«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Վիտամինները, միներալները և հղիությունը. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սուրեն Ազիզյանի հետ

Վիտամինները, միներալները և հղիությունը. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սուրեն Ազիզյանի հետ

2020 Սեպ 22, Երեքշաբթի

Ինչպե՞ս է պտուղը ստանում իրեն անհրաժեշտ միներալները և վիտամինները:
Մոր օրգանիզմում զարգացող պտուղն իրեն անհրաժեշտ սպիտակուցները, միներալները և այլ անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի օգնությամբ՝ մայր-ընկերք-պտուղ ճանապարհով: Պտուղն այլ տարբերակ չունի սնվելու: Եվ որքան էլ մոր վիճակը վատ լինի, ընկերքը վերցնում է պտղի համար հնարավոր անհրաժեշտբոլոր նյութերը: Եթե մոր օրգանիզմում լուրջ խնդիրներ կան, թեկուզ այն ավելի տուժի՝ ոսկրերը քայքայվեն, իջնի հեմոգլոբինի քանակը, միևնույն է, ընկերքն իր գործը լիարժեք փորձում է իրականացնել և որքան պետք է պտղին, այդքանն էլ վերցնում է:

Եվ եթե վիտամինային, կալցիումի պակաս կա, խնդիրներն արտահայտվում են միայն մոր մոտ, պտուղն իրենն ստանում է մորից և դա միշտ գրեթե բավարար է նրա համար:

Ի՞նչ է պետք, որպեսզի մայրը կարողանա ապահովել պտղի զարգացմանը անհրաժեշտ գործոններով, առանց վնասելու իր օրգանիզմը:
Մեր աշխատանքը պետք է լինի այն, որ պտուղը՝ իր ոսկրային համակարգը ձևավորելու, իր արյունային համակարգը ստեղծելու համար անհրաժեշտ նյութերը վերցնի ոչ ի վնաս մորը: Մայրը պետք է իր սննդով ապահովի պտղի աճը, ոչ թե իր սեփական պաշարների հաշվին:

Եթե առաջին հղիության ժամանակ դեռևս պաշարներ կան հավաքված, ապա քիչ առ քիչ օգտագործվելով, աստիճանաբար դրանք պակասում են, և արդեն երկրորդ, երրորդ հղիությունների ժամանակ պաշարները կարող են հյուծված լինել: Բացի այդ, տարիքի հետ նաև մոր մոտ  օստեոպորոզի խնդիրներ են առաջանում, որովհետև պտղի վերցրած կալցիումը մայրը հետո չի կարողանում վերականգնել:

Իհարկե միշտ ցանկալի է, կինը նախապես հետազոտվի և հղիանա առողջ վիճակում, իսկ եթե կան քրոնիկ հիվանդություններ, դրանք լինեն ռեմիսիայի շրջանում:

Ի՞նչ հավելյալ միներալներ և վիտամիններ պետք է ընդունի հղին:
Կինը պետք է հղիության ընթացքում անպայման օգտագործի ֆոլաթթու, որովհետև դրա պակասը բերում է պտղի նյարդային խողովակի արատների զարգացման: Ընդ որում, արդյունավետությունը մի քանի անգամ ավելի է, երբ դա կազմակերպվում է նախապես: Եթե հղիությունն արդեն պլանավորված է, հղիությունից մեկ ամիս առաջ պետք է սկսել ֆոլաթթվի ընդունումը, ամեն օր` 5 մգ: Սա ցանկալի է այն պատճառով, որ երբեմն կինն իմանում է իր հղիության մասին ավելի ուշ` մոտավորապես 15-20 օր անվ, իսկ այդ ընթացքում արդեն ավարտվում է նյարդային խողովակի ձևավորումը: Ընդհանրապես, ֆոլաթթուն տրվում է մինչև հղիության 14-րդ շաբաթը:

Հաջորդ կարևոր միկրոէլեմենտը կալցիումն է, որի պատրաստուկները բազմազան են: Դրանք պարունակում են վիտամին D, որը նպաստում է կալցիումի յուրացմանը: Եվ, եթե սննդով կինը չի ստանում բավարար քանակի կալցիում, տրվում է պատրաստուկների միջոցով: Կալցիումի քանակը շատ է կաթնամթերքում, հատկապես` կաթնաշոռում:

Հաջորդը երկաթի պատրաստուկներն են, որն անհրաժեշտ է պտղի արյան համակարգի` հեմոգլոբինի, ստեղծման համար: Հղի կնոջ օրգանիզմը պարունակում է մոտավորապես 4 մգ երկաթ, որից պտուղը վերցնում է 25 տոկոսը՝ 1 մգ:

Եթե սննդի միջոցով մայրը բավարար քանակի երկաթ չստանա, նրա հեմոգլոբինը կնվազի: Դա հիմնականում արտահայտվում է հղիության 18–20-րդ շաբաթում: Եթե միայն սննդով հնարավոր չէ վերականգնել երկաթի պակասը, պետք է լրացնել երկաթ պարունակող պատրաստուկներով:

Վիտամինային հավելվածները պարունակում են վիտամինների ամբողջ սպեկտրը: Հղիության հատկապես ձմեռ-գարուն շրջանում վիտամիններ ընդունելը ցանկալի է, իսկ ամառ-աշուն շրջանում վիտամինային պատրաստուկների կարիքը չկա, որովհետև առատ է միրգ-բանջարեղենով և արևով:

Ինչպիսի՞ն պետք է լինի հղիի սնունդը՝ անհրաժեշտ նյութերը բավարար չափով ստանալու համար:
Կինը պետք է օգտագործի հնարավորին բազմազան սնունդ՝ մրգեր, բանջարեղեն, սպիտակուցներով հարուստ սնունդ, բավականաչափ հեղուկ ընդունի, ձմռանը՝ 1,5-2 լիտր, ամռանը, երբ շնչառությամբ և մաշկով շատ հեղուկ է կորցնում՝ ավելի շատ: Բայց դա պետք է լինի մաքուր ջուր, կոմպոտով, հյութով ջրի քանակը լրացնել հնարավոր չէ, որովհետև քաղցրը յուրացնելու համար օրգանիզմը դարձյալ ջուր է պահանջում:

Ձեր խորհուրդը հղիներին:
Առողջ կինը՝ ֆիզիոլոգիական ընթացող հղիությամբ, որևէ դեղորայքի կարիք չունի, բացառությամբ` ֆոլաթթվի: Նախ պետք է հղիանալ առողջ վիճակում, իսկ հղիության ընթացքում` ճիշտ և բազմազան սնվել:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը