2020 Սեպ 18, Ուրբաթ
Ի՞նչ է իրենից ներկայացնում կոլպոսկոպիան
Կոլպոսկոպիան արտաքին սեռական օրգանների, hեշտոցի և արգանդի պարանոցի հիվանդությունների ախտորոշման բարձր տեղեկատվական, մատչելի, միանգամայն անվտանգ մեթոդ է, որն էականորեն բարձրացնում է գինեկոլոգիական տարբեր ախտահարություններով կանանց հետազոտության արդյունավետությունը: Այս մեթոդը միևնույն ժամանաակ ոչ ինվազիվ է և անցավ:
Ինչպիսի՞ սարքավորման օգնությամբ է այն կատարվում
Կոլպոսկոպիան կատարվում է կոլպոսկոպի օգնությամբ, որը բժշկական սարք է, բինոկուլյար մանրադիտակ, որով հնարավոր է բազմակի խոշորացնել հետազոտվող հյուսվածքների պատկերը (5-40 անգամ ): Սարքն ապահովված է հզոր լուսավորմանբ:
Տվյալ հետազոտությունը կատարվում է ստանդարտ գինեկոլոգիական բազմոցում և տևում է 10 րոպեից մինչև կես ժամ: Հեշտոցում գինեկոլոգիական հայելիների տեղադրումից հետո հյուսվածքների մակերեսը մանրազնին ուսումնասիրվում է մանրադիտակով, պահպանելով 10-15 սմ հեռավորություն՝ անոմալ գոտիների և նորագոյացությունների հայտնաբերման նպատակով:
Կոլպոսկոպիայի տեսակները
Տարբերում են հասարակ կոլպոսկոպիա և լայնածավալ կոլպոսկոպիա: Վերջինի ժամանակ կիրառվում են մի քանի օպտիկական ֆիլտրեր, և հետազոտվող հյուսվածքները մշակվում են յոդի, լյուգոլի, քացախաթթվի լուծույթներով: Զննելով հեշտոցի պատերը և արգանդի պարանոցի հեշտոցային հատվածը, բժիշկը այն նկարագրում է եզրակացության մեջ, կամ էլ հետազոտման արդյունքը ներկայացվում է ախտահարված հատվածների տեղակայման և տեսակի սխեմատիկ պատկերով:
Որոշ կոլպոսկոպներ նախատեսված են միայն տեսողական զննման համար, մյուսները հնարավորություն են տալիս պատկերն արտածել էկրանին, լուսանկարել և տեսագրել զննությունը: Տեսախցիկի կիրառման առավելություններից է այցելուի անմիջական մասնակցությունը հետազոտման ժամանակ:
Ո՞ր դեպքերում է կատարվում այս հետազոտությունը
Կոլպոսկոպիան կիրառվում է ինչպես կանխարգելիչ նպատակով, այնպես էլ՝ պարտադիր կերպով հետևյալ դեպքերում ՛
1. Հեշտոցի պատերի և արգանդի պարանոցի անզեն աչքով տեսանելի փոփոխությունների հայտնաբերման ժամանակ:
2. Եթե կատարված բջջաբանական հետազոտության (PAP-քսուք) ժամանակ հայտնաբերվել են բջիջներ, որոնք նորմայում չեն լինում:
3. Կնոջ մոտ որևէ գինեկոլոգիական խնդիր հայտնաբերելու ժամանակ:
4.Դիսպանսեր հսկողության հետազոտությունների ժամանակ այն կանանց մոտ, որոնց մոտ հայտնաբերված է մարդու պապիլոմավիրուս (ՄՊՎ):
5. Անցկացված բուժման որակի հսկում:
Հակացուցումներ
Հետազոտման հակացուցումներ են հանդիսանում սեռական օրգանների սուր բորբոքային հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները յոդի և քացախաթթվի նկատմամբ:
Նախապատրաստական միջոցառումներ
Ինչպես ցանկացած գինեկոլոգիական հետազոտությունից առաջ, այնպես էլ՝ նախքան կոլպոսկոպիան, անհրաժեշտ է նախապատրաստվել: Միջամտության լավագույն շրջանը դաշտանի ավարտից 2-3 օր հետո է: Կոլպոսկոպիային նախորդող մի քանի օրերի ընթացքում նպատակահարմար է բացառել սեռական հարաբերությունը, ցնցուղումը և խոնավացնող գելերի օգտագործումը:
Հետազոտության արդյունավետությունը և ճշգրտությունը
Չնայած բարձր տեղեկատվական հնարավորություններին, կոլպոսկոպիան հանդիսանում է ախտորոշման բավականին սուբյեկտիվ մեթոդ, որտեղ մեծ դեր է խաղում բժշկի որակավորումը և արդյունքների ճշգրիտ գնահատումը:
Անրաժեշտ է նշել, որ արգանդի պարանոցի վիճակի գնահատման համար կոլպոսկոպիան բավարար չէ. Որպես սքրինինգային մեթոդ կիրառվում է PAP-քսուքի հետազոտությունը: Հետազոտման ալգոռիթմի մեջ նաև մտնում է ՄՊՎ առկայության քննությունը: Եվ իհարկե, արգանդի պարանոցի հիվանդությունների ախտորոշման ոսկե ստանդարտ է հանդիսանում նպատակային բիոպսիան՝ կոլպոսկոպիայի հսկողության տակ:
Հայաստանում PAP-քսուքի թեստը կատարվում է 3 տարին մեկ անգամ: Կապված յուրաքանչյուր կնոջ հետազոտությունների արդյունքներից, ընտրվում է անհատական բուժման եղանակ և հսկողության ռեժիմ:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»