«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կարմրախտը և ջրծաղիկը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանի հետ

Կարմրախտը և ջրծաղիկը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանի հետ

2020 Սեպ 15, Երեքշաբթի

Որքա՞ն հաճախ են հանդիպում կարմրախտ և ջրծաղիկ վարակները հղիության ժամանակ:

Վարակները հղիության ժամանակ քիչ են հանդիպում. 2000-3000 դեպքերից՝ 1-1,5 տոկոս դեպքերում: Ընդ որում, կարմրախտն ավելի քիչ է հանդիպում:
Վարակները հիմնականում արտահայտվում են մանկական տարիքում: Այն հղիները, որոնք նախկինում չեն տարել այդ հիվանդությունները, հիվանդի հետ շփման դեպքում կարող են վարակվել` անկախ տարիքից: Կարմրախտի հետ շփումը պետք է երկար լինի, քանի որ վարակվելու հավանականությունն ավելի քիչ է, իսկ ջրծաղկի դեպքում վարակն արագ է տարածվում:

Ինչպե՞ս են արտահայտվում կարմրախտը և ջրծաղիկը:

Կարմրախտը և ջրծաղիկը վարակիչ հիվանդություններ են, փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով:  Ջրծաղկի հարուցիչը հերպեսի խմբին պատկանող վիրուսն է, իսկ կարմրախտի հարուցիչը տոկովիրուսների խմբին է պատկանում:

Կարմրախտի 4-21 օր տևող ինկուբացիոն և 1-5 օր տևող պրոդրոմալ շրջաններից հետո ի հայտ են գալիս կլինիկական ախտանիշները: Հիվանդության արտահայտություններից է մաշկի  ցանավորումը՝ սկզբում դեմքի, մեջքի, հետույքի շրջանում, հետո` ձեռքերի վրա, ընդ որում, ափերին և ներբաններին ցանավորում չի լինում, ինչը հիվանդության տարբերակիչ կարևոր նշաններից է: Ցանը բաց վարդագույն է, մի փոքր մաշկից բարձր, կարմրավուն-վարդագույն բծերի տեսքով: Կարող է նկատվել նաև պարանոցային և ծոծրակային ավշային հանգույցների մեծացում:

Հիվանդության արտահայտություններից են կատարալ երևույթները, ջերմության բարձրացումը մինչև 38°C:

Ջրծաղկի ժամանակ ցանավորում ի հայտ է գալիս ամբողջ մարմնի վրա, ունի բշտիկային տեսք, լինում է արտահայտված քոր, կարող են լինել կատարալ երևույթներ, ջերմություն:

Պտղի մոտ բարդությունները որքանո՞վ են կախված մոր մոտ հիվանդության ծանրության աստճանի հետ:

Որքան մոր մոտ հիվանդությունը ծանր է ընթանում, այնքան վիրեմիան ավելի արտահայտված է, վիրուսի տոքսիկ ազդեցությունն` ավելի բարձր, ուստի պտղի մոտ բարդություններն ավելի շատ կարող են լինել:

Սակայն կարմրախտի դեպքում ուղիղ համեմատական կապ հիվանդության ծանրության և վարակվածության միջև` չկա: Մայրը կարող է հիվանդանալ ծանր, բայց պտղի մոտ վարակվածություն չլինի, և` հակառակը: Որևէ օրինաչափություն չկա, ուստի կարմրախտը, լինելով անկանխատեսելի, ավելի վտանգավոր է:

Հղիության ո՞ր շրջանում է հիվանդանալն առավել վտանգավոր:

Ջրծաղիկի դեպքում` հղիության առաջին և վերջին եռամսյակները: Առաջին եռամսյակը պտղի օրգանիզմում օրգանների ձևավորման շրջանն է, վարակը կարող է պատճառ դառնալ չզարգացող հղիությունների, ինքնաբեր վիժումների, հազվադեպ նաև՝ էմբրիոտոքսիկ բարդությունների: Այսինքն, վիրուսեմիայի հետևանքով պտղի մոտ կարող են առաջանալ զարգացման արատներ, տեսողության խանգարումներ, միկրոցեֆալիա, անգամ` ներարգանդային մահ:
Երկրորդ եռամսյակն առավել անվտանգ է, քանի որ ընկերքն արդեն ձևավորված է, ինչը պատնեշի դեր է խաղում և չի թողնում, որ վիրուսը թափանցի պտուղ:

Ձևավորված են նաև օրգան-համակարգեր և նրանց համար արդեն լուրջ վտանգ չի սպառնում:

Երրորդ եռամսյակում վարակը դարձյալ վտանգավոր է, որովհետև սպասվում է ծննդալուծումը, ընդ որում, որքան մոտ է ծննդաբերության ժամկետին, այնքան պտղի համար վտանգը մեծ է: Պատճառն այն է, որ, նախքան ծննաբերությունը, վերջին 5 օրվա ընթացքում վարակվելու դեպքում հղիի մոտ արտադրվող հակամարմինները չեն հասցնում անցնել երեխային, իսկ նրա մոտ սեփական հակամարմինները զարգացած չեն, որ պայքարեն վիրուսի դեմ: Այս դեպքում նորածնի մոտ կարող են ի հայտ գալ հիվանդության ախտանշաններ, ինչը կպահանջի համապատասխան բուժում: Նման դեպքերում ցանկալի է, եթե հնարավոր է, երկարաձգել ծննդաբերությունը:

Կարմրախտի դեպքում բոլոր եռամսյակներում վտանգն առկա է, թեև առաջին եռամսյակում այն ավելի վտանգավոր է, իսկ որքան մոտենում է ծննդաբերության ժամկետը, բարդությունների արտահայտվածությունն  ուղիղ համեմատական կերպով իջնում է:

Հղիի հիվանդանալու դեպքում ի՞նչ որոշում է կայացվում:

Բժիշկը միջամտելու իրավունք չունի. հղիին բացատրվում է, որ կարող են լինել բարդություններ, և հղին ինքն է որոշում կայացնում՝ պահպանե՞լ հղիությունը, թե` ոչ:

Ի՞նչ բուժում է իրականացվում:

Բուժումն ախտանշանային է. ընտրվում են հակավիրուսային պատրաստուկներ` հղիի համար անվնաս սկզբունքով:

Ի՞նչ կմաղթեք հղիներին:

Հնարավորին զերծ մնալ վարակիչ հիվանդություններից, իսկ հիվանդանալու դեպքում` չվհատվել. չէ՞ որ մենք նրանց կողքին ենք:

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը