Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով

Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով

2023 Դեկ 11, Երկուշաբթի

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց գիտաժողով՝ «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով։ Գիտաժողովին մասնակցում էին Ռուսաստանից և Վրաստանից ժամանած բանախոսներ։  

Կարինե Առուստամյան, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ․գ․դ․, պրոֆեսոր

Գիտաժողովը նվիրված էր պրակտիկ և տեսական բժիշկների համար շատ կարևոր հարցին՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանշին (ՁՊՀ): ՁՊՀ-ը ամենատարածված էնդոկրին ախտաբանություններից է, ինչը հանդիսանում է կանանց դաշտանային ֆունկցիայի և էնդոկրին անպտղության կարևոր պատճառներից մեկը։ Այս համախտանշի տարածվածությունը ողջ աշխարհում տատանվում է 5-21%-ի սահմաններում։ Այն հաճախ ուղեկցվում է ինսուլինառեզիստենտականությամբ, ճարպակալմամբ, և հեռահար ազդեցություն ունի կնոջ առողջության վրա նույնիսկ դաշտանադադարի տարիքում՝ դառնալով  շաքարախտի, զարկերակային գերճնշման, էնդոմետրիումի քաղցկեղի, մենթալ առողջության ռիսկի գործոն։ Այս պատճառով էլ խնդիրը չափազանց կարևորվում է մանկաբարձ-գինեկոլոգների շրջանում։

Անգամ անպտղության արտամարմնային բեղմնավորման մեթոդով  բուժման ընթացքում ՁՊՀ-ով կանանց մոտ հնարավոր է այնպիսի բարդության առաջացում, ինչպիսին է ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշը, իսկ նման  կանանց մոտ հղիության ժամանակ  կարող են առաջ գալ գեստացիոն դիաբետ, հիպերտենզիա, պրեկլամսիա և այլն։

Կանայք հիմնականում բժշկի դիմում են դաշտանային ցիկլի խանգարումների և անպտղության,  քաշը դժվարությամբ նվազեցնելու պատճառով,ինչպես նաև  երբ ունենում են լուրջ խնդիրներ՝ կապված ախտաբանական մազակալման, մաշկի փոփոխությունների հետ, որոնք բոլորը միասին բացասաբար են անդրադառնում կնոջ կյանքի որակի վրա։

Գիտաժողովի ընթացքում հնարավորինս փորձել ենք ներկայացնել այս խնդիրները, դրանց լուծման մոտեցումները՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա։ Չենք մոռացել էսթետիկ բժշկության մասին, որովհետև կանանց շատ են անհանգստացնում ախտաբանական մազակալումը, դեմքի ցանավորումը և ճարպակալումը: Կարծում եմ, որ գիտաժողովը գործնական և գիտական լուրջ օգնություն կլինի բժիշկների համար։  

Վիկտորիա Կասյան, բ․գ․թ․, դոցենտ, մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Ռուսաստանի բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոն  

Գիտաժողովը նվիրված էր ձվարանների պոլիկիստոզ համախտանշին։ Մի կողմից սա շատ պարզ և բավականին տարածված հիվանդություն է, մյուս կողմից այս հիվանդությունը շարունակում է հանելուկ մնալ, քանի որ այս համախտանիշը  հանդես է գալիս տարբեր դիմակներով։ Եվ մենք չունենք երկու միանման համախտանիշով բուժառու, նաև պատկերը փոխվում է կյանքի ընթացքում։

Դեռահասները այլ խնդիրներով են դիմում, վերարտադրողական տարիքի կանայք՝ միանգամայն այլ, բարձր տարիքում՝ բոլորովին այլ։ Ուստի մանկաբարձ-գինեկոլոգը պետք ունենա գիտելիք ո՛չ միայն վերարտադրողական համակարգի կարգավորման վերաբերյալ, այլև այն մասին, թե ինչպես վարել կին բուժառուին, երբ նրա օրգանիզմում տղամարդու հորմոններն են գերակշռում։

Իննա Պերսոյան, բ․գ․թ․, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, «Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի» նախագահ

ՁՊՀ թեման շատ ծավալուն է, որին ամբողջ գիտաժողովն էր նվիրված՝ տարբեր ասպեկտներից։ Ես  անդրադարձել եմ մետաբոլիկ համախտանշին: Գիտնականներն այն եզրակացությանն են հանգել, որ կանանց 20 տոկոսը կարող է ունենալ ՁՊՀ։ Նախկինում գինեկոլոգները ուշադրություն էին դարձնում անօվուլյացիային և անպտղությանը,  այդ կանայք այցելում էին նաև մաշկաբաններին ու կոսմետոլոգներին՝ հիպերանդրոգենիայի խնդիրներով (ակնե, դեմքի և մարմնի մազակալում, ավելի քիչ հանդիպող մազաթափություն և այլն)։  

Դեռևս 1987-ին գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ՁՊՀ-ի հիմքում ճարպային փոխանակության խանգարումներն են, ուստի վերանայվել են մոտեցումները։ Մետաբոլիկ համախտանշի հիմքում ՁՊՀ է։ Մետաբոլիկ համախտանիշն ունի իր ցուցանիշները։ Կանանց մի մասն ունի ճարպակալում, մյուս մասը՝ ոչ։ Եթե առկա է ճարպակալում կամ ճարպային փոխանակության խանգարում, ապա այն նաև տարիքային այլ հիվանդությունների հիմքն է։ Նման դեպքերում մենք պետք է բուժենք կանանց մետաբոլիկ խանգարումները։ Առաջինը՝ կինը պետք է նվազեցնի քաշը՝ փոխելով իր կենսակերպը։ Դրական արդյունք չունենալու դեպքում նշանակվում է դեղորայքային բուժում, որը ներկայում բավականին արդյունավետ է։

Խոսել եմ նաև կանանց մասին, որոնք արդեն մոտ են մենոպաուզալ տարիքին։ Պետք է այդ շրջանում բարձրացնել նրա կյանքի որակը,պարզել հորմոնալ դեղեր նշանակելու անհրաժեշտությունը, և ընդհանրապես, հնարավորինս օգնել նրան։

Անի Մորչիլաձե, բ․գ․դ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Արտամարմնային բեղմնավորման բաժանմունքի վարիչ, «Gagua Clinic», ք. Թբիլիսի, Վրաստան

Երևան գալու մեր առաքելությունը մասնագիտական քննարկումն է և նոր տեղեկությունների փոխանակումը։ Ես խոսել եմ Ինոզիտոլի մասին, որը կիրառվում է ՁՊՀ-ով կանանց մոտ հղիության ընթացքում ՝ կանխելու գեստացիոն շաքարային դիաբետի զարգացումը:  

Գեստացիոն շաքարային դիաբետն աճող խնդիր է ամբողջ աշխարհում, հիվանդություն, որն առաջանում է հղիության ժամանակ և շատ բնորոշ է ՁՊՀ-ով կանանց: Պետք է հաշվի առնել, որ այն ուղեկցվում է մայրական պերինիտալ բարդություններով։ Դա խոշոր պտղի ծնունդն է, որպես բարդություն կարող է առաջանալ պրեկլամսիա, արյան զարկերակային գերճնշում հղիության ժամանակ, վաղաժամ ծննդաբերության ռիսկ և այլն։

Լյուդմիլա Բարբակաձե, բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, Ա․Խոմասուրիձեի ռեպրոդուկտոլոգիայի ինստիտուտ, Արտամարմնային բեղմնավորման և մարդու վերարտադրողական առողջության կլինիկա, ք․ Թբիլիսի, Վրաստան

Երևանում էլի եմ եղել։ Ինձ համար շատ հաճելի է  սեփական փորձս գործընկերներիս հետ փոխանակելը։ Իմ զեկույցի շրջանակում խոսել եմ անպտղություն ունեցող բուժառուների մասին, որոնց մոտ ախտորոշված է ՁՊՀ։

Այս համախտանիշը բավականին տարածված է և, ինչպես հայտնի է, առաջացնում է անպտղություն։ Խոսել եմ նաև նորարական մոտեցումների, բուժման ռազմավարության մասին։  

Կարինե Կիրակոսյան, բ․գ․դ., պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, Աստղիկ ԲԿ, Երևանի պետական բժշկական համալսարան

Տասնամյակներ են անցել ՁՊՀ-ի ախտորոշումից ի վեր, սակայն մինչև օրս այն հանելուկ է մնում։ Եվ այսօր շատ ակտուալ են ո՛չ միայն ախտորոշման, այլև բուժման խնդիրները։ Իմ զեկուցման մեջ անդրադարձել եմ այն խնդրին, թե ինչպես կարելի է մասամբ զերծ մնալ ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանշի առաջացումից՝ արտամարմնային բեղմնավորման ժամանակ, երբ առկա է անպտղություն, ինչպես խուսափել մեծ բարդություններից ու սահմանափակվել, այսպես ասած, փոքր բարդություններով։

 

Գիտաժողովին ելույթներ ունեցան նաև բ.գ.թ. , պրոֆ. Կարինե Թոխունցը, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, բժիշկ-մաշկաբան Լիլիթ Գևորգյանը:  

Գիտաժողովին մասնակցում էին բժիշկներ Երևան քաղաքի և հանրապետության մարզերի բուժհաստատություններից: Այն անցավ ակտիվ մասնագիտական քննարկումներով:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը