«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Երեխայի դիրքը ծննդաբերության ժամանակ և կանխարգելիչ միջոցառումները. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ

Երեխայի դիրքը ծննդաբերության ժամանակ և կանխարգելիչ միջոցառումները. հարցազրույց Սուրեն Ազիզյանի հետ

2021 Ապր 27, Երեքշաբթի

Որքանո՞վ է կարևոր երեխայի դիրքը ծննդաբերության ժամանակ:

Ծննդաբերության նորմալ ընթացքի կարևոր  պայմաններից է պտղի դիրքը: Երեխայի դիրքը կարևորվում է  36-37 շաբաթականից հետո, որովհետև մինչև այդ ժամանակահատվածը այն կարող է լինել փոփոխական:

Պտղի համար ամենաբարենպաստ է երկայնաձիգ դիրքը, երբ նրա առանցքը համապատասխանում է մոր առանցքին: Կա նաև միջաձիգ դիրք, երբ պտղի և մոր առանցքների միջև մոտավորապես 90 աստիճանի անկյուն է ստեղծվում: Եթե անկյունը սուր է, ապա առկա է պտղի թեք դիրք:

Բացի պտղի դիրքից, ծննդաբերության համար կարևոր է նաև պտղի առաջադրությունը: Կա առաջադրության երկու տարբերակ՝ մի դեպքում առաջադիր մաս կարող է լինել պտղի գլուխը, որը համարվում է ֆիզիոլոգիական և ամենաբարենպաստ տարբերակը,  իսկ երկրորդ տարբերակի ժամանակ առաջադիր է պտղի կոնքային հատվածը, որն իր հերթին կարող է լինել` մաքուր հետույքային, տոտիկային, խառը հետույքային:

Ամենաֆիզիոլոգիական, ճիշտ դիրքը, որը երեխան ընդունում է ծննդաբերության ժամանակ, դա երկայնաձիգ դրությունն է՝ գլխային առաջադրությամբ:

Որո՞նք են պտղի ոչ ճիշտ դիրքի  պատճառները:

Պտղի ոչ ճիշտ դիրքի պատճառները տարբեր են: Պատճառ կարող է լինել ծննդաբերական ուղիների ինչ-ինչ խոչընդոտը, օրինակ, ստորին հատվածներում՝ արգանդի պարանոցի շրջանում, տեղակայված արգանդի միոման, որը խանգարում է պտղին ճիշտ դիրք ընդունել: Կան նաև արգանդի բնածին արատներ (խտրոց (միջնապատ), երկեղջյուր արգանդ և այլն): Նման պատճառների արդյունքում պտուղը ոչ ճիշտ դիրք է ընդունում, բայց իրականում՝ իրավիճակից ելնելով,  պտղի համար դա ամենաբարենպաստ, ամենահարմարավետ դիրքն է: Նման դեպքերում պտղի դիրքը ստիպողաբար փոխելը ճիշտ չէ և նաև հնարավոր չէ: Բայց լինում են դեպքեր, երբ ոչ ճիշտ դիրքերի որևէ պատճառ չկա, հղիությունը, պտղի չափերը նորմալ են, սակայն պտուղն ընդունում է, ասենք՝ միջաձիգ դրություն: Եթե այդ միջաձիգ դիրքը մինչև 36-37 շաբաթականում է, պետք է ուշադրություն չդարձնել, որովհետև պտուղն իր վերջնական դիրքն ընդունում է ծննդաբերությանը մոտ ժամանակաշրջանում: Բայց կարելի է փորձել հատուկ ֆիզիկական վարժություններով նպաստել դիրքի ուղղմանը (երկայնաձիգ և ցանկալի է՝ գլխային առաջադրություն):

Փաստորեն, հնարավոր է պտղի դիրքի ինքնուրույն ուղղում նաև 36-37 շաբաթականից հետո:

Երեխայի դիրքը կարող է փոխվել ցանկացած ժամկետում, անգամ անմիջապես ծննդաբերությունից առաջ, այդ պատճառով հնարավոր չէ կանխատեսել, թե երբ դիրքի ուղղումը կլինի, կամ կլինի՞, թե՝ ոչ:  Ուստի, եթե դիրքի հետ կապված պլանային վիրահատություն է նախատեսված, վիրահատության օրը ևս պետք է պտղի դիրքը նախապես ճշտել և հետո միայն վերջնական մոտեցում ցուցաբերել: Եվ եթե, դրանից զատ, այլ ցուցումներ չեն լինում, պլանային վիրահատությունը չի կատարվում և իրականացվում է բնական ծննդալուծում:

Ոչ բարենպաստ դիրքերից որո՞նք են առավել վտանգավոր:

Հետույքային առաջադրությունը նախկինում համարվում էր նորմայի տարբերակ և, բնականաբար, հետույքային առաջադրությամբ ծննդաբերություն` բնական ճանապարհով, հնարավոր է, և այնքան էլ ճիշտ չէ համարել, որ նման դեպքերում ծննդալուծումն անպայման պետք է կեսարյան հատմամբ իրականացնել:

Որովհետև, եթե կա հետույքային առաջադրություն և, միևնույն ժամանակ, առկա են համապատասխան պայմաններ` բնական ճանապարհով ծննդաբերության համար, ապա նորմալ ծննդաբերությունը միանգամայն հնարավոր է: Այդ պայմաններից է պտղի չափը, որը պետք է չգերազանցի 3.500 գրամը, որովհետև որքան մեծ է պտուղը, այնքան այդ առաջադրությամբ ծննդաբերության բարդությունների առաջացման վտանգը մեծ է: Հաջորդ վտանգավոր դիրքը կոնքային առաջադրությունն է:

Կոնքային առաջադրության ի՞նչ տեսակներ կան:

Կոնքային առաջադրությունը հավաքական հասկացություն է, այն լինում է հետույքային, խառը հետույքային, տոտիկային: Ամենաանբարենպաստը տոտիկային առաջադրությունն է, որի ժամանակ ծննդաբերության ընթացքում հնարավոր բարդություններն ամենահաճախն են դիտվում: Բայց, միաժամանակ, կոնքային առաջադրությունների նկատմամբ աշխարհում մասնագետների վերաբերմունքը շատ հակասական է: Կան հեղինակներ, որոնք կողմնակից են կանանց ինքնուրույն ծննդաբերությանը, այլ հեղինակներ կողմ են կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծումը: Այստեղ կարևոր է բժշկի ճիշտ կողմնորոշվելը: Եթե հակացուցումներ չկան, հնարավոր է ծննդաբերությունը վարել բնական ճանապարհով: Բայց, եթե բժշկի փորձը մեծ չէ, կամ կան հարակից բարդություններ հղիության ընթացքում, համապատասխան չեն պտղի քաշը, հղիի կոնքի չափերը (հնարավոր բարդությունները, որոնք կարող են ի հայտ գալ, բավականին տրավմատիկ են պտղի և մոր համար), բնականաբար, գերադասելի է կեսարյան հատումը, որն առավել անվտանգ է մոր և պտղի համար:

Հետույքային առաջադրության դեպքում նշանակություն ունի նաև կնոջ առաջնածին կամ կրկնածին լինելը: Բնականաբար, եթե կինն առաջնածին է , ապա նախընտրելի է կեսարյան հատումը, որովհետև այդ դեպքում ծննդաբերությունը դժվար է ընթանում: Կրկնածինների մոտ, եթե պտուղը մեծ չէ և այլ հակացուցում չկա, կարելի է և բնական ճանապարհով ծննդալուծում իրականացնել:

Պտղի այլ դիրքերի ժամանակ ծննդալուծման ի՞նչ տարբերակներ են առաջարկվում:

Գլխային առաջադրության ժամանակ պտուղը միշտ երկայնաձիգ դրություն ունի, քանի որ հնարավոր չէ այդ դեպքում այլ դիրք ունենալ և նախընտրելի է բնական ճանապարհով ծննդաբերումը: Միջաձիգ դրության դեպքում, միանշանակ, ցուցված է կեսարյան հատումը: Իհարկե, կան տարբեր ճանապարհներ՝ միջաձիգ դրությունը երկայնաձիգ դրության վերածելու: Դրանցից են` պտղաշրջումները, որոնք, սակայն, հաճախ խիստ տրավմատիկ են:

Ինչպե՞ս են իրականացվում պտղաշրջումները և ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ:

Գոյություն ունեն ներքին և արտաքին պտղաշրջումներ: Արտաքին պտղաշրջման ժամանակ դրսից` արտաքին գործողությունների միջոցով, փորձում են պտղի դիրքը կարգավորել: Ներքինի ժամանակ մանկաբարձի մեկ ձեռքը դրսից է գործում, մյուսը՝ արգանդի խոռոչում` պտղի ոտիկից բռնած, փորձում է ուղղել նրա դիրքը: Սակայն պտղաշրջումներ կիրառելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Պտղաշրջումների դերը խիստ կարևոր էր նախկինում, երբ կեսարյան հատման ցուցումների շրջանակը նեղ էր և դրանք լայնածավալ կերպով չէին կատարվում: Պտղաշրջումը բավականին տրավմատիկ է և հնարավոր է դրա ընթացքում վնասել ինչպես մորը, այնպես էլ` պտղին: Բարդություններից ամենավատագույնն արգանդի պատռումն է: Կարող է լինել նաև տոտիկի վնասում: Բարդություններից է նաև այն, երբ  տոտիկի փոխարեն սխալմամբ  թաթիկն են բռնում, փորձում պտղին այդպես դուրս բերել, և ստեղծվում է բարձիթողի միջաձիգ դրություն:  Այդ պատճառով այդ տարբերակներն այժմ շատ չեն կիրառվում:

Բոլոր մանկաբարձական միջամտությունները՝ իրավիճակից կախված, մինչև օրս կիրառելի են: Այդ պատճառով մանկաբարձ-գինեկոլոգը պետք է տիրապետի հայտնի բոլոր հնարքներին: Օրինակ, կարող է լինել զույգ պտուղ, երբ առաջինը նորմալ, երկայնաձիգ դիրքով արդեն ծնվել է, իսկ երկրորդը շարունակում է մնալ միջաձիգ դրությամբ և պտղաշրջման համար կան պայմաններ: Նման դեպքերում պտղաշրջում կատարելն արդարացված է: Ընդհանրապես, զույգերից մյուս՝ միջաձիգ դիրքով  պտուղը, 90 տոկոսից ավելի  դեպքերում իր դիրքը փոխում է և երկայնաձիգ դառնում, բայյց հնարավոր է և չփոխի: Եթե բժշկի փորձը թույլ չի տալիս երկրորդ պտղին ճիշտ պտղաշրջում կատարել, նա պետք է կեսարյան հատում իրականացնի:

Բնականաբար, պտղի դիրքից ելնելով, պետք է ընտրել ծննդալուծման այն վերջնական տարբերակը, որն ամենաբարենպաստն է: Միաժամանակ, պետք է գնահատել ամեն բան՝ կնոջ վիճակը, հղիության ընթացքը, պտղի վիճակը, նրա քաշը և այլն:

Կնոջ մոտ հղիությունների ժամանակ պտղի միշտ նույն դիրքը որքանո՞վ է հավանական:

Միևնույն կնոջ մոտ կարող են բոլոր հղիությունները նույն դիրքով ընթանալ այն պարագայում, երբ պատճառները փոփոխելի չեն և կրկնվում են յուրաքանչյուր հերթական հղիության ժամանակ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը