2020 Հուն 29, Երկուշաբթի
Ի՞նչ է ձվազատումը:
Ձվազատումը` օվուլյացիան, ձվարանի ֆոլիկուլից հասուն ձվաբջջի արտահոսքն է որովայնի խոռոչ։ Այս գործընթացն ունի բարդ կարգավորումներ և, ընդհանուր առմամբ, բնութագրում է վերարտադրողական առողջությունը։ Առանց օվուլյացիայի անհնարին է դառնում կնոջ համար ամենակարևորը՝ մայրանալը: Կանայք յուրաքանչյուր ամիս սպասում են ձվազատմանը և պարբերաբար հաշվարկում այն:
Վերարտադրողական տարիքի կանանց մեծ մասի մոտ օվուլյացիան տեղի է ունենում ամիսը մեկ անգամ, բացառությամբ` հղիության և լակտացիայի ժամանակահատվածների:
Որո՞նք են ձվազատման նշանները
Օվուլյացիայի ընդհանուր նշաններից է արգանդի վզիկի լորձի կազմի փոփոխությունը: Վերարտադրողական տարիքի բոլոր կանանց մոտավորապես 20 տոկոսը օվուլյացիայի շրջանում նշում է ցավի առկայություն։ Այդ օրերին որոշ կանայք ունենում են նաև սրտխառնոց և արյունային արտադրություն` հեշտոցից ։
Ինչպիսի՞ն է ցավի բնույթը, և որքա՞ն է տևողությունը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց մոտավորապես կեսը ցավ է զգում դաշտանային ցիկլի միջանկյալ ժամանակահատվածում:
Միջին դաշտանային ցիկլի ընթացքում (28 օր) ձվազատման ցավը սկսվում է դաշտանային ցիկլի առաջին օրից մոտավորապես երկու շաբաթ անց և համընկնում է ֆոլիկուլի պատռման ու հասուն ձվաբջիջի ազատման հետ:
Ցավը կարող է առաջանալ օվուլյացիայից առաջ, ընթացքում կամ` հետո:
Ցավի զգացողությունները, որպես կանոն, միակողմանի են, տեղակայված են որովայնի աջ կամ ձախ մասում՝ կախված նրանից, թե ձվազատումը որ ձվարանից է տեղի ունեցել: Այս երևույթը կարող է պահպանվել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Հաջորդ դաշտանային ցիկլի ընթացքում ցավը կարող է տեղակայվել հակառակ կողմը:
Երբեմն ցավն ուղեկցվում է հեշտոցից արյունային արտադրությամբ։
Որո՞նք են ձվազատման ժամանակ ի հայտ եկող ցավի պատճառները:
Ճշգրիտ պատճառն անհայտ է, սակայն կան մի քանի հիմնավոր բացատրություններ: Դրանցից է՝ ձվարանների ֆոլիկուլյար այտուցը: Օվուլյացիայից անմիջապես առաջ ձվաբջիջ պարունակող հասուն ֆոլիկուլի աճը մեծացնում է ձվարանի մակերեսը ՝ առաջացնելով ցավ:
Հաջորդ բացատրությունը` ձվարանի պատի պատռումն է: Պատճառներից է նաև որովայնամզի գրգռումը: Երբ ձվաբջիջը զարգանում է, այն շրջապատված է ֆոլիկուլյար հեղուկով: Օվուլյացիայի պահին, ձվաբջիջ պարունակող հասուն ֆոլիկուլի պատռմամբ, այդ հեղուկը` քիչ քանակությամբ արյան հետ, հոսում է որովայնի խոռոչ, և կարող է գրգռել որովայնի խոռոչի լորձաթաղանթը։ Հեղուկը ներծծվելուց հետո ցավն անհետանում է: Ցավը կարող է կապ ունենալ նաև արգանդափողերի կծկողականության հետ
Ե՞րբ դիմել բժշկի:
Եթե ձվազատման ցավն անհանգստություն է պատճառում, տևում է ավելի` քան երեք օր, կամ կապված է այլ անսովոր ախտանշանների հետ, պետք է դիմել գինեկոլոգի խորհրդատվության։ Օվուլյացիայի հետ կապված ցավի գնահատման համար խորհուրդ է տրվում հետևել դաշտանային ցիկլերին ՝ նշելով ցավերի դրվագները և նրանց տեղակայությունը:
Ինչպե՞ս բուժել ցավոտ օվուլյացիան:
Արդյունավետ բուժում կարող է լինել հակաբեղմնավորիչների կիրառումը։ Հակաբեղմնավորիչները փոխում են կանանց հորմոնալ ցիկլը՝ կանխելով օվուլյացիան: Սուր ցավերի դեպքում խորհուրդ է տրվում ցավազրկողների, ինչպես նաև ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի կիրառում։ Բարձր արդյունավետություն ունեն բուսապատրաստուկների կիրառումը։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում նաև խուսափել սննդակարգում խմորիչների և կաթնամթերքի ներառումից:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»