2021 Ապր 23, Ուրբաթ
Ի՞նչ է ընկերքը և ի՞նչ գործառույթ է կատարում:
Ընկերքն օրգան է, որն առաջանում է հղիության ընթացքում և կարևոր նշանակություն ունի մոր և պտղի առողջության համար: Ընկերքի միջոցով պտուղը ստանում է անհրաժեշտ սննդանյութեր, հորմոններ, թթվածին:
Ընկերքը, սովորաբար, ամրանում է արգանդի մարմնի հատվածում, նրա ստորին եզրը մնում է արգանդի պարանոցի ներքին օղից 7-8 սմ (և ավելի) բարձր: Սակայն, որոշ դեպքերում, ինչ-ինչ պատճառներով, առաջանում են ընկերքի տարբեր ախտաբանություններ:
Որո՞նք են ընկերքի ախտաբանական վիճակները:
Ընկերքի ախտաբանական վիճակներից է առաջադիր ընկերքը, որը ընկերքի տեղակայման անոմալիա է: Այս դեպքում ընկերքն ամրանում է արգանդի ստորին հատվածի շրջանում և նրա այս կամ այն հատվածը՝ ամբողջովին կամ մասնակի, ծածկում է արգանդի պարանոցի ներքին օղը: Այդպիսով, ընկերքը գտնվում է պտղի առաջադիր մասից ներքև, այսինքն, ծնվող պտղի ճանապարհին:
Կարող է դիտվել նաև ընկերքի ցածր տեղակայում, երբ ընկերքային հարթակը գտնվում է արգանդի ստորին հատվածում, բայց չի ծածկում այն, այլ պարզապես հասնում է ներքին օղին:
Ընկերքի ախտաբանություններից է նաև նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատումը: Նորմայում ընկերքն անջատվում և արտամղվում է պտղի ծնվելուց հետո: Բայց որոշ ախտաբանությունների դեպքում ընկերքի շերտազատումը տեղի է ունենում հղիության ընթացքում կամ սկսված ծննդաբերության ժամանակ՝ մինչև պտղի ծնվելը: Շերտազատումը կարող է լինել մասնակի և ամբողջական: Մասնակի շերտազատման դեպքում արգանդի պատից անջատվում է ընկերքի ինչ-որ հատված: Ամբողջական շերտազատման դեպքում անջատվում է ամբողջ ընկերքը:
Առաջադիր ընկերքի առաջացման ի՞նչ պատճառներ կարող եք նշել:
Գոյություն ունեն պտղային և մայրական գործոններ: Պտղաձվի անբավարարության կամ նրա պրոտեոլիտիկ հատկությունների նվազման դեպքում այն չի հասցնում ժամանակին ամրանալ արգանդի վերին հատվածներում, իջնում է ներքև, և իմպլանտացիան կատարվում է արգանդի ստորին հատվածներում:
Առաջադիր պլացենտայի առաջացման ավելի հաճախ հանդիպող պատճառներից են արգանդի լորձաթաղանթի բորբոքային գործընթացները, բազմակ, ծննդաբերությունները, բնական կամ արհեստական վիժումները, հետծննդյան և հետվիժումային սեպտիկ հիվանդությունները, արգանդի զարգացման արատները, հղիի տարիքը (40-ից բարձր) և այլն:
Կլինիկակորեն ինչպե՞ս է արտահայտվում:
«Անցավ արգանդի» պայմաններում սեռական ուղիներից պարբերաբար լինում է արյունային արտադրություն:
Ինչպե՞ս է ախտորոշվում:
Ախտորոշումը կատարվում է ֆիզիկալ (ձեռքային), որի ժամանակ հայտնաբերվում է պտղի առաջադիր մասի բարձր տեղակայում, պտղի կոնքային կամ ոչ ճիշտ առաջադրություն:
Կատարվում են նաև գործիքային հետազոտություններ. ՈՒՁՀ՝ տրանսաբդոմինալ (աբդոմինալ) կամ տրանսվագինալ (հեշտոցային) եղանակներով:
Իրականացվում են նաև դոպլերոգրաֆիա, ՄՌՏ՝ ընկերքի տեղակայման հատվածում խորության աստիճանը որոշելու նպատակով:
Բուժման ի՞նչ մեթոդներ կնշեք:
Բուժումը կարող է լինել պահպանողական կամ վիրաբուժական: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է ընկերքի տեղակայումից, հղիության ժամկետից, ծննդաբերական ուղիներում ախտաբանությունների առկայությունից, պտղի և կնոջ վիճակից, ուղեկցող մանկաբարձական և սոմատիկ ախտաբանությունից, նախկին հղիությունների քանակից, սակայն որոշիչ գործոնն արյունահոսությունն է, որի ժամանակ շտապ կարգով կատարվում է կեսարյան հատում:
Եթե արյունահոսություն չկա, ապա կիրառվում են կոնսերվատիվ մեթոդներ՝ արգանդի կծկողականությունը նվազեցնող, հակաանեմիկ և պտղի վիճակը բարելավող (արգանդ-ընկերքային արյան շրջանառությունը լավացնող) միջոցներ:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»