2021 Ապր 27, Երեքշաբթի
Որքանո՞վ է կարևոր երեխայի դիրքը ծննդաբերության ժամանակ:
Ծննդաբերության նորմալ ընթացքի կարևոր պայմաններից է պտղի դիրքը: Երեխայի դիրքը կարևորվում է 36-37 շաբաթականից հետո, որովհետև մինչև այդ ժամանակահատվածը այն կարող է լինել փոփոխական:
Պտղի համար ամենաբարենպաստ է երկայնաձիգ դիրքը, երբ նրա առանցքը համապատասխանում է մոր առանցքին: Կա նաև միջաձիգ դիրք, երբ պտղի և մոր առանցքների միջև մոտավորապես 90 աստիճանի անկյուն է ստեղծվում: Եթե անկյունը սուր է, ապա առկա է պտղի թեք դիրք:
Բացի պտղի դիրքից, ծննդաբերության համար կարևոր է նաև պտղի առաջադրությունը: Կա առաջադրության երկու տարբերակ՝ մի դեպքում առաջադիր մաս կարող է լինել պտղի գլուխը, որը համարվում է ֆիզիոլոգիական և ամենաբարենպաստ տարբերակը, իսկ երկրորդ տարբերակի ժամանակ առաջադիր է պտղի կոնքային հատվածը, որն իր հերթին կարող է լինել` մաքուր հետույքային, տոտիկային, խառը հետույքային:
Ամենաֆիզիոլոգիական, ճիշտ դիրքը, որը երեխան ընդունում է ծննդաբերության ժամանակ, դա երկայնաձիգ դրությունն է՝ գլխային առաջադրությամբ:
Որո՞նք են պտղի ոչ ճիշտ դիրքի պատճառները:
Պտղի ոչ ճիշտ դիրքի պատճառները տարբեր են: Պատճառ կարող է լինել ծննդաբերական ուղիների ինչ-ինչ խոչընդոտը, օրինակ, ստորին հատվածներում՝ արգանդի պարանոցի շրջանում, տեղակայված արգանդի միոման, որը խանգարում է պտղին ճիշտ դիրք ընդունել: Կան նաև արգանդի բնածին արատներ (խտրոց (միջնապատ), երկեղջյուր արգանդ և այլն): Նման պատճառների արդյունքում պտուղը ոչ ճիշտ դիրք է ընդունում, բայց իրականում՝ իրավիճակից ելնելով, պտղի համար դա ամենաբարենպաստ, ամենահարմարավետ դիրքն է: Նման դեպքերում պտղի դիրքը ստիպողաբար փոխելը ճիշտ չէ և նաև հնարավոր չէ: Բայց լինում են դեպքեր, երբ ոչ ճիշտ դիրքերի որևէ պատճառ չկա, հղիությունը, պտղի չափերը նորմալ են, սակայն պտուղն ընդունում է, ասենք՝ միջաձիգ դրություն: Եթե այդ միջաձիգ դիրքը մինչև 36-37 շաբաթականում է, պետք է ուշադրություն չդարձնել, որովհետև պտուղն իր վերջնական դիրքն ընդունում է ծննդաբերությանը մոտ ժամանակաշրջանում: Բայց կարելի է փորձել հատուկ ֆիզիկական վարժություններով նպաստել դիրքի ուղղմանը (երկայնաձիգ և ցանկալի է՝ գլխային առաջադրություն):
Փաստորեն, հնարավոր է պտղի դիրքի ինքնուրույն ուղղում նաև 36-37 շաբաթականից հետո:
Երեխայի դիրքը կարող է փոխվել ցանկացած ժամկետում, անգամ անմիջապես ծննդաբերությունից առաջ, այդ պատճառով հնարավոր չէ կանխատեսել, թե երբ դիրքի ուղղումը կլինի, կամ կլինի՞, թե՝ ոչ: Ուստի, եթե դիրքի հետ կապված պլանային վիրահատություն է նախատեսված, վիրահատության օրը ևս պետք է պտղի դիրքը նախապես ճշտել և հետո միայն վերջնական մոտեցում ցուցաբերել: Եվ եթե, դրանից զատ, այլ ցուցումներ չեն լինում, պլանային վիրահատությունը չի կատարվում և իրականացվում է բնական ծննդալուծում:
Ոչ բարենպաստ դիրքերից որո՞նք են առավել վտանգավոր:
Հետույքային առաջադրությունը նախկինում համարվում էր նորմայի տարբերակ և, բնականաբար, հետույքային առաջադրությամբ ծննդաբերություն` բնական ճանապարհով, հնարավոր է, և այնքան էլ ճիշտ չէ համարել, որ նման դեպքերում ծննդալուծումն անպայման պետք է կեսարյան հատմամբ իրականացնել:
Որովհետև, եթե կա հետույքային առաջադրություն և, միևնույն ժամանակ, առկա են համապատասխան պայմաններ` բնական ճանապարհով ծննդաբերության համար, ապա նորմալ ծննդաբերությունը միանգամայն հնարավոր է: Այդ պայմաններից է պտղի չափը, որը պետք է չգերազանցի 3.500 գրամը, որովհետև որքան մեծ է պտուղը, այնքան այդ առաջադրությամբ ծննդաբերության բարդությունների առաջացման վտանգը մեծ է: Հաջորդ վտանգավոր դիրքը կոնքային առաջադրությունն է:
Կոնքային առաջադրության ի՞նչ տեսակներ կան:
Կոնքային առաջադրությունը հավաքական հասկացություն է, այն լինում է հետույքային, խառը հետույքային, տոտիկային: Ամենաանբարենպաստը տոտիկային առաջադրությունն է, որի ժամանակ ծննդաբերության ընթացքում հնարավոր բարդություններն ամենահաճախն են դիտվում: Բայց, միաժամանակ, կոնքային առաջադրությունների նկատմամբ աշխարհում մասնագետների վերաբերմունքը շատ հակասական է: Կան հեղինակներ, որոնք կողմնակից են կանանց ինքնուրույն ծննդաբերությանը, այլ հեղինակներ կողմ են կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծումը: Այստեղ կարևոր է բժշկի ճիշտ կողմնորոշվելը: Եթե հակացուցումներ չկան, հնարավոր է ծննդաբերությունը վարել բնական ճանապարհով: Բայց, եթե բժշկի փորձը մեծ չէ, կամ կան հարակից բարդություններ հղիության ընթացքում, համապատասխան չեն պտղի քաշը, հղիի կոնքի չափերը (հնարավոր բարդությունները, որոնք կարող են ի հայտ գալ, բավականին տրավմատիկ են պտղի և մոր համար), բնականաբար, գերադասելի է կեսարյան հատումը, որն առավել անվտանգ է մոր և պտղի համար:
Հետույքային առաջադրության դեպքում նշանակություն ունի նաև կնոջ առաջնածին կամ կրկնածին լինելը: Բնականաբար, եթե կինն առաջնածին է , ապա նախընտրելի է կեսարյան հատումը, որովհետև այդ դեպքում ծննդաբերությունը դժվար է ընթանում: Կրկնածինների մոտ, եթե պտուղը մեծ չէ և այլ հակացուցում չկա, կարելի է և բնական ճանապարհով ծննդալուծում իրականացնել:
Պտղի այլ դիրքերի ժամանակ ծննդալուծման ի՞նչ տարբերակներ են առաջարկվում:
Գլխային առաջադրության ժամանակ պտուղը միշտ երկայնաձիգ դրություն ունի, քանի որ հնարավոր չէ այդ դեպքում այլ դիրք ունենալ և նախընտրելի է բնական ճանապարհով ծննդաբերումը: Միջաձիգ դրության դեպքում, միանշանակ, ցուցված է կեսարյան հատումը: Իհարկե, կան տարբեր ճանապարհներ՝ միջաձիգ դրությունը երկայնաձիգ դրության վերածելու: Դրանցից են` պտղաշրջումները, որոնք, սակայն, հաճախ խիստ տրավմատիկ են:
Ինչպե՞ս են իրականացվում պտղաշրջումները և ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ:
Գոյություն ունեն ներքին և արտաքին պտղաշրջումներ: Արտաքին պտղաշրջման ժամանակ դրսից` արտաքին գործողությունների միջոցով, փորձում են պտղի դիրքը կարգավորել: Ներքինի ժամանակ մանկաբարձի մեկ ձեռքը դրսից է գործում, մյուսը՝ արգանդի խոռոչում` պտղի ոտիկից բռնած, փորձում է ուղղել նրա դիրքը: Սակայն պտղաշրջումներ կիրառելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Պտղաշրջումների դերը խիստ կարևոր էր նախկինում, երբ կեսարյան հատման ցուցումների շրջանակը նեղ էր և դրանք լայնածավալ կերպով չէին կատարվում: Պտղաշրջումը բավականին տրավմատիկ է և հնարավոր է դրա ընթացքում վնասել ինչպես մորը, այնպես էլ` պտղին: Բարդություններից ամենավատագույնն արգանդի պատռումն է: Կարող է լինել նաև տոտիկի վնասում: Բարդություններից է նաև այն, երբ տոտիկի փոխարեն սխալմամբ թաթիկն են բռնում, փորձում պտղին այդպես դուրս բերել, և ստեղծվում է բարձիթողի միջաձիգ դրություն: Այդ պատճառով այդ տարբերակներն այժմ շատ չեն կիրառվում:
Բոլոր մանկաբարձական միջամտությունները՝ իրավիճակից կախված, մինչև օրս կիրառելի են: Այդ պատճառով մանկաբարձ-գինեկոլոգը պետք է տիրապետի հայտնի բոլոր հնարքներին: Օրինակ, կարող է լինել զույգ պտուղ, երբ առաջինը նորմալ, երկայնաձիգ դիրքով արդեն ծնվել է, իսկ երկրորդը շարունակում է մնալ միջաձիգ դրությամբ և պտղաշրջման համար կան պայմաններ: Նման դեպքերում պտղաշրջում կատարելն արդարացված է: Ընդհանրապես, զույգերից մյուս՝ միջաձիգ դիրքով պտուղը, 90 տոկոսից ավելի դեպքերում իր դիրքը փոխում է և երկայնաձիգ դառնում, բայյց հնարավոր է և չփոխի: Եթե բժշկի փորձը թույլ չի տալիս երկրորդ պտղին ճիշտ պտղաշրջում կատարել, նա պետք է կեսարյան հատում իրականացնի:
Բնականաբար, պտղի դիրքից ելնելով, պետք է ընտրել ծննդալուծման այն վերջնական տարբերակը, որն ամենաբարենպաստն է: Միաժամանակ, պետք է գնահատել ամեն բան՝ կնոջ վիճակը, հղիության ընթացքը, պտղի վիճակը, նրա քաշը և այլն:
Կնոջ մոտ հղիությունների ժամանակ պտղի միշտ նույն դիրքը որքանո՞վ է հավանական:
Միևնույն կնոջ մոտ կարող են բոլոր հղիությունները նույն դիրքով ընթանալ այն պարագայում, երբ պատճառները փոփոխելի չեն և կրկնվում են յուրաքանչյուր հերթական հղիության ժամանակ:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»