2020 Փետ 11, Երեքշաբթի
Արգանդը մկանային յուրօրինակ օրգան է` հսկայական ձգվելու ունակությամբ: Կարճ ժամանակվա ընթացքում այն մի քանի անգամ մեծացնում է իր չափերը և քաշը:
Կրճատվելը ևս նրա նորմալ վիճակներից է: Հղիության ժամանակ այն չի կարող լիովին թուլացած լինել, քանի որ նրա խնդիրն է միշտ լինել որոշակի դիրքով և պահել արգանդի խոռոչի մեջ անհրաժեշտ ճնշումը: Ժամանակ առ ժամանակ մկանաթելերը կծկվում են, բացվում: Հազը, ծիծաղը, օրգազմը, պտղի շարժումները, գինեկոլոգիական զննությունը կամ ՈՒՁ հետազոտությունը կարող են դառնալ արգանդի տոնուսի բարձրացման պատճառ: Եթե դրանք չեն ուղեկցվում ցավերով և արտադրությունով, կարճատև են, ապա անհանգստանալ պետք չէ: Բայց երբեմն սկսվում են ինտենսիվ և երկարատև կծկումներ (1 օր, 2 օր, 1 շաբաթ, երբեմն` ամբողջ հղիության ժամանակ): Ուժեղ կծկվում է արգանդը, կամ նրա ինչ-որ շրջան, ինչն ուղեկցվում է ուժեղ ցավով և արգանդի ներսում ճնշման մեծացմամբ: Հենց այս վիճակն են անվանում` «արգանդը տոնուսի մեջ է»:
Ախտանշանները
Բարձր տոնուսը տարբեր կերպ է արտահայտվում հղության տարբեր ժամկետներում: Առաջին եռամսյակում այն կարող է հազիվ ընկալվել կնոջ կողմից, կամ կարող են լինել դաշտանային ցավերի նման` նվվացող: Արյունային արտադրությունների դեպքում պետք է դիմել բժշկի, քանի որ դա կարող է վիժման ազդանշան լինել: Երկրորդ և երրորդ եռամսյակներում արգանդի տոնուսը հնարավոր է նկատել արտաքինից և շոշափման միջոցով: Անգամ հանգիստ պառկած ժամանակ որովայնը շատ ձգված է և ծանր: Վերջին շաբաթներում դժվար է տոնուսը որոշել, քանի որ արգանդը խիստ ձգված է` պտղի չափերին համապատասխան, իսկ ներսից էլ հաճախակի են երեխայի հարվածները, որոնց արգանդը պատասխանում է կծկումներով: Իհարկե՛, այստեղ կարևոր է հետևել դրանց կանոնավորությանը: Եթե այդ սպազմները հակում ունեն աճման, բժշկին դիմելը պարտադիր է, որպեսզի կանխվի վաղաժամ ծննդաբերությունը:
Բարձր տոնուսին բնորոշ են որոշակի ախտանիշներ:
Եթե գինեկոլոգը զննման ժամանակ հայտնաբերում է արգանդի լարվածություն, բայց հղին իրեն լաց է զգում, ապա ախտորոշման համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն` ՈՒՁՀ: Թեև ՈՒՁՀ-ի օգնությամբ բարձր տոնուսի հաստատումը ևս միշտ չէ, որ տագնապ պատճառ կարող է լինել: Եթե արգանդի վզիկի երկարությունը համապատասխանում է նորմային, պտուղը զարգանում է նորմալ, չկա պլացենտայի շերտազատման վտանգ, արգանդի արյան շրջանառությունը կարգին վիճակում է, ուրեմն հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգի մասին խոսք լինել չի կարող::
Արգանդի տոնուսի պատճառները
Պատճառները մի քանիսն են. դրանց մի մասն իրենց մասին վկայում են տարբեր եռամսյակներում: Հղիության առաջին շաբաթներում արգանդի տոնուսը կարող է լինել հորմոնների աշխատանքի խանգարման արդյունք: Օրգանիզմում պրոգեստերոնի անբավարարությունը, որը հղիության ժամանակ պետք է թուլացնի հարթ մկանները, կարտահայտվի ցանկացած ազդակի նկատմամբ արգանդի բարձրացած ռեակցիայով: Իսկ օրգանի թուլացումն ավելի երկարատև կլինի: Արական հորմոնների` անդրոգենների ավելցուկը կանանց օրգանիզմում նույնպես բարձր տոնուսի պատճառ է: Այս պատճառը` ցավի և արյունային արտադրության հետ զուգակցված, կարող է բերել հղիության ընդհատման:
Երկրորդ եռամսյակում բարձր տոնուսը լինում է տարբեր հիվանդությունների արդյունքում: Բորբոքային գործընթացները (ՍՌՎՀ (ОРВИ), գրիպ, սննդային թունավորումներ, սեռական վարակներ) օրգանիզմի համար սթրես են, որոնց ժամանակ կծկվում են մկանային թելիկները և դա վերաբերում է նաև արգանդի մկաններին: Գինեկոլոգիական հիվանդությունները (էնդոմետրիոզ, միոմա), արգանդի թերզարգացումը, արգանդի արատները ստեղծում են անհամաչափ տոնուս և բարդացնում հղիության ընթացքը:
Պտղի մեծ չափերի դեպքում արգանդի ուժեղ ձգվածությունը, բազմապտուղ հղիությունը կամ սակավաջրությունն առաջացնում են պաշտպանական ռեակցիա. արգանդն սկսում է ուժեղ կծկվել, որպեսզի կանխի պատռվածքը:
Սթրեսները, թերսնուցումը, քնի պակասը, հուզական ապրումները կամ ծանր ֆիզիկական աշխատանքը խանգարում են նյարդային համակարգի գործունեությունը: Օրգանիզմը մշտապես գրգռված է, որն անուղղակիորեն բարձրացնում է արգանդի տոնուսը:
Ինչպես իջեցնել արգանդի տոնուսը
Բուժումը որոշվում է ընդհանուր վիճակից կամ պատճառներից ելնելով: Եթե ՈՒՁՀ-ն պտղի զարգացման շեղումներ ցույց չեն հայտնաբերել և մկանային սպազմերը կարճատև են ու կանոնավոր չեն, ապա բժշկի մշտական հսկողության կարիք չկա: Երբեմն բավական է կարգավորել օրվա ռեժիմը, հանգիստը, քնել 8 ժամ, զբոսնել մաքուր օդում, հանել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, խուսափել սթրեսային վիճակներից, որպեսզի երևույթներն անցնեն:
Կնոջ ֆիզիկական ցածր ակտիվությունն ազդում է աղիների աշխատանքի վրա, իսկ վատ մարսողությունը` պրոգեստերոնի աշխատանքի հետևանքով աղիների թուլացած մկանների ֆոնի վրա, կվատացնի վիճակը և կառաջացնի փքվածություն, փորկապություն և խիթեր: Իսկ նման ցավային զգացողությունները կարող են գնահատվել որպես արգանդի բարձր տոնուս: Այդ պատճառով սնունդը պետք է կարգավորել ամբողջ հղիության ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կարելի է ընդունել Նո-շպա և պապավերինով մոմիկներ: Խորհուրդ է տրվում նաև հանգստացնող դեղերի ընդունում` բժշկի ցուցումով:
Եթե տոնուսի պատճառը հորմոնների անբավարար աշխատանքն է, նշանակվում են պրոգեստերոնի պատրաստուկներ` Դյուֆաստոն և Ուտրոժեստան: Սովորաբար, դա սա վաղ ժամկետների խնդիր է, այդ պատճառով այս դեղերը խորհուրդ են տրվում մինչև 20 շաբաթականը, հատուկ դեպքերում դա կարող է ձգվել մինչև 34-րդ շաբաթը: Դեղաչափը` ժամկետից ելնելով, որոշում է բժիշկը:
Մագնեզիումի պատրատուկները (Մագնե B6, մագնեզիումի սուլֆատ) օգտագործվում են բոլոր եռամսյակներում` ներերակային կամ հաբերով: Դրանք սուր վիճակներում հարմար չեն, բայց հետագայում ուժեղ տոնուսի դեպքում օգնում են:
Ստացիոնար պայմաններում բուժումն անհրաժեշտ է բարձր ռիսկի դեպքում, երբ պետք է բժշկի մշտական հսկողություն և լուրջ
դեղերի ընդունում:
Անկախ պատճառներից, հարկ է անուշադրության չմատնել արգանդի բարձր տոնուսը: Մեծավ մասամբ, առանց առանձնահատուկ բարդությունների, այս նման իրավիճակները բուժման են ենթարկվում: Հղիից պահանջվում է ժամանակին դիմել գինեկոլոգին, հայտնել իր զգացողությունները և կատարել նրա հրահանգները:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»