«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Էնդոմետրիոզ, անպտղություն եւ «հորմոնոֆոբիա». Երեւանում քննարկվում են գինեկոլոգիայի ամենաարդիական խնդիրները

Էնդոմետրիոզ, անպտղություն եւ «հորմոնոֆոբիա». Երեւանում քննարկվում են գինեկոլոգիայի ամենաարդիական խնդիրները

2019 Ապր 23, Երեքշաբթի

Էնդոմետրիոզը վերարտադրողական տարիքի կանանց շրջանում ամենատարածված հիվանդություններից է, որը ազդում է յուրաքանչյուր հիվանդի կյանքի որակի վրա եւ ունի կարեւոր սոցիալական նշանակություն: Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Առուստամյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ էնդոմետրիոզը ոչ միայն իջեցնում է կյանքի որակը՝ առաջացնելով ցավ, արյունահոսություն եւ այլ խնդիրներ, այլեւ անպտղության է հանգեցնում:

Էնդոմետրիոզը այն չորս թեմաներից մեկն է, որ այսօր մասնագետները քննարկել են Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված«Գինեկոլոգիայի արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովի շրջանակներում: Մանկաբարձ-գինեկոլոգների, օրդինատորների եւ առաջնային օղակի բուժաշխատողների համար դասախոսություններով հանդես են եկել Ռուսաստանից մանկաբարձ-գինեկոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ, բ.գ.թ., դոցենտ Իրինա Շեստակովան եւ մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., դոցենտ Վիկտորյա Կասյանը:

Ինչպես նշեց Իրինա Շեստակովան, առաջին «դուետով» դասախոսությունը Վիկտորյա Կասյանի հետ միասին, նվիրված էր էնդոմետրիոզի խնդիրներին:

«Էնդոմետրիոզի մասին մեզ հայտնի է արդեն մոտ 100 տարի, սակայն դրա առաջացման պատճառները դեռ հայտնի չեն: Երբ հիվանդության պատճառը հայտնի է, ինչպես, օրինակ, վարակիչ հիվանդությունների դեպքում է, դա մեծապես հեշտացնում է բուժումը: Էնդոմետրիոզի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է»,- ասաց Շեստակովան:

Մասնագետի խոսքով՝ տարին երկու անգամ միջազգային կոնգրես է անցկացվում, որը նվիրված է միայն էնդոմետրիոզի խնդրին. մասնագետներն աշխարհի տարբեր ծայրերից հավաքվում են՝ քննարկելու այս «նենգ» հիվանդության ախտորոշման եւ բուժման խնդիրները: Այսօրվա համաժողովի ընթացքում հայ գործընկերներին ներկայացվել են ոչ միայն վերջին արձանագրություններն ու ուսումնասիրությունները էնդոմետրիոզի վերաբերյալ, այլեւ՝ 2017 թվականին կայացած վերջին կոնգրեսի ժամանակ տեղի ունեցած քննարկումներն ու նորությունները:

Երկրորդ դասախոսությունը նվիրված էր անպտղության խնդրին եւ դրա պատճառների ճիշտ ախտորոշմանը: Զավակ չունեցող մի շարք զույգեր դիմում են առաջնային օղակի մասնագետներին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ կողմնորոշվել, ճիշտ հետազոտություններ նշանակել եւ, անհրաժեշտության դեպքում, հիվանդներին ուղարկել նեղ մասնագետի մոտ կամ խորհուրդ տալ նրանց դիմել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությանը:

Երրորդ դասախոսությունը նվիրված էր մեկ այլ խնդրի, որն արդիական է թե՛ Հայաստանում, եւ թե նախկին Խորհրդային Միության տարածքում: Իրինա Շեստակովան այս խնդիրը նկարագրեց միայն մեկ ընդգրկուն բառով՝ «հորմոնոֆոբիա»: Շատ հիվանդներ վախենում են հորմոնալ բուժումներից, սակայն շատ ավելի վատ է, որ բժիշկների մեծ մասը եւս խուսափում է այս միջոցից։

Դասախոսության ընթացքում Շեստակովան եւ Կասյանը ներկայացրել են վերջին գիտական տվյալներն այն մասին, թե երբ է հորմոնալ դեղերի նշանակումն արդարացված, իսկ երբ՝ ոչ, ինչպիսի ցուցումներ եւ հակացուցումներ ունեն, որքանով են դրանք անվտանգ եւ ինչպես կարելի է խուսափել դրանց օգտագործման բարդություններից եւ բարձրացնել բուժման արդյունավետությունը:

Չորրորդ դասախոսությունը, ինչպես նշեց Կարինե Առուստամյանը, նվիրված է մանկաբարձության եւ գինեկոլոգիայի այսօրվա նորագույն հետազոտություններին: Այդպիսի հետազոտությունների շարքում է, օրինակ, հակամյուլլերյան հորմոնը (AMH), որի մակարդակը բժշկին կարող է շատ արժեքավոր տեղեկություններ տալ հիվանդի վերարտադրողական առողջության մասին եւ օգնել ճիշտ որոշումներ կայացնել բուժման վերաբերյալ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը