2020 Օգս 25, Երեքշաբթի
Հղիությունը բաժանվում է երեք եռամսյակի: Յուրաքանչյուր եռամսյակին բնորոշ և կարևոր են որոշակի մթերքներ, որոնք անհրաժեշտ են հղիին:
Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի առաջին եռամսյակում:
Առաջին եռամսյակում հարկ է պահպանել սովորական սննդակարգը: Այն պետք է լինի հավասարակշռված և լիարժեք, բավարարի սպիտակուցների, ածխաջրատների, ճարպերի քանակը, հարուստ լինի վիտամիններով, հատկապես` ֆոլաթթվով, որի պակասը վաղ ժամկետներում ազդում է երեխայի նյարդային խողովակի զարգացման վրա:
Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի երկրորդ եռամսյակում:
Երկրորդ եռամսյակում ավելի կարևոր է սպիտակուցների քանակի կարգավորումը և ավելացումը, որովհետև այս շրջանում երեխայի բուռն զարգացում է ընթանում:
Հայտնի է, որ այս շրջանում հղի կանանց մոտ կալորիաների ծախսն ավելանում է 300-500-ով, օրվա ռացիոնում մոտավորապես 96 գրամով սպիտակուցների օգտագործման պահանջն է ավելանում: Եվ, բնականաբար, հղի կինը պետք է նորմալ սնվի սպիտակուցներով հարուստ սննդամթերքով: Սպիտակուցներով հարուստ են հատկապես մսամթերքը և լոբազգիները Սակայն լոբազգիների օգտագործումն այնքան էլ ցանկալի չէ, որովհետև աղիներում կարող են գազեր առաջանալ և ճնշել արգանդը: Ուստի ցանկալի է մսամթերքի օգտագործումը, ընդ որում` ցանկացած տեսակի:
Կաթնամթերքի և ձվի ներառումը ռացիոնում նույնպես շատ կարևոր է, բայց ոչ այնքան որպես սպիտակուցի աղբյուր, որքան` կալցիումի, քանի որ երկրորդ եռամսյակում` հատկապես մինչև 20 շաբաթականն է սկսվում ոսկրացման, ոսկրերի զարգացման գործընթացը, և երեխան մորից տանում է իրեն անհրաժեշտ կալցիումը: Սննդում կալցիումի պակասի արդյունքում հղիների մոտ կարող է տուժել ոսկրային համակարգը, նկատվում է մազաթափություն, եղունգների հետ կապված խնդիրներ: Հատկապես անհրաժեշտ է սննդակրգում կաթնաշոռի ներառումը:
Ինչպիսի՞ սննդակարգ է նախընտրելի երրորդ եռամսյակում:
Երրորդ եռամսյակում առանձնակի սննդակարգ չի պահանջվում, ընդամենը նա պետք է նորմալ սնվի: Եվ, քանի որ այդ եռամսյակում հղիները հիմնականում քաշ են ավելացնում, ինչն անգամ կարող է բերել ճարպակալման, բնականաբար, հարկ է բժշկի հետ կարգավորել օրվա սննդակարգը՝ ճարպակալումը և ավելորդ քաշը կանխելու համար:
Կա՞ն սննդակարգի ընդհանուր կանոններ:
Հղին ամբողջ հղիության ժամանակ պետք է հաճախակի սնվի՝ օրը 4-5 անգամ և քիչ քանակներով` ապահովելու սննդի նորմալ յուրացումը:
Երեկոյան ժամերին հարկ է զգուշանալ շատ սնվելուց, ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ, որպեսզի մարսողական խնդիրներ չառաջանան:
Ցանկալի է սննդակարգում ներառել բանջարեղեն, մրգեր` հաշվի առնելով սեզոնային մթերքները: Ցանկալի է խուսափել ցիտրուսային մրգերից, որովհետև շատ հղիների մոտ կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ:
Եթե հղիի մոտ առկա է արտասովոր սննդային հակումներ, ինչպե՞ս վերաբերվել:
Հղիի արտառոց հակումները՝ կավիճ, հող ուտելը, կալցիումի պակասի հետ են կապված: Բայց եթե սննդակարգը ճիշտ է կարգավորվում, օգտագործում կաթնաշոռ և կալցիում պարունակող մթերքներ, օրինակ, քունջութ, խնդիրներ չեն առաջանա: 13-20 շաբաթականում օրական 0.5-1 տուփ կաթնաշոռի օգտագործումն արդեն բավարար է, և կալցիումի դեղորայքով ընդունման կարիք չի լինի:
Ի՞նչ սննդային սահմանափակումներ կան:
Հղիության ընթացքում ցանկալի չէ ալկոհոլի օգտագործումը: Հարկ է սահմանափակել աղի, թթու, կծու սննդի օգտագործումը, որովհետև այն հեղուկը պահում է օրգանիզմում, և կարող են այտուցներ զարգանալ:
Ցանկալի չէ տապակած սննդի օգտագործումը, ավելի լավ է` խաշած: Պետք է բացառել քիմիական հավելումներով մթերքները:
Ինչպե՞ս եք վերաբերվում սուրճի, թեյի օգտագործելուն:
Սուրճ և թեյ կարելի է օգտագործել քիչ քանակությամբ, եթե հղիությունը նորմալ է ընթանում և չկա ախտաբանություն: Պրեէկլամպսիայի, զարկերակային գերճնշման առկայության դեպքերում սուրճը և թեյը պետք է սահմանափակել, քանի որ կարող են նպաստել ճնշման բարձրացմանը:
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սխալ սնունդը:
Ոչ ճիշտ սնունդը հղիության փոքր ժամկետներում կարող է արատների զարգացման պատճառ լինել: Շատ հայտնի բժշկական փաստ է, որ եթե կանանց մոտ ֆոլաթթվի անբավարարության դեպքում երեխաները կարող են ծնվել արատներով, նյարդային համակարգի խնդիրներով:
Հղիության ավելի մեծ ժամկետներում սխալ սնունդը խնդիրներ կարող է առաջացնել ոչ թե երեխայի, այլ հղիի մոտ՝ մազաթափություն, ոսկրերի փխրունություն, ատամների խնդիրներ և այլն:
Երեխայի փոքր քաշը, սովորաբար, հղիի սննդի հետ կապված չէ, որովհետև, այսպես թե այնպես, երեխան իրեն անհրաժեշտ վիտամինները, նյութերը վերցնում է մորից:
Ինչպե՞ս կանխարգելել:
Հղիության փաստը հաստատվելուց հետո, մինչև 13 շաբաթականը, կանանց պարտադիր նշանակվում է ֆոլաթթու, որպեսզի նյարդային խողովակի զարգացման հետ կապված լուրջ բարդություններ չառաջանան: Ֆոլաթթուն նշանակվում է անգամ մինչև հղիությունը՝ 3 ամիս առաջ: Այլ վիտամինների պակասի դեպքում հարկ է այն կարգավորել սննդի օգնությամբ կամ պատրաստուկների նշանակմամբ:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»