Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Մասնագետների համար | Արգանդի միոմայի կապակցությամբ կատարված հիստերէկտոմիայի ազդեցությունը կնոջ կյանքի որակի վրա

Արգանդի միոմայի կապակցությամբ կատարված հիստերէկտոմիայի ազդեցությունը կնոջ կյանքի որակի վրա

2019 Ապր 07, Կիրակի

Աշխարհի շատ երկրներում հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված գինեկոլոգիական վիրահատություններից մեկը: Այս վիրահատությունը առավել հաճախ կատարվում է կնոջ շուրջ դաշտանադադարային շրջանում: Վերջինս բնութագրվում է օրգանիզմի տարիքային ինվոլյուցիայի ֆոնի վրա վերարտադրողական համակարգի ֆունկցիայի աստիճանաբար նվազմամբ: Վաղ հետդաշտանադադարային շրջանում դաշտանային ֆունկցիայի ավարտման պայմաններում պահպանվում է ձվարանի նվազագույն հորմոնաարտադրումը [4,10]: Կնոջ կյանքի այս շրջանում կատարվող հիստերէկտոմիան անխուսափելիորեն բերում է հոմեոստազի խանգարման, օրգանիզմի բոլոր մակարդակներում ադապտացիոն պրոցեսների ճնշման, կլիմակտերիկ խանգարումների խորացման [6]:

Կանանց 50%-ի մոտ դաշտանադադարը սկսվում է 45-50 տարեկանում, 25%-ի մոտ` 45 տարեկանում և 25%-ի մոտ` 50 տարեկանից հետո [2,8,9]:

Հիստերէկտոմիայի առավել հաճախ ցուցումներից է արգանդի միոման, որը կլինիկորեն արտահայտվում է 30 տարեկանից բարձր կանանց 20%-ի մոտ: Ախտաբանաանատոմիական և հյուսվածաբանական հե-տազոտությունների տվյալներով վերը նշված ախտահարման տարածվածությունը կազմում է 50% [5]: Մինչև 40 տարեկան հասակը վիրահատական բուժման են ենթարկվում արգանդի միոմայով հիվանդ կանանց քառորդ մասը: Ընդ որում, 60-90% դեպքում կատարվում է տոտալ հիստերէկտոմիա [3,7]: Արգանդի միոմայի առավել բնորոշ ախտանիշներից են դաշտանային ֆունկցիայի խանգարումները` առատ և հաճախակի դաշտանը և հարևան օրգանների ճնշման ախտանիշները [5]:

Վերը նշվածից երևում է, որ ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հիստերէկտոմիայից հետո կանանց մոտ արձանագրվում եմ ախտանիշներ, որոնք չեն կարող չանդրադառնալ նրանց կյանքի որակի վրա:

Ուստի, տվյալ աշխատանքի նպատակն է գնահատել կնոջ կյանքի որակը հիստերէկտոմիայից հետո:

Աշխատանքի նյութը և մեթոդները:

Հսկողության տակ են գտնվել 32-ից 64 տարեկան 102 կին, որոնց միջին տարիքը կազմել է 48.1(0.5 տարի: Կանանց հասակը տատանվում էր 146-ից մինչև 175 սմ-ի սահմաննե-րում` կազմելով միջինը 165.2(2.1սմ: Հիվանդների մարմինի քաշը տատանվում էր 62-87 կգ-ի սահմաններում` կազմելով միջինը 75.6(1.2 կգ: Անամնեստիկ տվյալների համաձայն արգանդի միոմայի հայտնաբերման վաղե-մությունը հետազոտվածների 70%-ի մոտ չի գերազանցել երկու տարի: Արգանդի միոմայի միջին չափերը համապատասխանել են 14-15 շաբաթական հղիության ժամկետին: Բոլոր կանայք ենթարկվել են վիրահատու-թյան` (արգանդի էքստիրպացիա հավելումներով) արգանդի միոմայի կապակցությամբ:

Իրականացվել են կանանց կլինիկո-լաբորատոր, գինեկոլոգիական հետազոտություններ: Կնոջ կյանքի որակը գնահատվել է ըստ Վ.Ի.Կուլակովի և համահեղ. (1999) կողմից մշակված հարցաշարանի: Այն ընդգրկում է 10 ընդհանուր հարցեր և 35 ենթահարցեր, որոնք վերաբերում են ֆիզիկական ակտիվությանը (6 հարց), հոգե-բանական վիճակին (8 հարց), սոցիալական ֆունկցիային (4 հարց), դերային ֆունկցիային (6 հարց), սեքսուալ ֆունկցիային (5 հարց), առողջության վիճակի ընդհանուր ինքնագնահատմանը (6 հարց) և կյանքի որակի ընդհանուր ինքնագնահատմանը: Գնահատումը իրականացվել է բալային համակարգով: Հիվանդները պատասխանել են հարցերին ըստ հետևյալ սանդղակի. 1բալ - աննշան, երբեմն, 2բալ-միշտ աննշան, 3բալ-միջին աստիճան, 4բալ - բարձր, 5բալ-ուժեղ: Ստացված արդյունքները ենթարկվել են վիճակագրական անալիզի վարիացիոն վիճակագրության համընդհանուր ճանաչում գտած մեթոդներով: Միջին թվաբանական տարբերությունների հավաստիությունը գնահատվել է Ստյուդենտի t-թեստով (Ա.Մ. Հարությունյան, 2000):

Աշխատանքի արդյունքները և քննարկումը: Կնոջ կյանքի որակի համեմատական գնահատման արդյունքները մինչ վիրահատությունը և դրանից 3 և 6 ամիս անց ներկայացված են թիվ 1 աղյուսակում:

Աղյուսակ 1 Կյանքի որակի գնահատման արդյունքները

Կյանքի որակի գնահատման բաղադրիչներ

Մինչ վիրահատությունը

Վիրահատությունից 3 ամիս անց

Վիրահատությունից 6ամիս անց

Կանանց թիվը

%

Կանանց թիվը

%

Կանանց թիվը

%

Ֆիզիկական ակտիվություն

53

51,9

15

14,7

2

1,9

Հոգեկան վիճակ

58

56,8

13

12,7

18

17,6

Սոցիալական ֆունկցիա

10

9,8

4

3,9

4

3,9

Դերային ֆունկցիա

28

27,4

8

7,8

4

3,9

Սեքսուալ ֆունկցիա

22

21,5

12

11,8

8

7,8

Առողջության ընդհանուր գնահատում

60

58,8

28

27,4

20

19,6

Կյանքի գնահատման ընդհանուր որակ

42

41,2

16

15,6

14

13,7

Հետազոտվող կանանց ֆիզիկական ակտիվությունը գնահատվել է հոգնածության, թուլության, կենսական էներգիայի, ֆիզիկական ուժի, օրվա ընթացքում անկողնային ռեժիմի հիման վրա:

 Վիրահատությունից առաջ ֆիզիկական ակտիվության նվազում, որն արտահայտվել է ընդհանուր թուլության, կենսական էներգիայի պակասի, անկողնային ռեժիմի ձևով նշել են 53 կին (51,9%): Այն հիմնականում պայմանավորված էր արյան մեծ կորստով, անէմիայով և գնահատվել է միջինը 2,3 բալ (միշտ և հակում ուներ մոտենալու միջին ծանրության)։ Վիրահատությունից 3 ամիս անց դիտվել է ընդհանուր ֆիզիկական վիճակի բարելավում. գանգատներ են նշել միայն 15 կին (14,7%), որոնց արտահայտվածության աստիճանը միջինը կազմել 1,6 բալ: Վիրահատությունից 6 ամիս անց ֆիզիկական ակտիվության փոփոխություն են նշել միայն 2 կին (1,2 %), որոնց արտահայտվածության աստիճանը գնահատվել է միջինը 1 բալ։ Այսինքն, ֆիզիկական ակտիվության նվազումը եղել է ոչ միշտ և աննշան: Հետևաբար, ստացված արդյունքները վկայում են, որ հիստերէկտոմիայից հետո տեղի է ունենում կանանց ֆիզիկական ակտիվության զգալի վերականգնում: 

Նմանատիպ դինամիկա է արձանագրվում նաև կանանց հոգեկան վիճակի մեջ. մինչ վիրահատությունը հոգեկան վիճակի փոփոխություններից (ճնշվածության զգացում, դեպրեսիվ վիճակ, ունայնություն) գանգատվել են 58 կին (56,8%): Վերջինիս ինտենսիվությունը միջինը կազմել է 2,4 բալ: Այն մոտենում էր միջին աստիճանի ծանրության և, ըստ երևույթին, պայմանավորված էր նախավիրահատական հուզմունքով: Այսինքն, կանանց մինչվիրահատական հոգեկան վիճակը կարելի է գնահատել որպես սթրեսային ռեակցիա վիրահատության նկատմամբ: Վիրահատությունից 3 և 6 ամիս անց դիտվել է հոգեկան վիճակի բարելավում: Այսպես, հոգեկան վիճակի փոփոխություններ են նշել 13 (12,7%) և 18 (17,6%) կանայք վիրահատությունից համապատասխանա-բար 3 և 6 ամիս անց։ Հետվիրահատական շրջանում կանանց հոգեկան դիսկոմֆորտը հիմնականում պայմանավորված էր անքնությամբ, ջերմահորդանքով և վազոմոտոր այլ ախտանիշներով` կապված էստրոգենային անբավարարության հետ:

Մինչ վիրահատությունիը հետազոտվող կանանց 9,8%-ի մոտ դիտվել է սոցիալական ֆունկցիայի խանգարում, որն արտահայտվել է ընկերների և այլ մարդկանց հետ հանդիպման սահմանափակումով, իսկ արտահայտվածության աստիճանը գնահատվել է միջինը 2 բալ: Հետվիրահատական շրջանի երրորդ և վեցերորդ ամսում կատարված հարցումների տվյալներում դիտվել է վերը նշված խանգարումների նվազում մինչև 3,9%: Ինչ վերաբերում է դերային ֆունկցիային, ապա հարկ է նշել, որ մինչ վիրահատությունը հետազոտվող կանանց 27,4%-ը նշել են աշխատանքային օրվա սահմանափակում, պրոբլեմներ աշխատանքային գործունեության մեջ և ամենօրյա կենցաղային գործերում հոգնածության զգացողություն, որը հիմնականում պայմանավորված է եղել տևական արյունահոսությամբ, անեմիայով, ընդհանուր թուլությամբ: Այս գանգատների արտահայտվածության աստիճանը գնահատվել է միջինը 2,8 բալ (մոտ միջին ծանրության): Վիրահատությունից հետո դիտվել է դերային ֆունկցիայի զգալի բարելավում. վիրահատությունից 3 ամիս անց խանգարումներ նշել են 8 (7,8%) կին, որոնց արտահայտվածության աստիճանը գնահատվել է միջինը 1,6 բալ: Վիրահատությունից 6 ամիս անց 4(3,9%) կին են նշել դերային ֆունկցիայի խանգարում, որոնց արտահայտվա-ծության աստիճանը կազմել է միջինը 1,5 բալ:

Նախքան վիրահատությունը հետազոտվող կանանց սեքսուալ ֆունկցիայի խանգարումները հիմնականում եղել են կապված արգանդային արյունահոսությունների, սեռական հարաբերության ժամանակ ցավերի և անհարմարավետության զգացողության հետ, որը և սեռական կյանքից խուսափման և սեռական անհրապուրչության պատճառ է դարձել։ Մինչ վիրահատությունը սեքսուալ ֆունկցիայի խանգարումներ նշել են 22 (21,5%) կին, որոնց արտահայտվածության աստիճանը գնահատվել է միջինը 2,9 բալ (միջին ծանրություն): Հետվիրահատական 3-րդ ամսում սեքսուալ ֆունկցիայի խանգարումներ նշել են 12 կին (11,8%)` գնահատված միջինը 1,7 բալ, իսկ վեց ամիս անց` 8 կին (7,8%)` գնահատված միջինը 1 բալ: Հետվիրահատական շրջանում սեքսուալ ֆունկցիայի հետ կապված կանայք հիմնականում նշել են աննշան ցավ, վախի զգացում սեռական հարաբերությունից և հեշտոցի չորության զգացում։

Կնոջ կողմից առողջության ընդհանուր ինքնագնահատումը իրականացվել է քնի որակի,միզարձակման ֆունկցիայի խանգարումների, որովայնի ստորին և գոտկային հատվածների ցավերի, աղիների վիճակի ու ֆունկցիայի հիման վրա։ Մինչ վիրահատությունը 60 կին (58,8%) գանգատվել են հիմնականում որովայնի ստորին հատվածի և գոտկատեղի նքացող բնույթի ցավերից, որոնց արտահայտվածության աստիճանը գնա-հատվել է միջինը 3 բալ (միջին ծանրություն)։ Վիրահատությունից հետո վերոհիշյալ գանգատները գրեթե ամբողջովին վերացել են։ Սակայն հետվիրահատական 3-րդ և 6-րդ ամիսներին 28 (27,4%) կին և 20 (19,6%) կին համապատասխանաբար հիմնականում գանգատվել են անքնությունից, հաճախամիզությունից, դժվարամիզությունից և փորկապությունից: Վերջիններիս արտահայտվածության աստիճանը հետվիրահա-տական 3-րդ ամսում գնահատվել է միջինը 1,6 բալ (միշտ աննշան), իսկ 6 ամիս անց` 1 բալ (երբեմն աննշան)։

Կյանքի որակի ընդհանուր ինքնագնահատմամբ մինչ վիրահատությունը կյանքի որակը որպես վատ են գնահատել 42 (41,2%) կին, վիրահատությունից 3 և 6 ամիս անց` 16(15,6%) կին և 14(13,7%) կին համապատասխանաբար:

Հարկ է նշել, որ կանանց զգալի մասը եղած գանգատները գնահատել էր որպես անխուսափելի, ոչ ենթակա բուժման, բնական երևույթ, թեև այն բացասական ազդեցություն ուներ նրանց կյանքի որակի վրա: Արդյունքում կանայք չէին ցանկանում դիմել բժշկի ոչ միայն հետվիրահատական հսկողության, այլ և եղած գանգատների մեղմացման կամ վերացման նպատակով: Վերոհիշյալը, ըստ երևույթին, պայմանավորված է հայ կնոջ հարմարվող և առողջությանը լուրջ չվերաբերվելու բնավորության գծով:

Այսպիսով, ստացված արդյունքների վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ հիստերէկտոմիայից հետո վերականգնվում է կանանց ֆիզիկական ակտիվությունը, հոգեկան վիճակը։ Հետվիրահատական շրջանում արձանագրվում է կնոջ սեքսուալ ֆունկցիայի բարելավում: Սակայն վիրահատությունից հետո կանայք նշում են գանգատներ` վազոմոտոր խանգարումներ, ջերմահորդանք, միզարձակման խանգարումներ, փորկապություն որոնք անդրադառնում են կնոջ առողջության ընդհանուր ինքնագնահատման և իհարկե կյանքի որակի վրա:

Հետևաբար, արգանդի` հավելումներով էքստիրպացիայից հետո կանայք պետք է գտնվեն հսկողության տակ համապատասխան բուժման նպատակահարմարության որոշման համար:

Բանալի բառեր. հիստերէկտոմիա, արգանդի միոմա, արգանդի էքստիրպացիա, դաշտանադադար, կյանքի որակ

Գրականություն

  1. Հարությունյան Ա.Մ. Սանիտարական վիճակագրություն: Ուսումնական ձեռնարկ: Երևան, 2000: 84 էջ:
  2. Великая С.В. Совершенствование диагностики и терапии имперактивных нарушений мочеиспускания у женщин с урогенитальными нарушениями в климактерии. Дис. … канд.мед.наук. М. 2003. 153ст.
  3. Вихляева В.И. Руководство по диагностике и лечению лейомиoмы матки. М., 2004, 396с.
  4. Йен С.С.К., Джафе Р.Б. Репродуктивная эндокринология. М., Медицина. 1998, с.701. 
  5. Кемпбелл С., Монг Э. Гинекология от десяти учителей.17-е изд.-М. 2004, 135с. 
  6. Кулаков В.И., Адамян Л.В., Аскольская С.И. Гистерэктомия и здоровье женщины М., Медицина. 1999, 310с.
  7. Кулаков В.И., Адамян Л.В., Мынбаев О.А. Оперативная гинекология-хирургичские эeнергии. M.,2000, 405c. 
  8. Макаров О.В., Мазо Е.Б., Доброхотова Ю.З.и др.Комплексный подход к диагностике и лечению недержания мочи у гинекологических больных. Рос.вестн.акуш.-гин. 2002, 4, с. 23-26.
  9. Прилепская В.Н.Проблемы перименопаузы и гормональная контрацепция. Контрацепция и здоровье женщины.2001, 2, с. 3-6.
  10. Сметник В.П., Кулаков В.И. Руководство по климактерию. М., Медицинское информационное агенство, 2001, 685 с.

 

Հեղինակ. Գ.Գ. Օկոև, Է.Կ. Մնացականյան, Կ.Կ. Առուստամյան, ՀՀ ԱՆ ակադ. Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)
Աղբյուր. med-practic.com
 
 

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Փետ 28, Ուրբաթ | Լուրեր

Ապրիլի 8-ին, 9-ին և 10-ին Հայաստանում է պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը

Հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանականկլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզը կրկին անգամ կժամանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն: Ապրիլի8-ին, 9-ին և 10-ին պրոֆեսոր Ֆերնանդեզը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Փետ 24, Երկուշաբթի | Պացիենտների համար

Անոթների դուպլեքս հետազոտություն

դուպլեքս սկանավորումը ուլտրաձայնային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս գնահատել երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, արյան շրջանառության ցուցանիշները...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն