2019 Մայ 22, Չորեքշաբթի
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրի շրջանակներում «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» իրականացվել է հաճախորդների հարցում` պարզելու անցանկալի հղիության կանխման մասին նրանց կարծիքը։ Հարցազրույցը անց է կացվել 19-48 տարեկան 151 կանանց հետ, որոնց 89,4%-ը եղել են 20-40 տարեկան։ Նրանց մեծամասնությունը` 60,3%-ը, հավաստում է, որ լավագույնը հակաբեղմնավորիչների կիրառումն է։ Կանանց 31,1%-ը չի ունեցել որոշակի կարծիք տվյալ հարցի վերաբերյալ։
Կանանց միայն 6,6%-ն է նախընտրում հղիության արհեստական ընդհատումը։ Ընդ որում, նրանք իրենց այս կարծիքը հիմնավորել են հետևյալ կերպ.
- աբորտն ավելի անվտանգ է, քան հակաբեղմնավորիչների օգտագործումը,
- աբորտ կատարելը շատ հեշտ է,
- չեն կարողացել հիմնավորել աբորտ կատարելու իրենց նախընտրությունը։
Վերոհիշյալն այն փաստի վկայությունն է, որ կանայք չունեն ճիշտ, գրագետ տեղեկություն հակաբեղմնավորիչների ազդեցության և հղիության արհեստական ընդհատման բարդությունների ու հետևանքների մասին։
Իհարկե, աբորտը համարվում է տեխնիկապես հեշտ կատարվող վիրահատություն։ Սակայն, ի տարբերություն այլ վիրահատությունների, այն կատարվում է «կուրորեն», քանի որ բժիշկը չի տեսնում վիրահատական դաշտը, որի հետևանքով էլ հնարավոր է բարդությունների առաջացում։
Աբորտի բարդությունները լինում են վաղ և ուշ։ Վաղ բարդությունները զարգանում են աբորտի ընթացքում կամ անմիջապես դրանից հետո, իսկ ուշ բարդությունները` որոշ ժամանակ (նույնիսկ տարիներ) անց։ Աբորտի առավել հաճախ հանդիպող բարդություններից են արյունահոսությունը, արգանդի պարանոցի վնասվածքները, պտղաձվի մնացորդների ոչ լիարժեք հեռացումը արգանդի խոռոչից։
Աբորտի վաղ բարդություններից ամենավտանգավորը արգանդի թափածակումն է (պերֆորացիա), երբ խախտվում է արգանդի պատի ամբողջականությունը։ Այն կարող է բերել կնոջ կյանքի համար խիստ վտանգավոր հետևանքների` խոշոր անոթների, աղիքների, միզապարկի վնասման։
Աբորտի ուշ բարդություններից են սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, հորմոնալ խանգարումները, ձվարանների դիսֆունկցիան, արտարգանդային հղիությունը, չբերությունը, հղիության և ծննդաբերության բարդացած ընթացքը։
Տեղին է հիշեցնել ակադեմիկոս Վ. Ն. Սերովի խոսքերը. «Աբորտից հետո կինն արդեն չի կարող համարվել առողջ։ Գերակշռող մեծամասնության մոտ դիտվում է դաշտանային ֆունկցիայի խանգարում, ապա հիվանդությունների մի ամբողջ տարափ` արգանդի միոմա, մաստոպաթիա և նույնիսկ չարորակ նորագոյացություններ։ Ուստի, կատարելով աբորտ, հետո մենք ստիպված բուժում ենք դրա հետևանքները»։
Այսօր գոյություն ունի և աշխարհի մի շարք երկրներում կիրառվում է հղիության արհեստական ընդհատման դեղորայքային մեթոդը (դեղորայքային աբորտ)։ Նման բուժագործության համար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ, որոնք բերում են հղիության ընդհատման։ Դժբախտաբար այսօր մենք առնչվում ենք դեղորայքային աբորտի ոչ ճիշտ կիրառման և դրա հետևանքով առաջացած մի շարք բարդությունների հետ։ Ինչպես ցանկացած դեղամիջոց, այս նպատակով օգտագործվողները ևս ունեն ցուցումներ ու հակացուցումներ։ Մյուս կողմից դեղորայքային աբորտի նպատակով օգտագործվող դեղամիջոցները նշանակվում են հատուկ դեղաչափերով և հատուկ սխեմաներով։ Եվ վերջապես` դեղորայքային աբորտ կարելի է կատարել միայն հղիության որոշակի ժամկետում։ Պետք է նշել, որ նույնիսկ ճիշտ դեղաչափը և ճիշտ սխեման չեն կարող բացառել դեղորայքի կողմնակի ազդեցությունը (օրինակ` արյան ճնշման անկումը), որը կարող է պահանջել շտապ բժշկական միջամտություն։ Մինչդեռ կանայք, այս կամ այն տեղից լսելով դեղորայքային աբորտի մասին, ինքնակամ օգտագործում են դեղորայքը ոչ ճիշտ դեղաչափով և ոչ ճիշտ սխեմայով, որի հետևանքով հայտնվում են հիվանդանոցում՝ արդեն որոշակի բարդություններով (արյունահոսություն, թերի վիժում)։
Աբորտի պատճառները տարբեր են։ Դրանք պայմանավորված են ընտանեկան, տնտեսական պայմաններով, երեխա չունենալու ցանկությամբ, տարիքային գործոնով։ Սակայն միշտ պետք է հիշել, որ հղիության արհեստական ընդհատումը հեշտ, մի փոքր ցավոտ, անվտանգ բժշկական միջամտություն չէ։
Այն իր ազդեցությունն է թողնում ոչ միայն կնոջ առողջության, այլ նաև ընտանեկան փոխհարաբերությունների վրա։ Եթե այս կամ այն պատճառով կինը որոշել է ընդհատել հղիությունը, ապա պետք է փորձել նվազագույնի հասցնել դրա հետևանքները.
- հղիության կասկածի դեպքում որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի,
- չփորձել որևէ միջոցով, ինքուրույն ընդհատել հղիությունը,
- խորհրդակցել բժշկի հետ հղիության արհեստական ընդհատման անվտանգ եղանակի մասին։
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»