավելացմանը զուգահեռ կերակրման հաճախականությունը կրճատվում է
    մինչև 5-ի, այնուհետև 9 հիմնականի և երկու թեթև կերակրման՝ ըստ երեխայի
    ցանկության:
  • Հավելյալ սննդի ջերմաստիճանը պետք է հավասար լինի մայրական կաթի ջերմաստիճանին:
  • Անհրաժեշտ է հետաձգել հավելյալ սնունդը վակցինացիայի, հիվանդության կամ երեխայի տեղափոխության ժամանակ
  • Պետք է հետևել երեխայի մաշկի գույնին, այտուցների կամ ցանի առաջացմանը, կղանքի գույնին, հոտին, լորձի առկայությանը, և դրանց փոփոխության, երեխայի անհանգիստ վիճակի դեպքում անհրաժեշտ է ընդհատել հավելյալ սնուցումը և դիմել մանկաբույժի
  • Քաշի ավելցուկով երեխաներին տրվում են բանջարեղենային խյուսեր
  • Քաշի պակասի դեպքում հավելյալ սնունդը պատրաստվում է հացահատիկային կամ կաթնա-հացահատիկային հիմքով
  • Նոր սննդի համը կարող է զարմացնել երեխային․ պետք է նրան ժամանակ տալ հարմարվելու այդ նոր համերին: Պետք է հարգել երեխայի ընտրությունը: Անհրաժեշտ է համբերատար լինել և չկերակրել ստիպողաբար: Երբ նա արդեն կշտանալու նշաններ է ցույց տալիս, դադարեցրեք կերակրումը:
  • Խորհուրդ է տրվում երեխային տալ այն մթերքները, որոնք ընդունված են ընտանիքում՝ ըստ ընտանեկան ավանդույթների
  • Ցանկալի է, որ երեխան սնվի ընտանիքի անդամների հետ, նույն սեղանի մոտ
  • Պետք է թողնել, որ նա ուտի նաև իր ձեռքերով /լվացած/, գդալով, ափսեով, բաժակով և հնարավորինս պետք է խուսափել շշով կերակրումից:
  • Պետք է կրճատել աղի քանակը և փոշի ապուրների օգտագործումը
  • Խորհուրդ է տրվում կիսաֆաբրիկատների օգտագործումը հասցնել նվազագույնի

Ըստ մանկաբույժի ցուցումի՝ կարելի է տալ պոլիվիտամինային կոմպլեքսներ:

Սննդային հավելումների ներմուծման սխեման

Մրգա-բանջարեղենային հյութը տրվում է 7-8 ամսականից: Հյութը պետք է տալ կաթիլներից սկսած։ 7-10 օրվա ընթացքում այն հասցվում է անհրաժեշտ քանակի: Այն պետք է տալ կերակրումից հետո կամ երկու կերակրման մեջտեղում: Ցանկալի է օգտագործել թարմ հյութեր՝ այն նոսրացնելով ջրով 1:1-ի հարաբերությամբ: Բայց կարելի է օգտագործել նաև մանկական սննդի համար նախատեսված հյութեր:

Հյութերի ներմուծման հերթականությունը հետևյալն է՝ խնձոր, սալոր, ծիրան, դեղձ, բալ, սև հաղարջ, նուռ, կիտրոն, գազար, բազուկ, կաղամբ: Ցիտրուսների, լոլիկի, ելակի, ազնվամորու և մերձարևադարձային պտուղների հյութեր /մանգո, պապայա և այլն/ չպետք է տալ 11-12 ամսականից ավելի վաղ: Վաղ պետք չէ տալ նաև խաղողի հյութը, քանի որ այն կարող է փորիկի վքնածություն առաջացնել:

Մրգա-հատապտղային խյուսերը տրվում են 7 ամսականից: Խյուսը պետք է տալ 0,5 թեյի գդալից սկսած և 7-10 օրում հասցնել մինչև օրվա չափաքանակին: Անհրաժեշտ է այն տալ կերակրումից հետո կամ 2 կերակրումների մեջտեղում: Օգտագործվում են ինչպես թարմ պատրաստված, այնպես էլ՝ կոնսերվացված խյուսեր՝ նախատեսված մանկական սննդի համար:

Ձվի դեղնուցը տրվում է 8-9 ամսականից սկսած: Անհրաժեշտ է սկսել ¼ -ից: Կարելի է տալ ամեն օր ½-ից մինչև 1 տարեկանը կերակրումից առաջ՝ նախապես խառնելով կաթին կամ հավելյալ սննդին:

Կաթնաշոռը միացվում է կերակրմանը 9-10 ամսականից: Այն պետք է սկսել 5 գրամից /1 թեյի գդալ/՝ 1 ամսվա ընթացքում աստիճանաբար հասցնելով մինչև 20 գրամի: 1 տարեկանում այն արդեն պետք է լինի 50-70 գրամ: Կաթնաշոռը պետք է տալ կերակրման վերջում:

Հիշեք.

  • Կաթնարտադրությունը պահպանելու համար հավելյալ սննդից հետո ցանկալի է երեխային նաև կրծքի կաթ տալ
  • Երեխայի առողջական լավ վիճակի և մայրական կաթի բավարար քանակի դեպքում հավելյալ սնունդը պետք չէ տալ մինչև 6 ամսականը:
  • Հավելյալ սննդի /ոչ կաթնային /շիլա, խյուս/ պատրաստման համար լավագույն նոսրացնող հեղուկը հանդիսանում է կրծքի կաթը կամ հարմարեցված /ադապտացված/ կաթնային խառնուրդը:

Երեխայի պատրաստ լինելու նշանները կոշտ սննդին

  • Երեխան նստում է հենվելով
  • Գլուխը լավ է պահում
  • Ցուցաբերում է ակտիվություն, երբ նրան մոտեցնում են կերակուրը
  • Կարող է բերանում սնունդը ինքնուրույն շարժել
  • Ձեռքերը և այլ առարկաներ տանում է դեպի բերան

Սննդի անվտանգություն

  • Սնունդը պետք է լինի մաքուր
  • Հում և պատրաստված կերակուրները պետք է պահել առանձին
  • Կերակուրը պետք է պատրաստել առանց շտապելու
  • Սնունդը անհրաժեշտ է պահել անվնաս ջերմաստիճանի պայմաններում
  • Սննդի պատրաստման ժամանակ պետք է օգտագործել մաքուր ջուր և մթերք։
  • Սնունդը պետք չէ տաքացնել միկրոալիքային վառարանում
  • Չտալ այնպիսի սնունդ, որից երեխան կարող է խեղդվել
  • Կոշտ բանջարեղենը և միրգը անհրաժեշտ է լավ մանրացնել
  • Կլոր մթերքը՝ խաղող, նրբերշիկ, պետք է երկարությամբ կտրատել
  • Մինչև հինգ տարեկանը երեխային պետք չէ տալ արևածաղկի սերմ կամ ընդեղեն
  • Ձուկը կարևոր սննդամթերք է, սակայն այն պետք է լավ մաքրել փշերից և ոսկրերից
  • Մինչև մեկ տարեկանը մեղր չի թույլատրվում երեխաներին

Ըմպելիքը

  • Մինչև մեկ ու կես տարեկանը երեխայի ջուրը պետք է եռացվի
  • Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի
  • Պետք է խուսափել քաղցրացրած ըմպելիքներից՝ թեյ, գազավորված ըմպելիք
  • Սոյայի ըմպելիք, բրնձի կաթ խորհուրդ չի տրվում տալ որպես կաթի փոխարինողներ։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը