2020 Փետ 21, Ուրբաթ
Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, ճարպակալումն աշխարհում իր տարածվածությամբ հասնում է համաճարակային մասշտաբների: 2014 թ. ԱՀԿ կողմից ներկայացվել է զեկույց, ըստ որի աշխարհում 600 մլն-ից ավելի մարդ ունի ճարպակալում:
Հղիության ժամանակ ճարպակալման հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Լուսինե Մանուկյանի հետ:
Ինչպե՞ս է հաշվարկում ավելորդ քաշի առկայությունը:
Գիտնականները հատուկ ինդեքս են ընդունել՝ մարմնի զանգվածի ինդեքս, որն առաջարկվել է դեռևս 1869 թ. բելգիական սոցիոլոգ Կետլեի կողմից: Արդեն երկար տարիներ այն ընդունվել է ԱՀԿ կողմից, և ճարպակալման դասակարգումն կատարվում է համաձայն այդ բանաձևի: Բանաձևը հետևյալն է. կնոջ քաշը բաժանվում է նրա հասակի քառակուսուն: Նման ձևաչափով հաշվարկման ինդեքսը նորմայում պետք է լինի 18,5-24,99, այսինքն, մինչև 25 ցուցանիշը համարվում է նորմա: Համաձայն այդ ցուցանիշի, գոյություն ունի 3 աստիճանի ճարպակալում: Առաջին աստիճանի ինդեքսը կազմում է 30-35, երկրորդը՝ 35-40, երրորդը՝ 40-ից ավելի:
Ի՞նչ հետազոտություններ և հսկողություն է սահմանվում:
Եթե կա ճարպակալում, հարկ է դիմել ներզատաբանի խորհրդատվության, և մանկաբարձ-գինեկոլոգի հետ միասին պլանավորել հղիությունը: Մասնագետների կողմից նշանակվում են համապատասխան կլինիկական և ֆունկցիոնալ հետազոտություններ:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել ճարպակալման ժամանակ:
Չնայած պերինատալ և անտենատալ հսկողության մեթոդների կատարելագործմանը, հղիության և ծննդաբերության բարդացումների հաճախականությունը ճարպակալում ունեցող հղիների մոտ մնում է բարձր՝ 32-83 տոկոս:
Նախքան հղիությունը վերարտադրողական տարիքի ճարպակալում ունեցող կանանց մոտ հաճախ ախտորոշվում են տարբեր հիվանդություններ՝ ներզատաբանական (օրինակ` շաքարաին դիաբետ), սիրտ-անոթային (հիպերտոնիա, անոթային խնդիրներ), միզային համակարգի հիվանդություններ (քրոնիկ ցիստիտներ, պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն և այլն): Գինեկոլոգիական բարդություններից կարող են լինել ներզատաբանական խանգարումներով պայմանավորված դաշտանային ցիկլի խանգարումներ, սեռական օրգանների քրոնիկական բորբոքային գործընթացներ և այլն:
Հարկ եմ համարում նշել, որ ճարպակալման առավել վտանգավոր բարդություն է առաջնային և երկրորդային չբերությունը: Ճարպակալում ունեցող կանանց մոտ հղիության առաջին եռամսյակում կարող են լինել ակամա ընդհատումներ, չզարգացող հղիություններ, իսկ երկրորդ կեսում արտահայտվում են առավել վտանգավոր բարդություններ՝ պրեէկլամպսիա, հեստացիոն շաքարային դիաբետ և այլն:
Բարդություններից են նաև հղիության երկրորդ կեսում վաղաժամ ծննդաբերությունները, պտղի ներարգանդային աճի դանդաղումը, զարկերակային գերճնշումը, հաճախ են հանդիպում միզային համակարգի վարակներ:
Որքան բարձր է ճարպակալման աստիճանը, այնքան բարդություններն առավել հաճախ են հանդիպում:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել ծննդաբերության ժամանակ:
Ճարպակալման հետևանքով առաջացող շաքարախտով տառապող հղիի մոտ հիպերինսուլինեմիայի, գլյուկոզայի բարձր քանակի հետևանքով պտուղը կարող է խոշոր լինել, որը ծննդաբերության ժամանակ բերում է ծննդաբերական ուժերի առաջնային կամ երկրորդային թուլության, պտղաջրերի վաղաժամ արտահոսքի և այլ ծննդաբերական բարդությունների: Ճարպակալում ունեցող հղիների մոտ 3-3,5 անգամ ավելի հաճախ են հանդիպում պտղի ներարգանդային հիպօքսիկ վիճակները և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները:
Հաճա՞խ է իրականացվում կեսարյան հատում:
Ճարպակալում և դրա հետևանքով խնդիրներ ունեցող հղիների շրջանում կեսարյան հատման տոկոսը բավականին բարձր է: Պատճառը հիմնականում խոշոր պտուղն է, կամ, որպես ուղեկցող հիվանդություն, շաքարային դիաբետի առկայությունը:
Ինչպե՞ս կանխարգելել ճարպակալումը:
Հարկ է իրականացնել առաջնային կամ կանխարգելիչ ծրագրեր:
Աշխարհում, անգամ զարգացած երկրներում, հղիությունից առաջ, հղիության ընթացքում կամ դրանից հետո ճարպակալման վերաբերյալ չկան կլինիկական ուղեցույցներ, չնայած առողջապահական խորհրդատվությունները խիստ անհրաժեշտ են` հետագա մետաբոլիկ և սիրտ-անոթային ռիսկերը, ինչպես նաև հասարակության համար հարակից ծախսերը նվազեցնելու համար:
Ճարպակալման դեմ պայքարի համար շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը, քանի որ ներկայում մարդիկ ավելի նստակյաց կյանք են վարում: Ներզատաբանները խորհուրդ են տալիս ակտիվ կյանք վարել:
Քանի որ ճարպակալման խնդիրները կարող են ի հայտ գալ նաև դեռահաս տարիքում, ուստի ծնողներին խորհուրդ եմ տալիս կանխարգելիչ միջոցառումներ սկսեն արդեն այդ տարիքից և խնդիրը չհասցնեն ռեպրոդուկտիվ շրջան: Կարևոր նշանակություն ունի սննդակարգը, ուստի, ի սկզբանե, հարկ է երեխային և դեռահասին սովորեցնել ճիշտ սնվելու մշակույթը:
Սիրով տեղեկացնում ենք, որ մեր թիմին է միացել մանկաբարձ-գինեկոլոգ Նանա Դանիելբեկը, ով երկար տարիներ...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»