2020 Սեպ 22, Երեքշաբթի
Ինչպե՞ս է պտուղը ստանում իրեն անհրաժեշտ միներալները և վիտամինները:
Մոր օրգանիզմում զարգացող պտուղն իրեն անհրաժեշտ սպիտակուցները, միներալները և այլ անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի օգնությամբ՝ մայր-ընկերք-պտուղ ճանապարհով: Պտուղն այլ տարբերակ չունի սնվելու: Եվ որքան էլ մոր վիճակը վատ լինի, ընկերքը վերցնում է պտղի համար հնարավոր անհրաժեշտբոլոր նյութերը: Եթե մոր օրգանիզմում լուրջ խնդիրներ կան, թեկուզ այն ավելի տուժի՝ ոսկրերը քայքայվեն, իջնի հեմոգլոբինի քանակը, միևնույն է, ընկերքն իր գործը լիարժեք փորձում է իրականացնել և որքան պետք է պտղին, այդքանն էլ վերցնում է:
Եվ եթե վիտամինային, կալցիումի պակաս կա, խնդիրներն արտահայտվում են միայն մոր մոտ, պտուղն իրենն ստանում է մորից և դա միշտ գրեթե բավարար է նրա համար:
Ի՞նչ է պետք, որպեսզի մայրը կարողանա ապահովել պտղի զարգացմանը անհրաժեշտ գործոններով, առանց վնասելու իր օրգանիզմը:
Մեր աշխատանքը պետք է լինի այն, որ պտուղը՝ իր ոսկրային համակարգը ձևավորելու, իր արյունային համակարգը ստեղծելու համար անհրաժեշտ նյութերը վերցնի ոչ ի վնաս մորը: Մայրը պետք է իր սննդով ապահովի պտղի աճը, ոչ թե իր սեփական պաշարների հաշվին:
Եթե առաջին հղիության ժամանակ դեռևս պաշարներ կան հավաքված, ապա քիչ առ քիչ օգտագործվելով, աստիճանաբար դրանք պակասում են, և արդեն երկրորդ, երրորդ հղիությունների ժամանակ պաշարները կարող են հյուծված լինել: Բացի այդ, տարիքի հետ նաև մոր մոտ օստեոպորոզի խնդիրներ են առաջանում, որովհետև պտղի վերցրած կալցիումը մայրը հետո չի կարողանում վերականգնել:
Իհարկե միշտ ցանկալի է, կինը նախապես հետազոտվի և հղիանա առողջ վիճակում, իսկ եթե կան քրոնիկ հիվանդություններ, դրանք լինեն ռեմիսիայի շրջանում:
Ի՞նչ հավելյալ միներալներ և վիտամիններ պետք է ընդունի հղին:
Կինը պետք է հղիության ընթացքում անպայման օգտագործի ֆոլաթթու, որովհետև դրա պակասը բերում է պտղի նյարդային խողովակի արատների զարգացման: Ընդ որում, արդյունավետությունը մի քանի անգամ ավելի է, երբ դա կազմակերպվում է նախապես: Եթե հղիությունն արդեն պլանավորված է, հղիությունից մեկ ամիս առաջ պետք է սկսել ֆոլաթթվի ընդունումը, ամեն օր` 5 մգ: Սա ցանկալի է այն պատճառով, որ երբեմն կինն իմանում է իր հղիության մասին ավելի ուշ` մոտավորապես 15-20 օր անվ, իսկ այդ ընթացքում արդեն ավարտվում է նյարդային խողովակի ձևավորումը: Ընդհանրապես, ֆոլաթթուն տրվում է մինչև հղիության 14-րդ շաբաթը:
Հաջորդ կարևոր միկրոէլեմենտը կալցիումն է, որի պատրաստուկները բազմազան են: Դրանք պարունակում են վիտամին D, որը նպաստում է կալցիումի յուրացմանը: Եվ, եթե սննդով կինը չի ստանում բավարար քանակի կալցիում, տրվում է պատրաստուկների միջոցով: Կալցիումի քանակը շատ է կաթնամթերքում, հատկապես` կաթնաշոռում:
Հաջորդը երկաթի պատրաստուկներն են, որն անհրաժեշտ է պտղի արյան համակարգի` հեմոգլոբինի, ստեղծման համար: Հղի կնոջ օրգանիզմը պարունակում է մոտավորապես 4 մգ երկաթ, որից պտուղը վերցնում է 25 տոկոսը՝ 1 մգ:
Եթե սննդի միջոցով մայրը բավարար քանակի երկաթ չստանա, նրա հեմոգլոբինը կնվազի: Դա հիմնականում արտահայտվում է հղիության 18–20-րդ շաբաթում: Եթե միայն սննդով հնարավոր չէ վերականգնել երկաթի պակասը, պետք է լրացնել երկաթ պարունակող պատրաստուկներով:
Վիտամինային հավելվածները պարունակում են վիտամինների ամբողջ սպեկտրը: Հղիության հատկապես ձմեռ-գարուն շրջանում վիտամիններ ընդունելը ցանկալի է, իսկ ամառ-աշուն շրջանում վիտամինային պատրաստուկների կարիքը չկա, որովհետև առատ է միրգ-բանջարեղենով և արևով:
Ինչպիսի՞ն պետք է լինի հղիի սնունդը՝ անհրաժեշտ նյութերը բավարար չափով ստանալու համար:
Կինը պետք է օգտագործի հնարավորին բազմազան սնունդ՝ մրգեր, բանջարեղեն, սպիտակուցներով հարուստ սնունդ, բավականաչափ հեղուկ ընդունի, ձմռանը՝ 1,5-2 լիտր, ամռանը, երբ շնչառությամբ և մաշկով շատ հեղուկ է կորցնում՝ ավելի շատ: Բայց դա պետք է լինի մաքուր ջուր, կոմպոտով, հյութով ջրի քանակը լրացնել հնարավոր չէ, որովհետև քաղցրը յուրացնելու համար օրգանիզմը դարձյալ ջուր է պահանջում:
Ձեր խորհուրդը հղիներին:
Առողջ կինը՝ ֆիզիոլոգիական ընթացող հղիությամբ, որևէ դեղորայքի կարիք չունի, բացառությամբ` ֆոլաթթվի: Նախ պետք է հղիանալ առողջ վիճակում, իսկ հղիության ընթացքում` ճիշտ և բազմազան սնվել:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»