«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Նեղ կոնք և հղիություն. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ

Նեղ կոնք և հղիություն. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ

2020 Հուլ 06, Երկուշաբթի

Կանանց մոտ նեղ կոնքի դեպքում հղիության ընթացքի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության-գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սուրեն Իլյիչի Ազիզյան, ով պատասխանեց խնդրին վերաբերող առավել հաճախ տրվող հարցերին:

-  Հղիությունը նեղ կոնք ունեցող կնոջ մոտ. ի՞նչ խնդիր է ենթադրում:

-  Կնոջ կոնքը հետաքրքրում է այն առումով, որ բնությունը նախատեսել է ծննդաբերության համար բնական ճանապարհը, երբ պտուղը պետք է լույս աշխարհ գալու համար անցնի մոր կոնքի խոռոչով: Այդ առումով խիստ կարևորվում են կոնքի խոռոչի չափերը, որովհետև անհրաժեշտ է հնարավորին ճշգրտորեն պարզել, թե արդյո՞ք հասուն պտուղը կարող է անցնել տվյալ կոնքի խոռոչով:

-  Ինչպե՞ս են կատարվում չափումները:

-  Ծննդաբերության համար կարևորություն ունեն փոքր կոնքի չափերը, սակայն, քանի որ փոքր կոնքն անհասանելի է չափումների համար, այդ պատճառով  չափվում են արտաքին կոնքի չափերը, որոնց հիման վրա էլ պատկերացում է կազմվում փոքր կոնքի մասին:

Կան հատուկ մշակված չափման ցուցանիշներ՝ դիստանցիաներ. Դիստանցիա` սպինարում, կրիստարում, տրոխանտերիկա, որոնք կոնքի լայնակի չափերն են, իսկ ուղիղ՝ երկայնակի չափը կոչվում է «կոնյուգատա էքստերնա»:   Չափումները կատարվում են հատուկ գործիքով՝ կոնքաչափով: Կան կոնքի չափերի ընդունված նորմատիվներ:

-  Ո՞ր դեպքում է ախտորոշվում նեղ կոնք, փոքր կոնքի ի՞նչ տեսակներ կան:

Կոնքը նեղ է համարվում, երբ բոլոր չափերը կամ չափերից մեկը նորմայից փոքր են 2 սմ կամ ավելի: Դրանից զատ, կան նաև նեղացման տարբերակներ՝ կախված չափերից որևէ մեկի փոքր լինելու հետ: Կան հաճախ և ոչ հաճախ հանդիպող նեղ կոնքեր: Ամենահաճախ հանդիպող նեղ կոնքը կոչվում է հավասարաչափ նեղ կոնք, երբ բոլոր չափերը փոքր են նորմայի սահմաններից:
Տարբերում են նաև նեղ կոնքի աստիճաններ՝ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ՝ կախված նեղության արտահայտվածությունից  (նորմայից 2 սմ փոքր կոնքը` առաջին աստիճանն է):

Նեղ կոնքի տարբերակներից է, երբ լայնակի չափերը նեղ չեն, կարող են անգամ նորմայից մեծ լինել, բայց փոքր են ուղիղ չափերը, որը կոչվում է տափակ կոնք: Ընդ որում, տափակ կոնքն, իր հերթին, լինում է հասարակ և տափակ նեղացած: Առաջինի դեպքում փոքր են ուղիղ չափերը, երկրորդի դեպքում` փոքր են բոլոր չափերը, սակայն ուղիղ չափերն առավել փոքր են: Հանդիպում են նաև հակառակ տարբերակը՝ նեղացած են լայնակի չափերը, երբ ուղիղ չափը նորմալ է, կամ նորմայից ավելի: Դա կոչվում է լայնակի նեղ կոնք:

Նեղ կոնքը հնարավոր է ախտորոշել նախքան հղիությունը: Մեկ անգամ հասատված նեղ կոնքը համարվում է մշտական ախտորոշում:

Հարկ է նշել, որ միայն կոնքի նշված չափերը չէ, որ կարևոր են, մեծ նշանակություն ունի նաև ոսկրերի հաստությունը: Կան նուրբ, բարակ ոսկրային համակարգ ունեցող կանայք և հակառակը՝ հաստ ոսկրեր ունեցողներ: Այնպես որ, հնարավոր է առաջին աստիճանի կոնքի նեղության դեպքում, սակայն բարակ ոսկրերի շնորհիվ ծննդաբերությունը նորմալ ընթանա: ևվ հակառակը, նորմալ չափերի դեպքում, սակայն  հաստ ոսկրերի պայմաններում՝ պտուղը դժվարությամբ ծնվի և բարդություններ առաջանան:

-  Որո՞նք են պատճառները:

-   Նեղ կոնքի հիմնական տարբերակները կախված են կնոջ կազմվածքի, բնածին առանձնահատկությունների հետ:
Սակայն հնարավոր են նաև կոնքի ձեռքբերովի փոփոխություններ, երբ փոքր տարիքում, կամ ավելի ուշ տարած դիստրոֆիկ հիվանդությունների արդյունքում կնոջ կոնքը ձևախախտվում է (տարած ռախիտ, կոնքի կոտրվածքից հետո ոչ ճիշտ վերականգնման արդյունքում առաջացած ոսկրային դեֆորմացիա): Բարեբախտաբար, նման փոփոխություններ հազվադեպ են հանդիպում: Մինչդեռ նեղ կոնքը հանդիպում է բավականին հաճախ:

-  Դեր ունի՞, արդյոք, կնոջ տարիքը:

-  Քանի որ մեր երկրում հղիությունը թույլատրված է չափահաս տարիքում՝ 18-20 տարեկանից սկսած, երբ ոսկրային համակագը ձևավորված է, այս հարցը որևէ դեր չունի:

-  Փոքր կոնքը ցուցո՞ւմ է` կեսարյան հատում իրականացնելու համար:

-  Մանկաբարձական խնդիրը կայանում է նրանում, որ պետք է որոշում կայացվի. որքանո՞վ է հնարավոր` առանց երեխային տրավմայի ենթարկելու, նորմալ ծննդաբերություն իրականացնել: Հարկ է նշել նաև, որ կոնքի չափերից զատ, կարևոր են նաև պտղի ենթադրյալ չափերը: Օրինակ, կարող է կոնքը նեղ լինել, բայց 2,8 կգ քաշով պտուղը նորմալ ծնվի, առանց խնդիրների, և հակառակը՝ ոչ նեղ կոնքի և մեծ պտղի դեպքում ծննդաբերությունն ընթանա դժվար և՛ պտղի, և՛ մոր համար:

Երրորդ և չորրորդ աստիճանների նեղ կոնքի դեպքում նորմալ ծննդաբերությունը հակացուցված է,  նման դեպքերում նախընտրելի է կեսարյան հատումը, որն ապահով է ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Ապր 21, Երեքշաբթի | Լուրեր

Երբ երկար սպասված երազանքը վերջապես դառնում է իրականություն…

Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...

Կարդալ ավելին»
2026 Ապր 24, Ուրբաթ | Պացիենտների համար

ՀՏՀ. ատամնաբուժական միջամտություններ հղիության ընթացքում

1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու  համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո,  հղիության ընթացքում կարելի է  հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն  խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր  հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին:     Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման:   11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:  

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը