Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | ՀՀ-ում առկա վարակները և նրանց ազդեցությունը հղիների վրա․ հարցազրույց Մերի Տեր-Ստեփանյանի հետ

ՀՀ-ում առկա վարակները և նրանց ազդեցությունը հղիների վրա․ հարցազրույց Մերի Տեր-Ստեփանյանի հետ

2023 Հոկ 27, Ուրբաթ

Ի՞նչ վարակներ են աշնանային այս սեզոնին առկա մեր հանրապետությունում։

Արդեն ունենք սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվացում, ինչը միշտ դիտվում է ցուրտ եղանակին՝ աշնան երկրորդ կեսից սկսած, ապա ձմռան և գարնան ամիսներին: Այդ շրջանում մարդիկ ավելի շատ գտնվում են փակ տարածություններում, որտեղ օդափոխություն չկա կամ քիչ է, ինչի արդյունքում օդակաթիլային հիվանդություններն ավելի ակտիվ են տարածվում: Համաձայն տարբեր հետազոտությունների, ներկայում Հայաստանում կա սուր շնչառական վարակներով հիվանդացության վերելք, ընդհանուր համաճարակային շեմը գերազանցում է 1,3 անգամ, և հիվանդությունների գերակշիռ մեծամասնությունը քովիդ-19-ի օմիկրոն տարբերակն է, բոկավիրուսը, ռինովիրուսը: Գրիպ դեռևս չի արձանագրվել, սակայն սեզոնը նոր է սկսվում և ամեն ինչ դեռ առջևում է:

Հայաստանում այս տարվա մարտ ամսից նկատվում է նաև կարմրուկի դեպքերի աճ․ արդեն հաստատված է 460 դեպք: Մինչև այդ կարմրուկի  առումով լուրջ ձեռքբերումներ ունեինք․ տարիներ շարունակ ՀՀ-ն եղել է էլիմինացիայի հասած գոտի, մեզ մոտ դադարել էր վիրուսի տեղական փոխանցումը, և կարմրուկ, ընդհանրապես, չէր գրանցվում: Սակայն աշխարհում համաճարակային իրավիճակի ակտիվացման և քովիդի պանդեմիայի ընթացքում պլանային պատվաստումների թերացման արդյունքում մենք ընդգրկվեցինք այն երկրների շարքում, որտեղ գրանցվեցին նաև տեղական դեպքեր: Եթե կարմրուկի առկա միտումը շարունակվի առաջիկա ամիսների ընթացքում ևս, և Հայաստանում 12 ամիս շարունակ գրանցվի կարմրուկ, ապա կկորցնենք էլիմինացիայի կարգավիճակը:

Ինչ վերաբերում է տարիքային խմբերին, ապա հիվանդացությունն ավելի բարձր է երեխաների շրջանում, և դեպքերի 70 տոկոսը գրանցվել է 0-18 տարեկանների շրջանում, որի կեսից ավելին կազմում են մինչև 4 տարեկան երեխաները:

Փաստորեն, քովիդը դարձյալ լուրջ խնդի՞ր է մեր հանրապետությունում։

Այո, նկատվում է քովիդի դեպքերի աճ, դա Հայաստանում արդեն 8-րդ ալիքն է: Եվ օրերս առողջապահության նախարարությունը հրաման է ուղարկել բուժհաստատություններին՝ խստացնելու հակահամաճարակային ռեժիմը սուր ռեսպիրատոր վարակների առումով: Ավելի խստացվում է հիվանդանոցային պայմաններում անհատական պաշտպանիչ միջոցների (դիմակների) կրումը, որպեսզի վարակի փոխանցումը կառավարելի լինի:

Բարեբախտաբար, տարածված է օմիկրոն շտամը, որն ավելի քիչ է առաջացնում թոքաբորբ և բարդություններ, և հիվանդության տևողությունն ավելի կարճ է՝ 3-4 օր, քան նախորդ՝ ալֆա և դելտա շտամների դեպքում: Բայց, միևնույն է, դիտվում են քովիդին բնորոշ ախտանշանները՝ ընդհանուր թուլություն, մկանացավեր, գլխացավ, հևոց, կատարալ երևույթներ:

Այժմ ավելի լուրջ է վերաբերմունքը հղիների քովիդով հիվանդանալուն: Եթե վարակի սկզբում համարվում էր, որ հղիները ռիսկի խմբում չեն, ապա ավելի ուշ պարզ դարձավ, որ քովիդը հղիների համար բավականին վտանգավոր է, որը կարող է հանգեցնել վաղաժամ ծծնդաբերությունների, առաջացնել վիժման սպառնալիք, երեխայի մոտ արտահայտվել ներարգանդային վարակի տեսքով: Սա այն հիվանդություններից է, որն անգամ թեթև ընթացքի դեպքում ցանկալի չէ հղիության ընթացքում:

Հղիության ո՞ր ժամկետներում է քովիդն ավելի վտանգավոր։

Այդ առումով կան տարբեր հետազոտություններ: Իհարկե, սովորաբար, վիրուսային վարակներն ավելի վտանգավոր են պտղի ձևավորման փուլում, այսինքն, առաջին եռամսյակում, և ծննդաբերությանը մոտ ժամանակահատվածում, որը երրորդ եռամսյակում է: Բայց ցանկացած շրջանում էլ քովիդը կարող է վտանգավոր լինել:

Ժամանակի ընթացքում հղիների մոտ փոխվե՞լ է վիրուսների ազդեցությունը։

Կան դասական, սպեցիֆիկ վարակներ, մեկ հարուցիչ ունեցող, որոնք առաջացնում են մեկ հիվանդություն (կարմրուկ, կարմրախտ և այլն), որոնց ազդեցությունը հղիների վրա տարիների ընթացքում բազմիցս հետազոտվել է: Օրինակ, կարմրախտը հղիների համար ամենաանցանկալի օդակաթիլային վարակն է, և, չնայած հղիի մոտ այն թեթև ընթացք ունի, խիստ վտանգավոր է պտղի համար: Վտանգը մեծ է հատկապես առաջին եռամսյակում, և հիվանդության արդյունքում պտղի արատների ձևավորման հավանականությունը հասնում է մինչև 80 տոկոսի: Կարմրախտն առաջին եռամսյակում բացարձակ ցուցում է հղիության ընդհատման համար:

Առայժմ կարմրախտի տարածվածություն մեր երկրում չի արձանագրվում:

Վերջին տարիներին դիտվում է կարմրուկի ակտիվացում նաև մեծահասակների շրջանում. որքանո՞վ է այն վտանգավոր հղիության ընթացքում

Եթե հղի կինը շփվել է կարմրուկով հիվանդի հետ և երկու դեղաչափով պատվաստված չէ կամ կարմրուկով չի հիվանդացել, ապա հետկոնտակտային շրջանում նրան կանխարգելիչ պատվաստում կենդանի պատվաստանյութով չի թույլատրվում: Դա խնդիր է մեր երկրի համար, քանի որ մենք դեռևս իմունոգլոբուլինի հասանելիություն չունենք, որով իրականացվում է հղիների հետկոնտակտային կանխարգելումը, իսկ կենդանի պատվաստանյութը հղի կնոջը հակացուցված է: Դրա համար հղիները առավելագույն պետք է զգուշանան շփվել կարմրուկով հիվանդների հետ:
2024-ին նախատեսվում է մեր ազգային օրացույց ներդնել ջրծաղիկի պատվաստանյութը: Տարիներ շարունակ հղիների մոտ ջրծաղիկի առումով խնդիրներ ենք ունենում:

Այս դեպքում նույնպես ծննդաբերությանը մոտ ժամկետներում վարակվելը խիստ ռիսկային է: Պատվաստանյութի ներդրումը բավականին կմեղմի ընդհանուր համաճարակային ֆոնը, և մեր հղի կանայք նույնպես կլինեն ապահովագրված: Երբ ընդհանուր բարձր վարակվածություն այլևս չլինի, խոցելի թիրախային խմբերը ևս ապահով կլինեն:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից։

Հղիները պաշտպանվելու համար վարակների սեզոնային վերելքի շրջանում պետք է քիչ այցելեն մարդաշատ հասարակական վայրեր, անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ կրեն փակ տարածքներում, պահպանեն ձեռքերի հիգիենան և անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը:  

Հղիության ընթացքում վտանգավոր է նաև գրիպով հիվանդանալը, քանի որ հղիների դիմադրողականությունն ավելի թույլ է, ծանր են տանում և թոքաբորբի զարգացման հավանականությունը նրանց մոտ բավականին բարձր է: Հղիներին խորհուրդ եմ տալիս պատվաստվել գրիպի դեմ, որի պատվաստանյութն առկա է ՀՀ-ում․ այն միանգամայն անվտանգ է և փորձարկված՝ տարիեր շարունակ: Պատվաստվել կարելի է ցանկացած եռամսյակում: Կնոջ պաշտպանվածությունից բացի, հակամարմինները փոխանցվելով պտղին, պաշտպանում են նաև նրան:

Հիվանդության դեպքում ինչպե՞ս պետք է վարվի հղին։

Հղին ոչ մի դեպքում պետք է չզբաղվի ինքնաբուժմամբ, անմիջապես պետք է դիմի իր մանկաբարձ-գինեկոլոգին, որպեսզի հետագա ընթացքը, տարբեր հետազետությունները, ախտորոշումը, նեղ մասնագետների խորհրդատվությունները կազմակերպվեն ժամանակին և ճիշտ:


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը