2021 Մար 22, Երկուշաբթի
Ի՞նչ է օստեոպորոզը:
Օստեոպորոզը հիվանդություն է, որն ախտահարում է կմախքը: Այն բնորոշվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի նվազմամբ, միկրոարխիտեկտոնիկայի խանգարմամբ` բերելով ոսկրերի փխրունության բարձրացման և կոտրվածքների ռիսկի մեծացման: Ընդ որում, շատ հաճախ ոսկրերի կոտրվածքը տեղի է ունենում սեփական հասակի բարձրությունից ընկնելու դեպքում, այսպես կոչված` ցածր տրավմատիկ կոտրվածքներ:
Ինչու՞ է օստեոպորոզը համարվում կարևոր առողջապահական խնդիր:
Օստեոպորոզը և դրա հետևանքով առաջացած կոտրվածքներն առողջապահական կարևոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության և ֆինանսական ծախսերի հետ: Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների, իր նշանակելիությամբ, ոչ վարակիչ հիվանդությունների շարքում այն զբաղեցնում է չորրորդ տեղը` զիջելով միայն սիրտ-անոթային, քաղցկեղային հիվանդություններին և շաքարախտին:
Ի՞նչ ախտանիշներով է ընթանում օստեոպորոզը:
Օստեոպորոզն անվանում են «համր համաճարակ», քանի որ այն ընթանում է առանց յուրահատուկ կլինիկական ախտանիշների՝ մինչև կոտրվածքի ի հայտ գալը: Այդ պատճառով հիվանդությունը հաճախ ախտորաշվում է ուշ շրջանում: Ահա ինչու է հարկավոր ուշադրություն դարձնել այնպիսի ախտանիշների վրա, ինչպիսիք են՝ հասակի ցածրացումը, կեցվածքի փոփոխությունները և այլն:
Կա՞ն, արդյոք, օստեոպորոզին բնորոշ կոտրվածքներ:
Օստեորոպոզին առավել բնորոշ են կմախքի երեք շրջանների կոտրվածքները՝ նախաբազկի ստորին երրորդի, ազդրի պարանոցի և ողնաշարի կոտրվածքները:
Ինչու՞ է զարգանում օստեոպորոզը:
Գիտության նվաճումները թույլ են տվել առանձնացնել գործոններ, որոնք նպաստում են օստեոպորոզի առաջացմանը: Դրանցից են՝ տարիքը, սեռը, ռասան, ժառանգականությունը, որոնք հնարավոր չէ վերահսկել: Օստեոպորոզն առավել հաճախ դիտվում է մեծահասակների և կանանց մոտ: Մեծ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը: Օստեոպորոզի հսկվող ռիսկի գործոններից են աղեստամոքսային համակարգի մի շարք հիվանդություններ, որոնք նվազեցնում են կալցիումի, միկրոէլէմենտների ներծծումը: Կարևոր դերակատարում ունեն վիտամին D-ի անբավարարությունը և կալցիումի ոչ բավարար օգտագործումը: Որոշ էնդոկրին հիվանդություններ, գլյուկոկորտիկոիդների և վահանագեղձի հորմոնների երկարատև օգտագործումն օստեոպորոզի զարգացման գործոններ են: Կարևոր նշանակություն ունեն ծխելը, ալկոհոլի և կոֆեինի չարաշահումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը:
Ինչպե՞ս ախտորոշել օստեոպորոզը:
Դենսիտոմետրիան այսօր օստեոպորոզի ախտորոշման «ոսկե» ստանդարտն է, որը թույլ է տալիս գնահատել անձի ոսկրերի հանքային խտությունը: Այն հնարավորություն է ընձեռում նաև ախտորոշել օստեոպորոզը մինչև կոտրվածքի առաջանալը, կանխագուշակել կոտրվածքի ռիսկը, գնահատել ոսկրային հյուսվածքի կորուստը և իրականացված բուժման արդյունավետությունը:
Ո՞վքեր պետք է անցնեն դենսիտոմետրիկ հետազոտություն:
Համաձայն գոյություն ունեցող ուղեցույցների, դենսիտոմետրիկ հետազոտութուն պետք է անցնեն 65-ն անց կանայք` անկախ օստեոպորոզի ռիսկի գործոնների առկայությունից: Այն ցուցված է նաև 65-ից ցածր տարիքի օստեոպորոզի զարգացման մեկ կամ ավելի ռիսկի գործոններ ունեցող անձանց (օստեոպորոտիկ կոտրվածքների ընտանեական պատմություն, գլյուկոկորտիկոիդների օգտագործում և այլն):
Հնարավո՞ր է կանխարգելել օստեոպորոզը:
Մեծ նշանակություն ունեն ֆիզիկական ակտիվությունը, ճիշտ սննդակարգը: Շատ կարևոր է վերացնել օստեոպորոզի զարգացման այնպիսի ռիսկի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, կոֆեինի և գազավորված ըմպելիքների շատ օգտագործումը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել տեսողության շտկման, մարմնի հավասարակշռության պահպանման վրա, այսինքն, այն գործոնների վրա, որոնք կարող են մեծացնել ընկնելու հավանականությունը:
Կա՞ն, արդյոք, օստեոպորոզի բուժման արդյունավետ մեթոդներ:
Այսօր մեր երկրում կան համապատասխան դեղեր` օստեոպորոզի արդյունավետ բուժման համար: Մեր կենտրոնում հնարավոր է իրականացնել երկէներգետիկ դենսիտոմետրիա և ստանալ մասնագետի խորհրդատվություն՝ պարզելու ոսկրերի հանքային խտության վիճակը, ախտորոշելու օստեոպորոզի առկայությունը, ստանալ բուժում, ինչպես նաև գնահատել իրականացված բուժման արդյունավետությունը:
Որպես ամփոփում, ի՞նչ կցանկանաք ասել մեր ընթերցողներին:
Օստեոպորոզը մեծ տարիքի անխուսափելի ուղեկիցը չէ: Այն կարելի է կանխել: Այսօր հնարավոր է բարձր ճշգրտությամբ գնահատել ոսկրերի հանքային խտությունը: Հնարավոր է որոշել օստեոպորոզի ռիսկի խմբին պատկանող անձանց և իրականցնել բուժում: Այսօր կան օստեոպորոզի բուժման միջոցներ, որոնց արդյունավետությունն ապացուցված է:
Պետք է իմանալ, որ նպատակաուղղված կանխարգելումը, ճիշտ ժամանակին իրականացված ախտորոշումը և բուժումը վերաբերում են ո՛չ միայն օստեոպորոզին, այլ նպաստում են հաշմանդամության կանխարգելմանը, կյանքի որակի բարելավմանը և ակտիվ երկարակեցությանը:
Կարինե Առուստամյան, բ.գ.դ., պրոֆեսոր
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ
Հարգելի գործընկերներ«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» գիտաժողովին...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»