2020 Փետ 17, Երկուշաբթի
Ի՞նչ է հղիության շաքարախտը:
Թունավոր խպիպ, շաքարախտ, բոլոր էնդոկրին հիվանդություններով տառապող հղիները լինում են մեր հսկողության տակ: Հղիությունն առավել բարդ է ընթանում զուկացվող էնդոկրինոլոգիական հիվանդություններից` շաքարախտի ժամանակ:
Կա շաքարախտի երկու տարբերակ, սակայն տարբերում են նաև երրորդը՝ հեստացիոն (հեստացիա` հղիություն), հղիության շաքարախտը, որը հաճախ լինում է գեր կանանց մոտ, որը ծննդաբերությունից հետո անցնում է, ինչը, սակայն, վկայում է շաքարախտի նկատմամբ հակվածության մասին: Այդ կանայք պետք է ուշադիր լինեն, որպեսզի հետագայում չզարգանա երկրորդ տիպի շաքարախտ:
Շաքարախտի ի՞նչ տեսակներ կարող են լինել հղիության ժամանակ:
Հղիության ժամանակ կարող ենք առնչվել շաքարախտի բոլոր տեսակների հետ:
Առաջին տիպի շաքարախտը հիմնականում երեխաների մոտ է լինում` ի ծնե, գենետիկական պայմանավորվածությամբ: Օրգանիզմում գենետիկ շեղման պատճառով հակամարմիններ են առաջանում, որոնք նստում են ենթաստամոքսային գեղձի բետտա բջիջների վրա և քայքայում են դրանք, ինչի հետևանքով խաթարվում է ինսուլինի արտադրությունը: Այս դեպքերում ամբողջ կյանքում ստիպված են լինում ինսուլին ստանալ, որի պատճառով կոչվում է նաև ինսուլինակախյալ շաքարախտ:
Ինսուլին ոչ կախյալ շաքարախտը դա երկրորդ տիպի շաքարախտն է, երբ ինսուլինը շատ է, բայց ազդեցությունն է թույլ, ինչը մեծ մասամբ լինում է գեր մարդկանց մոտ, քանի որ ճարպային հյուսվածքը թուլացնում է ինսուլինի ազդեցությունը: Սակայն, տարիների ընթացքում, ենթաստամոքսային գեղձը` մեծ քանաքով ինսուլին արտադրելով, հյուծվում, և այլևս չի կարողանում բավարար քանակ ապահովել: Այդ ժամանակ անհրաժեշտ է պակասը կարգավորել դեղորայքի ընդունմամբ:
Հղիությունը ենթաստամոքսային գեղձի համար քննություն է, որովհետև հղիի օրգանիզմում հորմոնալ մեծ տեղաշարժեր են ընթանում, ինչը կարող է նպաստել շաքարի բարձրացմանը, միայն ինսուլինն է այն իջեցնում: Մինչդեռ ուղեղը սնվում է գլյուկոզայով, և գլյուկոզան պետք է բավարար լինի: Այս պայմաններում փոքր շեղումն էլ կբերի շաքարախտի ի հայտ գալուն, և դա էլ հենց կոչվում է հեստացիոն դիաբետ:
Հղիության ընթացքում շաքարախտի հետ կապված խնդիրները
Մինչև 12 շաբաթականը, որի ընթացքում օրգանների զարգացումն է ընթանում, կարող են առաջանալ տարբեր արատներ /սիրտ-անոթային համակարգի, հետանցքի բացակայություն և այլն/:
Իսկ հետագայում բարձր շաքարից պտղի քաշն է նորմայից ավելանում: Որովհետև, եթե մոր շաքարը բարձր է, դրա մոլեկուլյար կշիռը փոքր լինելու հետևանքով, այն հեշտ անցնում է ընկերքով: Իսկ շատ շաքար անցնելու դեպքում պտղի մոտ շատ ինսուլին է արտադրվում: Այդ դեպքում նյութափոխանակության անաբոլիկ՝ կուտակային էֆեկտ կառաջանա, և պտղի քաշը շատ արագ կաճի՝ մինչև անգամ 5-6 կգ:
Ինսուլինի շատ լինելը ճնշում է նաև թոքերի զարգացումը, և կարող են առաջանալ հիալինային թաղանթներ /հիայինային մեմբրանների սինդրոմ/: Իսկ եթե թոքերը չբացվեն, ծննդաբերության ժամանակ պտուղը ատելեկտազից կարող է խեղդվել: Իհարկե, այսօրվա սարքավորումներով հնարավոր է լինում երեխային պահել՝ մինչև թոքերն ինքնուրույն սկսեն զարգանալ: Այսօր նեոնատոլոգիան այնպիսի առաջընթաց ունի, որ կես կգ-ի դեպքում էլ երեխային կարողանում ենք փրկել:
Երբ հղիի մոտ պտուղն սկսում է ձևավորվել, և կնոջ շաքարի մի մասն օգտագործում է պտուղը, ինսուլին ստացող կնոջ մոտ կարող է հիպոգլիկեմիա առաջանալ, այդ պատճառով այդ շրջանում ինսուլինի դեղաչափը մի փոքր պակասեցվում է: Բայց արդեն երկրորդ շրջանում՝ 20 շաբաթից, հատկապես 30-ից հետո, արդեն ընկերքը շատ հորմոններ է արտադրում և շատ հզոր է: Իսկ նրա արտադրած բոլոր հորմոններն ինսուլինի դեմ են, որի հետևանքով բարձրանում է ինսուլինի պահանջը: Այդ պատճառով միշտ պետք է հետևել, որ գլյուկոզան նորմայում գտնվի:
Իսկ կնոջ մոտ, եթե հեմոգլոբինին միացած գլյուկոզայի քանակը բարձր է, այն սպիտակուցի հետ միանալով կմտնի անոթների պատերի մեջ և դա կբերի միկրոանգիոպաթիայի, որի հետևանքը /երկրորդ տիպի շաքարախտին է բնորոշ/ ոտքերի գանգրենան է: Իսկ առաջին տիպի շաքարախտին բնորոշ է աչքի հատակի անոթների վնասումը: Եվ կուրության 40 տոկոսից ավելին դիաբետիկ ռետինոպաթիայի հետևանք է:
Կա միկրո և մակրոանգիոպաթիա. Մակրոն աթերոսկլերոտիկ վնասումն է, իսկ միկրոն բնորոշ է շաքարախտին և ավելի վաղ է սկսում: Անոթների վնասումը կարող է նաև ինսուլտների, ինֆարկտների պատճառ դառնալ, երիկամներում՝ դիաբետիկ գլոմերուլոնեֆրիտի և այլն:
Շաքարախտը կարող է վնասել նաև երիկամները, իսկ դա հղիության ժամանակ բերում է էկլամպսիա, պրեէկլամպսիա բարդության, որը լուրջ, ծայրահեղ վիճակ է: Այդ պատճառով երիկամների վիճակը աչալուրջ հսկել է պետք՝ զարկերակային ճնշում, մեզում սպիտակուցների քանակը:
Էկլամպսիան բավականին լուրջ հիվանդություն է, որի ժամանակ մանկաբարձ գինեկոլոգը և էնդոկրինոլոգը սերտորեն պետք է համագործակցեն:
Վիժումների պատճառ կարող է լինել նաև արյան բարձր մակարդելիությունը: Այդ ժամանակ համագործակցում ենք արյունաբանական կենտրոնի հետ:
Շաքարախտով հիվանդ հղիների հսկողությունը և հետազոտությունները
Նույնիսկ հղիությունից առաջ է պետք կնոջը պատրաստել, եթե կա առաջին տիպի շաքարախտ:
Մեր գործը հղիության ընթացքում հղիի վիճակը ճիշտ վարելն է, որ ոչ պտուղը, ոչ մայրը խնդիրներ չունենան, իսկ հետո պետք է ճիշտ որոշել ծննդալուծման ժամանակը: Որովհետև որքան էլ հղին լավ հսկվի, մենք չենք կարող փոխարինել ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, և խնդիրներ այս կամ այն չափով կարող են առաջանալ:
Եթե այն միայն դիետայով է կարգավորվում, բուժում չի նշանակվում, իսկ եթե շարունակվում է խնդիրը, նշանակվում է միայն ինսուլին:
Կա Ուայթի դասակարգում, որտեղ շաքարախտը բաժանված է ըստ ծանրության, երկարատևության և բարդությունների: Եվ թե որ դեպքում որ ժամկետում պետք է հղիին ծննդալուծել, որպեսզի կանխարգելվեն շեղումներն ու բարդությունները: Ծանր դեպքերում ավելի շուտ են ծննդալուծում, այլապես կարող է պտղի ներարգանդային մահ լինել: Ամեն դեպքում բոլոր շաքարախտով հիվանդ հղիներին ավելի շուտ են ծննդալուծում, միայն հղիության շաքարախտ է, հնարավոր է թողնել մինչև վերջ՝ 40 շաբաթ:
30 շաբաթից հետո մանկաբարձ գինեկոլոգի և էնդոկրինոլոգի՝ ներզատաբանի աշխատանքն ավելի բարդանում է, որովհետև պետք է հետևել, թե ինչ վիճակում է պտուղը. Դոպլեր անել, ԿՏԳ-ն ժամանակ առ ժամանակ, որ ամեն պահ հասկանալի լինի պտղի վիճակը, շեղումներ չառաջանան: Իսկ անհրաժեշտության դեպքում մոտ 35 շաբաթից կարելի է հոսպիտալիզացնել, լավ հսկել և հասցնել թոքերի զարգացման թույլատրելի չափին՝ ծննդալուծելու համար: 37-38-ին ըստ ծանրության արդեն ծննդալուծում է արվում: Շաքարային դիաբետի ժամանակ կեսարյան հատումներն ավելի շատ են արվում:
Իսկ ծնդաբերությունից հետո, քանի որ պլացենտայի հակաինսուլային հորմոնները պակասում են, հղիի մոտ 2-3 օր և ավելի, կտրուկ ընկնում է ինսուլինի պահանջը, այդ պատճառով այլևս ինսուլին չի նշանակվում, անընդհատ ստուգվում է գլյուկոզան, որպեսզի, երբ պահանջ լինի, դարձյալ նշանակվի ինսուլին:
Վերջին 5-10 տարում Հայաստան է ներկրված գլյուկոնիզացված հեմոգլոբինի ստուգումը, որը ցույց է տալիս, թե որքան է մնացորդային գլյուկոզան օրգաիզմում: Երբ այն բարձր է, նրա մի մասը միանում է արյան էրիթրոցիտների հեմոգլոբինին: Նորմայում մոտ 5-6 տոկոսը միացած է: Բայց բարձր շաքարի դեպքում այդ տոկոսը ևս բարձրանում է մինչև 7-10-ի, և դա վատ վիճակի մասին է խոսում:
Բայց քանի որ մեր էրիթրոցիտներն ապրում են 90 օր, արված անալիզը 3 ամսվա պատասխան է իրենից ներկայացնում: Այդ պատճառով շաքարախտով հիվանդները տարին գոնե 4 անգամ պետք է ստուգեն իրենց հեմոգլոբինը:
Շաքարախտի ժամանակ խախտվում է նյութափոխանակությունը բոլոր օղակներում, այդ պատճառով պետք է այդ բոլորը վերահսկվեն:
Տարին գոնե երկու անգամ պետք է ստուգվեն անոթները:
Այսօր հղիների մոտ կատարում ենք բոլոր գենետիկական ստուգումները:
Շաքարախտով մայրը կարո՞ղ է կրծքով կերակրել երեխային
Այո: Ինսուլինի մեծ մոլեկուլյար կշիռը թույլ չի տալիս, որ այն անցնի կաթի մեջ և կերակրման խնդիր չի առաջանում:
Հղիանալու սահմանափակումներ կա՞ն շաքարախտով հիվանդների համար
Դիաբետով հիվանդին խորհուրդ չի տրվում շատ հղիանալ, որովհետև ամեն հղիություն ավելի ծանրացնում է հիվանդության վիճակը և հաջորդ հղիությունն ավելի բարդ կարող է ընթանալ, իսկ ապագայում դա կարճացնում է մոր կյանքը: Նաև պետք է հաշվի առնել, որ շաքարախտով հիվանդը որքան ցածր տարիքում ծննդաբերի, այնքան անոթները դեռևս քիչ վնասված կլինեն: Եվ ցանկալի է 1-2 երեխայից ավելին չունենալ: Դա կարևոր է նաև գենետիկ շեղումը չփոխանցելու համար:
Որքանո՞վ է արտահայտված շաքարախտի՝ ժառանգականությամբ մորից պտղին անցնելու հավանականությունը
Եթե մայրը հիվանդ է շաքարախտով, մոտ 5,7 տոկոսով հավանական է, որ երեխայի մոտ ևս այն կարտահայտվի: Հոր կողմից էլ տոկոսը նույնն է: Եթե ծնողներից մեկի մոտ է շաքարախտն արտահայտված, կարող է երեխայի մոտ այն չարտահայտվել: Բայց եթե երկու ծնողներն էլ հիվանդ են, ապա շատ մեծանում է հիվանդ երեխայի հավանականությունը՝ հասնելով մոտ 100 տոկոսի:
Շաքարախտի բուժումը հղիության ընթացքում
Մեր գործը շաքարի տոկոսը նորմայի սահմաններում պահելն է:
Սովորաբար շաքարախտով հիվանդները սկզբում բուժումն ստանում են հաբերով, իսկ վիճակը ավելի վատանալիս, արդեն սկսում են ինսուլին ստանալ: Իսկ հղիության ընթացքում և առաջին, և երկրորդ տիպերի ժամանակ բուժումն անցկացվում է միայն ինսուլինով: Որովհետև ինսուլինի մոլեկուլյար կշիռը մեծ է, այն ընկերքով չի անցնում և օրգանիզմին ոչ մի վնաս տալ չի կարող, մինչդեռ հաբերը ընկերքով անցնելով վնասում են պտղին: Որքանո՞վ է անվտանգ ինսուլինի օգտագործումը հղիության ժամանակ
Ներկայում ինսուլինն ստացվում է մարդու աղիքային ցուպիկի կողմից նրա սինթեզումից, որը շատ լավ ինսուլին է, ոչնչով չի տարբերվում մարդու օրգանիզմում սինթեզվածից: Իսկ նախկինում այն ստանում էին խոզից, կովից և այլն, միշտ օտար սպիտակուցի վտանգը կար, որի դեմ կարող էր հակամարմին գոյանալ: Չնայած խոզինն ավելի մոտ է մարդու ինսուլինին:
Հղիության առաջին շրջանում մայրը պետք է պահպանի շաքարի նորմալ տոկոսը, որպեսզի պտղի զարգացումը ևս նորմալ լինի: Բայց երբ ընկերքն սկսում է արդեն նորմալ աշխատել, բուժումը միայն մորն է ուղղված:
Այնպես որ, հղին պետք է շատ զգոն լինի և անձնական սարքով՝ գլյուկոմետրով, մշտապես վերահսկի իր շաքարի ցուցանիշը:
Սննդակարգի կարևորությունը
Շաքարախտի դեպքում հղին պետք է խիստ սննդակարգ պահպանի, այլապես դեղորայքն անգամ ի վիճակի չի լինի վիճակը կարգավորել:
Շաքարախտով հիվանդներին սովորեցվում է ճիշտ սնվելու կարգը:
Օգտագործվում է 9-րդ դիետան: Պետք է քչացնել շուտ յուրացվող ածխաջրատները, իսկ դժվարամարսները՝ բանջարեղենն ավելի շատ օգտագործել, որովհետև այն հարուստ է բջջանքով, իսկ բջջանքը պահում է գլյուկոզան և թույլ չի տալիս նրան շուտ ներծծվել: Հյութեր պետք չեն, որովհետև հյութով գլյուկոզան մեծ քանակով արագ անցնում է արյան մեջ:
Ճարպերը պետք է քչացնել: Ուտել քիչ-քիչ և հաճախ: Օգտագործել վարսակ, հնդկաձավար, պերլովկա /գարուց է/ , որոնք դժվարամարս են: Իսկ որտեղ օսլան, գլյուկոզան շատ են, պետք է սահմանափակել, օրինակ, ձավարեղենի մեջ օսլան շատ է, որը քայքայվելով շաքարի է վերածվում:
Յուղոտ սնունդը ևս պետք է քչացնել, որովհետև շաքարն այնքան վնաս չի տալիս օրգանիզմին, որքան ճարպը, քանի որ այն նպաստում է ացետոնի առաջացմանը: Իսկ ացետոնի ներկայության ժամանակ, անգամ արդեն գլյուկոզա է տրվում, որպեսզի նյութափոխանակությունը ճարպայինից շեղվի դեպի ածխաջրատայինը, բայց դա արվում է իհարկե ինսուլինի ներարկման ֆոնի վրա:
Հայկ Պետրոսի Ազարյան, ավագ գիտաշխատող, բ.գ.թ. էնդոկինոլոգ անդրոլոգ
Հարգելի գործընկերներ«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» գիտաժողովին...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»