«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության պլանավորում

Հղիության պլանավորում

2020 Հուլ 16, Հինգշաբթի

Ընտանեկան զույգերի մեծամասնությունն առանձնապես չի զբաղվում նոր հղիության պլանավորմամբ, կարծելով, որ բավական է ցանկանալ այն: Դրան ավելի լուրջ են վերաբերվում ավելի հասուն զույգերը, եթե նախկինում արդեն խնդիրներ են ունեցել (արտարգանդային հղիություն, անպտղություն, առողջական խնդիրներ և այլն):

Ինչի՞ց է սկսում հղիության պլանավորումը

Օրգանիզմը հղիությանը պատրաստել պետք է մոտավորապես 3 ամիս առաջ:  Այդ ընթացքում պետք է հետազոտվել, հին և թաքնված հիվանդությունները հնարավորին բուժել, մաքրել օրգանիզմը վնասակար սովորությունների ազդեցությունից: Երիտասարդ զույգը պետք է գնահատի իր ծնող դառնալու հոգեբանական պատրաստությունը: Շատ ընտանիքներ երեխայի ծնվելուց հետո դժվարությունների են բախվում և, նույնիսկ, բաժանվում: Նոր աշխարհ եկած երեխան մեծ ջանքեր է պահանջում, և  պետք է երկար տարիներ սեփական կյանքերը հարմարեցնել երեխայի կյանքի ռեժիմին ու պահանջներին:

Եթե երեխա ունենալու վճիռը խիստ կշռադատված է, ապա կարելի է սկսել պատրաստությունը: Անհրաժեշտ է, նախ, գինեկոլոգի խորհրդատվություն, նրա խորհրդով` որոշ հետազոտությունների իրականացում և հրահանգների կատարում:

Հղիության պլանավորման ժամանակ անհրաժեշտ հետազոտությունները

Կնոջ և տղամարդու հետազոտությունները տարբերվում են: Երկուսն էլ, իհարկե, պետք է հետազոտեն արյունը և մեզը: Վաղ շրջանում հնարավոր է հայտնաբերել առողջական խնդիրներ (բորբոքային գործընթացներ, երիկամների և միզուղիների հիվանդություններ, սակավարյունություն և այլն), ժխտել այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են  հեպատիտ Բ-ն և Ց-ն, ՁԻԱՎ-ը, հերպեսը, սիֆիլիսը: Սեռական օրգանների վարակի հայտնաբերման համար հարկ է քսուկ հանձնել: Ախտաբանական միկրոօրգանիզմները կարող են բարդացնել հղիության ընթացքը և առաջացնել պտղի վարակում: Այդ վարակների բուժումը հղիության ժամանակ անցանկալի է և վտանգավոր, քանի որ շատ պատրաստուկներ պտղի վրա կործանարար ազդեցություն կարող են ունենալ:

Կինը պետք է փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ անցնի, որպեսզի գնահատվի արգանդի և ձվարանների վիճակը: Պետք է նաև պարզել արյան ռեզուս գործոնը:

Եթե տղամարդն առողջ է, այս հետազոտությունները բավարար են: Կնոջ մոտ բացասական ռեզուս գործոնի դեպքում պետք է ստուգել նաև տղամարդու ռեզուսը: Եթե նրանց մոտ ռեզուսը տարբեր է, կինը պետք է հակառեզուս-գլոբուլինի ներարկում ստանա: Ուրոլոգի խորհրդատվությունը և սպերմոգրաման պետք կլինեն միայն, եթե բեղմնավորումը չի իրականանում տարվա ընթացքում կամ հղիությունն ավարտվում է վիժումով: Նման դեպքերում նաև անհրաժեշտ կլինեն հորմոնալ հետազոտություն և էնդոկրինոլոգի խորհրդատվություն:

Գործոններ` հղիության պլանավորման ժամանակ

Զույգի առողջական վիճակից է կախված հղիությանը պատրաստվելու ժամկետը: Այդ ընթացքում պետք է  բացառել այն գործոնները, որոնք կարող են ազդել բեղմնավորման և ապագա հղիության զարգացման վրա:

Դրանք կարող են լինել.

Քրոնիկ, դանդաղ ընթացքով երկարատև հիվանդությունները: Սրացումներից խուսափելու համար, դրանցից պետք է ազատվել պլանավորման շրջանում: Վարակներից շատերը պահանջում են լուրջ դեղորայքային բուժում: Ժամանակ է պետք, որպեսզի օրգանիզմը մաքրվի բուժումից հետո:

Սեռական ինֆեկցիաները, բորբոքումները, միկրոօրգանիզմների շեմային մակարդակի առկայությունը: Դրանցից պետք է ազատվեն զույգերից երկուսն էլ: Այս դեպքում նախապատրաստման շրջանը երկարում է: Բուժումից և վերականգնողական կուրսից հետո պետք է անցնի 3 ամիս:

Հորմոնալ կոնտրացեպտիայից կտրուկ հրաժարում: Կնոջ հորմոնալ ֆոնը պետք է վերականգնվի: Խորհուրդ է տրվում սպասել 2-3 ցիկլ և հետո միայն թույլատրել բեղմնավորումը:

Ծխելը, ալկոհոլը և նարկոտիկ նյութերը: Այս վնասակար սովորությունների բացասական ազդեցությունը հասունացող  ձվաբջջի և սպերմատազոիդների վրա վաղուց է ապացուցված:

Ծանր ֆիզիկական աշխատանքը կամ վնասակար արտադրական նյութերը (լաքեր, թունաքիմիկատներ, սնդիկ, փոշի, ծանր մետաղներ) ազդում են ապագա ծնողների առողջության վրա և բարձրանում է պտղի մոտ արատների առաջացման ռիսկը:

Ծնողների տարիքը, հատկապես` կնոջ: 35 տարեկանից հետո նկատվում է վերարտադրողական ֆունկցիայի նվազում, իսկ կյանքի ընթացքում ձեռք բերված տարբեր հիվանդությունները (դիաբետ, ասթմա, հիպերտոնիա) ավելի հավանական են, քան երիտասարդ մայրերի մոտ:

Ապրելակերպի փոփոխություն

Առողջ մարդու կենսակերպը պետք է լինի ճիշտ սնունդը, լիարժեք, 8-ժամյա քունը, բավարար ֆիզիկական ակտիվությունը, հրաժարումը վնասակար սովորություններից: Շատ ապագա ծնողների համար ամենադժվարը ծխելուց և ալկոհոլից հրաժարվելն է:
Ճիշտ սնունդը դժվարություն չի ներկայացնում. պետք է հրաժարվել պահածոներից, արագ սննդից: Սահմանափակել է պետք սուրճը: Տապակած և ապխտած սնունդը հարկ է փոխարինել խաշած սննդով, օգտագործել շատ բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք:

Մարզումները կօգնեն ամրացնել անհրաժեշտ մկանները, հատկապես որովայնի և իրանի:

Վիտամինները

Կնոջ խնդիրն օրգանիզմի վիտամինների և միկրոէլեմենտների անբավարարության վերացումն է: Ապագա երեխայի բոլոր համակարգերի և օրգանների ձևավորումը սկսում է գրեթե միաժամանակ, առաջին շաբաթներից, այդ պատճառով այն պետք է իրեն անհրաժեշտ նյութերի պակաս չզգա:

Ֆոլաթթուն` պլանավորման ժամանակ

Պլանավորման ժամանակ  կնոջ օրգանիզմը ֆոլաթթվով հագեցնելը կարևոր գործոն է: Մեծահասակների մեծ մասի մոտ այն անբավարար է կամ մոտ է շեմային սահմանին: Ֆոլաթթուն վերահսկում է պտղի աճի արագությունը, պատասխանատու է նյարդային համակարգի` գլխուղեղի և ողնուղեղի ձևավորման համար, որն սկսվում է արդեն բեղմնավորումից 2-3 շաբաթ անց: Այս վիտամինի բավարար քանակը կնոջ օրգանիզմում նվազեցնում է պտղի զարգացման շեղումները: Ֆոլաթթվի նվազագույն քանակն ապահովվելու համար անհրաժեշտ է  400 մկգ` օրվա ընթացքում: Այս էլեմենտը կարող է  ընդունվել վիտամինային կոմպլեքսների կամ առանձին հաբերի ձևով: Այն նշանակվում է բոլոր կանանց` առանց բացառության: Բնական ֆոլաթթու պարունակող մթերքներն են` կանաչեղենը, լոբազգիները, կարտոֆիլը, բազուկը, ընկուզեղենը, արևածաղիկը: Սակայն դրանց օգտագործմամբ հնարավոր չէ ապահովել ֆոլաթթվի անհրաժեշտ քանակը:

Վիտամին Ե (տոկոֆերոլ)

Վիտամին Ե-ն հիմնականում առանձին պատրաստուկի տեսքով է: Այն անփոխարինելի է վերարտադրողական համակարգի համար, նպաստում է առողջ սեռական բջիջների հասունացմանը, օգնում է բեղմնավորմանը և հղիության ճիշտ ընթացքին, կանխում է տարբեր բարդությունները, ինչպիսիք են` վիժումները և վաղաժամ ծնունդը: Այն օրգանիզմն ազատում է տոքսիններից, ուստի կիրառվում է տոքսիկոզների ժամանակ: Այն պարունակվում է լոբազգիների, կաղամբի, լյարդի և ձվի դեղնուցի մեջ: Այն արդյունավետ յուրացվում է կարոտինի հետ:

Այս ամենի հետ, օրգանիզմին անհրաժեշտ են նաև բավարար քանակով յոդ, վիտամին Դ3, երկաթ: Դրա համար բժիշկը նշանակում է պելիվիտամինային կոմպլեքսներ:

Այս բոլոր հրահանգների կատարումը բարդ չէ, բայց խիստ օգտակար է: Եթե զույգի մոտ բացակայում են առողջական արտահայտված խնդիրները, կան շատ նրբություններ,  որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել հղիության հենց սկզբից: Ավելի լավ է նախապատրաստվել և կանխել բոլոր հնարավոր տհաճ անակնկալները:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը