2020 Հուն 28, Երեքշաբթի
Երիտասարդ մայրերի համար, հատկապես, երբ առաջին ծնունդն է, ծննդաբերությունից անմիջապես հետո մյուս դժվար «գործը» երեխային կերակրելն է: Թվում է, թե դա բնազդային է եւ ինքնըստինքյան տեղի կունենա, սակայն, իրականում, դա էլ իր կանոններն ունի, եւ փոքր շեղումն անգամ, հնարավոր է, որ նորածինն ընդհանրապես հրաժարվի կրծքով կերակրվելուց:
Այսօր եզակի կլինիկաներում են ծննդկաններին սովորեցնում կրծքով ճիշտ կերակրելը: Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) նորածնաբանության բաժանմունքի բժիշկ-նեոնատոլոգ եւ ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի դոցենտ Հեղինե Սարգսյանը վստահեցնում է, որ հենց առաջին կրծքադրումից է կախված, թե երեխան հետագայում ո՞նց կկերակրվի կրծքով. «Մեր կենտրոնում յուրաքանչյուր ծննդկանի սովորեցնում ենք, թե ինչպես պետք է երեխային ճիշտ կերակրել, քանի որ մեր կլինիկան մանկանը բարեկամ բժշկական հաստատություն է: Նախ, շատ կարեւոր է, որ երեխան ճիշտ մոտեցվի կրծքին`ուղղակի երեխայի քիթը կամ բերանը պետք է լինի մոր կրծքի հարպտկային հատվածին մոտիկ, ու մայրը պետք է կուրծքը խորը մտցնի երեխայի բերանի մեջ, այսինքն` ոչ թե պտուկը, ինչպես շատ մայրեր են դա անում, այլ հարպտկային հատվածն` ամբողջությամբ, որտեղ գտնվում են բոլոր կաթնատար ծորանները: Ընդ որում, մայրը կերակրելու ընթացքում հարպտկային շրջանի քիչ մասը պետք է տեսնի: Եթե այն ամբողջությամբ երեխայի բերանի մեջ չէ, դա վտանագվոր է նրանով, որ ճաքեր կարող են առաջանալ: Բացի դրանից, կաթը նորմալ դուրս չի բերվի ծորաններից, իսկ երեխան անընդհատ լաց կլինի: Եթե երեխայի այտերը գունատ են, ուրեմն` լավ չի սնվում: Ուտելու ընթացքում մայրը պետք է երեխայի ուտելուց արտահանած ձայները լսի»:
Բժշկուհու խոսքերով` եթե երեխան լաց է լինում, ուրեմն քաղցած է. նորածնի կյանքի առաջին 2 ժամում ուտում են` հանգստանալով: Իսկ 5-6 ժամ քնելու դեպքում, մայրը պետք է ուշադիր լինի եւ թույլ չտա, որ փոքրիկն այդքան երկար քնի, անհրաժեշտ է արթնացնել ու կերակրել, հակառակ դեպքում` երեխայի մոտ կզարգանա արտահայտված թուլություն:
Լինում են դեպքեր, երբ առաջին ժամերին մոր մոտ կաթ չի արտադրվում եւ անմիջապես արհեստական կաթնախառնուրդ են տալիս: Բժշկուհին հորդորում է չշտապել, քանի որ բնությունն այնպես է ստեղծել, որ մայրը, եթե ամեն ինչ նորմալ է, անպայման կաթ կարտադրի: Հատկապես շատ կարեւոր է երեխայի կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կաթով կերակրելը, քանի որ, ըստ բժշկուհի Սարգսյանի, մոր կաթի մեջ կան բոլոր անհրաժեշտ նյութերը, որոնք երեխային ապահովում են առողջ ապագա: Բժշկուհու պատմելով` «մարզերում կա տարածված կարծիք, որ երեխաներին պետք է կերակրել կովի կամ այծի կաթով: Իրականում կենդանու կաթի պարունակությունը վտանգավոր է նորածինների համար, իսկ յուրաքանչյուր մայր արտադրում է այնպիսի կաթ, որն անհրաժեշտ է հենց իր բալիկին: Մայրեր կան, որոնք կարծում են, որ իրենց արտադրած առաջին կաթը պիտանի չէ, ասում են` կաթ չէ, խեժ է, եւ կթում են ու թափում: Սակայն այդ խեժն էլ կաթ է, եւ հենց դրա պարունակությունն է խիստ կարեոր բալիկի համար»:
Բժշկուհին մայրերին կոչ է անում խուսափել հնացած մեթոդներից, երբ դեռ 2-3 ամսականը չլրացած փոքրիկներին ջուր, խնձորի կամ այլ մրգային հյութեր են տալիս. «Նորից եմ կրկնում, մայրական կաթը պարունակում է այն բոլորը` ջուր, վիտամիններ, ածխաջրեր ու սպիտակուցներ, ինչ անհրաժեշտ է երեխային»:
Հատկապես շատ կարեւոր է մոր եւ մանկան շփումը, եւ եթե երեխան նույնիսկ նոր է կերկարվել, բայց մի քիչ տրտնջում է, մայրը կարող է իր կողքին պառկեցնել, շոյել ու շփվել նրա հետ, երեխան հաստատ կհանդարտվի:
«Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» ուշադրություն է դարձվում մոր եւ մանկան շփմանն ու համատեղ կեցությանը, քանի որ ծննդաբերությանը հաջորդող ժամերի համար դա շատ կարեւոր է. «Մեր ծննդատանը երեխայի ծնվելու պահից իսկ փոքրիկը գտնվում է մոր մոտ: Ծնվելու հենց առաջին պահին նրան դնում են մոր որովայնին կամ կրծքին` մաշկը` մաշկին, շփումն ապահովելու համար, որպեսզի հենց առաջին մարդը, որ պետք է շփվի եւ միկրոֆլորան ընդունի, դա լինի նրա մայրը, այլ ոչ օտար մարդ, որպեսզի երեխան ջերմություն ստանա: Առաջին շփումը նպաստում է նաեւ, որ կրծքի կաթը ճիշտ արտադրվի, չէ՞ որ ծնված պահից երեխաները փնտրում են ու գտնում են մոր կուրծքը»:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»