2020 Հուն 29, Երկուշաբթի
Ի՞նչ է ձվազատումը:
Ձվազատումը` օվուլյացիան, ձվարանի ֆոլիկուլից հասուն ձվաբջջի արտահոսքն է որովայնի խոռոչ։ Այս գործընթացն ունի բարդ կարգավորումներ և, ընդհանուր առմամբ, բնութագրում է վերարտադրողական առողջությունը։ Առանց օվուլյացիայի անհնարին է դառնում կնոջ համար ամենակարևորը՝ մայրանալը: Կանայք յուրաքանչյուր ամիս սպասում են ձվազատմանը և պարբերաբար հաշվարկում այն:
Վերարտադրողական տարիքի կանանց մեծ մասի մոտ օվուլյացիան տեղի է ունենում ամիսը մեկ անգամ, բացառությամբ` հղիության և լակտացիայի ժամանակահատվածների:
Որո՞նք են ձվազատման նշանները
Օվուլյացիայի ընդհանուր նշաններից է արգանդի վզիկի լորձի կազմի փոփոխությունը: Վերարտադրողական տարիքի բոլոր կանանց մոտավորապես 20 տոկոսը օվուլյացիայի շրջանում նշում է ցավի առկայություն։ Այդ օրերին որոշ կանայք ունենում են նաև սրտխառնոց և արյունային արտադրություն` հեշտոցից ։
Ինչպիսի՞ն է ցավի բնույթը, և որքա՞ն է տևողությունը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց մոտավորապես կեսը ցավ է զգում դաշտանային ցիկլի միջանկյալ ժամանակահատվածում:
Միջին դաշտանային ցիկլի ընթացքում (28 օր) ձվազատման ցավը սկսվում է դաշտանային ցիկլի առաջին օրից մոտավորապես երկու շաբաթ անց և համընկնում է ֆոլիկուլի պատռման ու հասուն ձվաբջիջի ազատման հետ:
Ցավը կարող է առաջանալ օվուլյացիայից առաջ, ընթացքում կամ` հետո:
Ցավի զգացողությունները, որպես կանոն, միակողմանի են, տեղակայված են որովայնի աջ կամ ձախ մասում՝ կախված նրանից, թե ձվազատումը որ ձվարանից է տեղի ունեցել: Այս երևույթը կարող է պահպանվել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Հաջորդ դաշտանային ցիկլի ընթացքում ցավը կարող է տեղակայվել հակառակ կողմը:
Երբեմն ցավն ուղեկցվում է հեշտոցից արյունային արտադրությամբ։
Որո՞նք են ձվազատման ժամանակ ի հայտ եկող ցավի պատճառները:
Ճշգրիտ պատճառն անհայտ է, սակայն կան մի քանի հիմնավոր բացատրություններ: Դրանցից է՝ ձվարանների ֆոլիկուլյար այտուցը: Օվուլյացիայից անմիջապես առաջ ձվաբջիջ պարունակող հասուն ֆոլիկուլի աճը մեծացնում է ձվարանի մակերեսը ՝ առաջացնելով ցավ:
Հաջորդ բացատրությունը` ձվարանի պատի պատռումն է: Պատճառներից է նաև որովայնամզի գրգռումը: Երբ ձվաբջիջը զարգանում է, այն շրջապատված է ֆոլիկուլյար հեղուկով: Օվուլյացիայի պահին, ձվաբջիջ պարունակող հասուն ֆոլիկուլի պատռմամբ, այդ հեղուկը` քիչ քանակությամբ արյան հետ, հոսում է որովայնի խոռոչ, և կարող է գրգռել որովայնի խոռոչի լորձաթաղանթը։ Հեղուկը ներծծվելուց հետո ցավն անհետանում է: Ցավը կարող է կապ ունենալ նաև արգանդափողերի կծկողականության հետ
Ե՞րբ դիմել բժշկի:
Եթե ձվազատման ցավն անհանգստություն է պատճառում, տևում է ավելի` քան երեք օր, կամ կապված է այլ անսովոր ախտանշանների հետ, պետք է դիմել գինեկոլոգի խորհրդատվության։ Օվուլյացիայի հետ կապված ցավի գնահատման համար խորհուրդ է տրվում հետևել դաշտանային ցիկլերին ՝ նշելով ցավերի դրվագները և նրանց տեղակայությունը:
Ինչպե՞ս բուժել ցավոտ օվուլյացիան:
Արդյունավետ բուժում կարող է լինել հակաբեղմնավորիչների կիրառումը։ Հակաբեղմնավորիչները փոխում են կանանց հորմոնալ ցիկլը՝ կանխելով օվուլյացիան: Սուր ցավերի դեպքում խորհուրդ է տրվում ցավազրկողների, ինչպես նաև ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի կիրառում։ Բարձր արդյունավետություն ունեն բուսապատրաստուկների կիրառումը։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում նաև խուսափել սննդակարգում խմորիչների և կաթնամթերքի ներառումից:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»