2020 Հուլ 16, Հինգշաբթի
Ընտանեկան զույգերի մեծամասնությունն առանձնապես չի զբաղվում նոր հղիության պլանավորմամբ, կարծելով, որ բավական է ցանկանալ այն: Դրան ավելի լուրջ են վերաբերվում ավելի հասուն զույգերը, եթե նախկինում արդեն խնդիրներ են ունեցել (արտարգանդային հղիություն, անպտղություն, առողջական խնդիրներ և այլն):
Ինչի՞ց է սկսում հղիության պլանավորումը
Օրգանիզմը հղիությանը պատրաստել պետք է մոտավորապես 3 ամիս առաջ: Այդ ընթացքում պետք է հետազոտվել, հին և թաքնված հիվանդությունները հնարավորին բուժել, մաքրել օրգանիզմը վնասակար սովորությունների ազդեցությունից: Երիտասարդ զույգը պետք է գնահատի իր ծնող դառնալու հոգեբանական պատրաստությունը: Շատ ընտանիքներ երեխայի ծնվելուց հետո դժվարությունների են բախվում և, նույնիսկ, բաժանվում: Նոր աշխարհ եկած երեխան մեծ ջանքեր է պահանջում, և պետք է երկար տարիներ սեփական կյանքերը հարմարեցնել երեխայի կյանքի ռեժիմին ու պահանջներին:
Եթե երեխա ունենալու վճիռը խիստ կշռադատված է, ապա կարելի է սկսել պատրաստությունը: Անհրաժեշտ է, նախ, գինեկոլոգի խորհրդատվություն, նրա խորհրդով` որոշ հետազոտությունների իրականացում և հրահանգների կատարում:
Հղիության պլանավորման ժամանակ անհրաժեշտ հետազոտությունները
Կնոջ և տղամարդու հետազոտությունները տարբերվում են: Երկուսն էլ, իհարկե, պետք է հետազոտեն արյունը և մեզը: Վաղ շրջանում հնարավոր է հայտնաբերել առողջական խնդիրներ (բորբոքային գործընթացներ, երիկամների և միզուղիների հիվանդություններ, սակավարյունություն և այլն), ժխտել այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են հեպատիտ Բ-ն և Ց-ն, ՁԻԱՎ-ը, հերպեսը, սիֆիլիսը: Սեռական օրգանների վարակի հայտնաբերման համար հարկ է քսուկ հանձնել: Ախտաբանական միկրոօրգանիզմները կարող են բարդացնել հղիության ընթացքը և առաջացնել պտղի վարակում: Այդ վարակների բուժումը հղիության ժամանակ անցանկալի է և վտանգավոր, քանի որ շատ պատրաստուկներ պտղի վրա կործանարար ազդեցություն կարող են ունենալ:
Կինը պետք է փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ անցնի, որպեսզի գնահատվի արգանդի և ձվարանների վիճակը: Պետք է նաև պարզել արյան ռեզուս գործոնը:
Եթե տղամարդն առողջ է, այս հետազոտությունները բավարար են: Կնոջ մոտ բացասական ռեզուս գործոնի դեպքում պետք է ստուգել նաև տղամարդու ռեզուսը: Եթե նրանց մոտ ռեզուսը տարբեր է, կինը պետք է հակառեզուս-գլոբուլինի ներարկում ստանա: Ուրոլոգի խորհրդատվությունը և սպերմոգրաման պետք կլինեն միայն, եթե բեղմնավորումը չի իրականանում տարվա ընթացքում կամ հղիությունն ավարտվում է վիժումով: Նման դեպքերում նաև անհրաժեշտ կլինեն հորմոնալ հետազոտություն և էնդոկրինոլոգի խորհրդատվություն:
Գործոններ` հղիության պլանավորման ժամանակ
Զույգի առողջական վիճակից է կախված հղիությանը պատրաստվելու ժամկետը: Այդ ընթացքում պետք է բացառել այն գործոնները, որոնք կարող են ազդել բեղմնավորման և ապագա հղիության զարգացման վրա:
Դրանք կարող են լինել.
Քրոնիկ, դանդաղ ընթացքով երկարատև հիվանդությունները: Սրացումներից խուսափելու համար, դրանցից պետք է ազատվել պլանավորման շրջանում: Վարակներից շատերը պահանջում են լուրջ դեղորայքային բուժում: Ժամանակ է պետք, որպեսզի օրգանիզմը մաքրվի բուժումից հետո:
Սեռական ինֆեկցիաները, բորբոքումները, միկրոօրգանիզմների շեմային մակարդակի առկայությունը: Դրանցից պետք է ազատվեն զույգերից երկուսն էլ: Այս դեպքում նախապատրաստման շրջանը երկարում է: Բուժումից և վերականգնողական կուրսից հետո պետք է անցնի 3 ամիս:
Հորմոնալ կոնտրացեպտիայից կտրուկ հրաժարում: Կնոջ հորմոնալ ֆոնը պետք է վերականգնվի: Խորհուրդ է տրվում սպասել 2-3 ցիկլ և հետո միայն թույլատրել բեղմնավորումը:
Ծխելը, ալկոհոլը և նարկոտիկ նյութերը: Այս վնասակար սովորությունների բացասական ազդեցությունը հասունացող ձվաբջջի և սպերմատազոիդների վրա վաղուց է ապացուցված:
Ծանր ֆիզիկական աշխատանքը կամ վնասակար արտադրական նյութերը (լաքեր, թունաքիմիկատներ, սնդիկ, փոշի, ծանր մետաղներ) ազդում են ապագա ծնողների առողջության վրա և բարձրանում է պտղի մոտ արատների առաջացման ռիսկը:
Ծնողների տարիքը, հատկապես` կնոջ: 35 տարեկանից հետո նկատվում է վերարտադրողական ֆունկցիայի նվազում, իսկ կյանքի ընթացքում ձեռք բերված տարբեր հիվանդությունները (դիաբետ, ասթմա, հիպերտոնիա) ավելի հավանական են, քան երիտասարդ մայրերի մոտ:
Ապրելակերպի փոփոխություն
Առողջ մարդու կենսակերպը պետք է լինի ճիշտ սնունդը, լիարժեք, 8-ժամյա քունը, բավարար ֆիզիկական ակտիվությունը, հրաժարումը վնասակար սովորություններից: Շատ ապագա ծնողների համար ամենադժվարը ծխելուց և ալկոհոլից հրաժարվելն է:
Ճիշտ սնունդը դժվարություն չի ներկայացնում. պետք է հրաժարվել պահածոներից, արագ սննդից: Սահմանափակել է պետք սուրճը: Տապակած և ապխտած սնունդը հարկ է փոխարինել խաշած սննդով, օգտագործել շատ բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք:
Մարզումները կօգնեն ամրացնել անհրաժեշտ մկանները, հատկապես որովայնի և իրանի:
Վիտամինները
Կնոջ խնդիրն օրգանիզմի վիտամինների և միկրոէլեմենտների անբավարարության վերացումն է: Ապագա երեխայի բոլոր համակարգերի և օրգանների ձևավորումը սկսում է գրեթե միաժամանակ, առաջին շաբաթներից, այդ պատճառով այն պետք է իրեն անհրաժեշտ նյութերի պակաս չզգա:
Ֆոլաթթուն` պլանավորման ժամանակ
Պլանավորման ժամանակ կնոջ օրգանիզմը ֆոլաթթվով հագեցնելը կարևոր գործոն է: Մեծահասակների մեծ մասի մոտ այն անբավարար է կամ մոտ է շեմային սահմանին: Ֆոլաթթուն վերահսկում է պտղի աճի արագությունը, պատասխանատու է նյարդային համակարգի` գլխուղեղի և ողնուղեղի ձևավորման համար, որն սկսվում է արդեն բեղմնավորումից 2-3 շաբաթ անց: Այս վիտամինի բավարար քանակը կնոջ օրգանիզմում նվազեցնում է պտղի զարգացման շեղումները: Ֆոլաթթվի նվազագույն քանակն ապահովվելու համար անհրաժեշտ է 400 մկգ` օրվա ընթացքում: Այս էլեմենտը կարող է ընդունվել վիտամինային կոմպլեքսների կամ առանձին հաբերի ձևով: Այն նշանակվում է բոլոր կանանց` առանց բացառության: Բնական ֆոլաթթու պարունակող մթերքներն են` կանաչեղենը, լոբազգիները, կարտոֆիլը, բազուկը, ընկուզեղենը, արևածաղիկը: Սակայն դրանց օգտագործմամբ հնարավոր չէ ապահովել ֆոլաթթվի անհրաժեշտ քանակը:
Վիտամին Ե (տոկոֆերոլ)
Վիտամին Ե-ն հիմնականում առանձին պատրաստուկի տեսքով է: Այն անփոխարինելի է վերարտադրողական համակարգի համար, նպաստում է առողջ սեռական բջիջների հասունացմանը, օգնում է բեղմնավորմանը և հղիության ճիշտ ընթացքին, կանխում է տարբեր բարդությունները, ինչպիսիք են` վիժումները և վաղաժամ ծնունդը: Այն օրգանիզմն ազատում է տոքսիններից, ուստի կիրառվում է տոքսիկոզների ժամանակ: Այն պարունակվում է լոբազգիների, կաղամբի, լյարդի և ձվի դեղնուցի մեջ: Այն արդյունավետ յուրացվում է կարոտինի հետ:
Այս ամենի հետ, օրգանիզմին անհրաժեշտ են նաև բավարար քանակով յոդ, վիտամին Դ3, երկաթ: Դրա համար բժիշկը նշանակում է պելիվիտամինային կոմպլեքսներ:
Այս բոլոր հրահանգների կատարումը բարդ չէ, բայց խիստ օգտակար է: Եթե զույգի մոտ բացակայում են առողջական արտահայտված խնդիրները, կան շատ նրբություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել հղիության հենց սկզբից: Ավելի լավ է նախապատրաստվել և կանխել բոլոր հնարավոր տհաճ անակնկալները:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»