2020 Հուլ 06, Երկուշաբթի
Կանանց մոտ նեղ կոնքի դեպքում հղիության ընթացքի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության-գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սուրեն Իլյիչի Ազիզյան, ով պատասխանեց խնդրին վերաբերող առավել հաճախ տրվող հարցերին:
- Հղիությունը նեղ կոնք ունեցող կնոջ մոտ. ի՞նչ խնդիր է ենթադրում:
- Կնոջ կոնքը հետաքրքրում է այն առումով, որ բնությունը նախատեսել է ծննդաբերության համար բնական ճանապարհը, երբ պտուղը պետք է լույս աշխարհ գալու համար անցնի մոր կոնքի խոռոչով: Այդ առումով խիստ կարևորվում են կոնքի խոռոչի չափերը, որովհետև անհրաժեշտ է հնարավորին ճշգրտորեն պարզել, թե արդյո՞ք հասուն պտուղը կարող է անցնել տվյալ կոնքի խոռոչով:
- Ինչպե՞ս են կատարվում չափումները:
- Ծննդաբերության համար կարևորություն ունեն փոքր կոնքի չափերը, սակայն, քանի որ փոքր կոնքն անհասանելի է չափումների համար, այդ պատճառով չափվում են արտաքին կոնքի չափերը, որոնց հիման վրա էլ պատկերացում է կազմվում փոքր կոնքի մասին:
Կան հատուկ մշակված չափման ցուցանիշներ՝ դիստանցիաներ. Դիստանցիա` սպինարում, կրիստարում, տրոխանտերիկա, որոնք կոնքի լայնակի չափերն են, իսկ ուղիղ՝ երկայնակի չափը կոչվում է «կոնյուգատա էքստերնա»: Չափումները կատարվում են հատուկ գործիքով՝ կոնքաչափով: Կան կոնքի չափերի ընդունված նորմատիվներ:
- Ո՞ր դեպքում է ախտորոշվում նեղ կոնք, փոքր կոնքի ի՞նչ տեսակներ կան:
Կոնքը նեղ է համարվում, երբ բոլոր չափերը կամ չափերից մեկը նորմայից փոքր են 2 սմ կամ ավելի: Դրանից զատ, կան նաև նեղացման տարբերակներ՝ կախված չափերից որևէ մեկի փոքր լինելու հետ: Կան հաճախ և ոչ հաճախ հանդիպող նեղ կոնքեր: Ամենահաճախ հանդիպող նեղ կոնքը կոչվում է հավասարաչափ նեղ կոնք, երբ բոլոր չափերը փոքր են նորմայի սահմաններից:
Տարբերում են նաև նեղ կոնքի աստիճաններ՝ առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ՝ կախված նեղության արտահայտվածությունից (նորմայից 2 սմ փոքր կոնքը` առաջին աստիճանն է):
Նեղ կոնքի տարբերակներից է, երբ լայնակի չափերը նեղ չեն, կարող են անգամ նորմայից մեծ լինել, բայց փոքր են ուղիղ չափերը, որը կոչվում է տափակ կոնք: Ընդ որում, տափակ կոնքն, իր հերթին, լինում է հասարակ և տափակ նեղացած: Առաջինի դեպքում փոքր են ուղիղ չափերը, երկրորդի դեպքում` փոքր են բոլոր չափերը, սակայն ուղիղ չափերն առավել փոքր են: Հանդիպում են նաև հակառակ տարբերակը՝ նեղացած են լայնակի չափերը, երբ ուղիղ չափը նորմալ է, կամ նորմայից ավելի: Դա կոչվում է լայնակի նեղ կոնք:
Նեղ կոնքը հնարավոր է ախտորոշել նախքան հղիությունը: Մեկ անգամ հասատված նեղ կոնքը համարվում է մշտական ախտորոշում:
Հարկ է նշել, որ միայն կոնքի նշված չափերը չէ, որ կարևոր են, մեծ նշանակություն ունի նաև ոսկրերի հաստությունը: Կան նուրբ, բարակ ոսկրային համակարգ ունեցող կանայք և հակառակը՝ հաստ ոսկրեր ունեցողներ: Այնպես որ, հնարավոր է առաջին աստիճանի կոնքի նեղության դեպքում, սակայն բարակ ոսկրերի շնորհիվ ծննդաբերությունը նորմալ ընթանա: ևվ հակառակը, նորմալ չափերի դեպքում, սակայն հաստ ոսկրերի պայմաններում՝ պտուղը դժվարությամբ ծնվի և բարդություններ առաջանան:
- Որո՞նք են պատճառները:
- Նեղ կոնքի հիմնական տարբերակները կախված են կնոջ կազմվածքի, բնածին առանձնահատկությունների հետ:
Սակայն հնարավոր են նաև կոնքի ձեռքբերովի փոփոխություններ, երբ փոքր տարիքում, կամ ավելի ուշ տարած դիստրոֆիկ հիվանդությունների արդյունքում կնոջ կոնքը ձևախախտվում է (տարած ռախիտ, կոնքի կոտրվածքից հետո ոչ ճիշտ վերականգնման արդյունքում առաջացած ոսկրային դեֆորմացիա): Բարեբախտաբար, նման փոփոխություններ հազվադեպ են հանդիպում: Մինչդեռ նեղ կոնքը հանդիպում է բավականին հաճախ:
- Դեր ունի՞, արդյոք, կնոջ տարիքը:
- Քանի որ մեր երկրում հղիությունը թույլատրված է չափահաս տարիքում՝ 18-20 տարեկանից սկսած, երբ ոսկրային համակագը ձևավորված է, այս հարցը որևէ դեր չունի:
- Փոքր կոնքը ցուցո՞ւմ է` կեսարյան հատում իրականացնելու համար:
- Մանկաբարձական խնդիրը կայանում է նրանում, որ պետք է որոշում կայացվի. որքանո՞վ է հնարավոր` առանց երեխային տրավմայի ենթարկելու, նորմալ ծննդաբերություն իրականացնել: Հարկ է նշել նաև, որ կոնքի չափերից զատ, կարևոր են նաև պտղի ենթադրյալ չափերը: Օրինակ, կարող է կոնքը նեղ լինել, բայց 2,8 կգ քաշով պտուղը նորմալ ծնվի, առանց խնդիրների, և հակառակը՝ ոչ նեղ կոնքի և մեծ պտղի դեպքում ծննդաբերությունն ընթանա դժվար և՛ պտղի, և՛ մոր համար:
Երրորդ և չորրորդ աստիճանների նեղ կոնքի դեպքում նորմալ ծննդաբերությունը հակացուցված է, նման դեպքերում նախընտրելի է կեսարյան հատումը, որն ապահով է ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»