2021 Մայ 18, Երեքշաբթի
Ի՞նչ է հիպերպլազիան:
Էնդոմետրիումի հիպերպլազիան էնդոմետրիումի (արգանդի խոռոչը պատող լորձաթաղանթը) հյուսվածքի ախտաբանական տարածումն ու խտացումն է: Այս գործընթացն իր բնույթով բարորակ է և տեղի է ունենում էնդոմետրիումի բջիջների չափազանց ակտիվ բաժանման պատճառով:
Հիպերպլազիայի ի՞նչ տեսակներ կան:
Էնդոմետրիումի հիպերպլաստիկ գործընթացները դասակարգվում են երեք հիմնական տարբերակների՝ գեղձային հիպերպլազիա, գեղձակիստոզ, ատիպիկ հիպերպլազիա (ադենոմատոզ և ադենամատոզային հիպերպլազիա) և էնդոմետրիումի պոլիպներ:
Գեղձային և գեղձակիստոզ հիպերպլազիան և էնդոմետրիումի պոլիպները դասվում են բարորակ գործընթացների շարքին, իսկ ատիպիկ հիպերպլազիան համարվում է էնդոմետրիումի նախաքաղցկեղային վիճակ:
Ի՞նչ է գեղձային հիպերպլազիան։
Գեղձային հիպերպլազիան բնութագրվում է գեղձերի և էնդոմետրիումի հենքի հավելյալ պրոլիֆերացիայով, լորձաթաղանթի հիմնական և ֆունկցիոնալ շերտերի բաժանման բացակայությամբ, գեղձերի թվի մեծացումով, որոնք տեղակայվում են անհամաչափ: Գեղձերի մի մասը լինում է կիստոզ լայնացած, կորիզները՝ ձգված, պարունակում են մեծ քանակությամբ քրոմատին, հենքում ավելանում է արգիրոֆիլ թելերի քանակը:
Գեղձային հիպերպլազիայի պոլիպանման ձևը գոյանում է հիմնային հիպերպլազիայի առաջընթացի հետևանքով, երբ լորձաթաղանթը պոլիպանման արտափքումների հաշվին հաստանում է:
Ի՞նչ է Էնդոմետրիալ պոլիպը։
Դրանք էնդրիոմետրիումից ծագած էկզոֆիտ գոյացություններ են՝ հստակ սահմաններով, տոտիկի կամ լայն հիմքի վրա։ Ավելի հաճախ դրանք տեղակայվում են արգանդի հատակում, անկյուններում, հազվադեպ՝ վզիկում: Կախված գեղձային և ֆիբրոզ հյուսվածքի գերակշռությունից, տարբերում են գեղձային և գեղձաֆիբրոզ պոլիպներ։
Ի՞նչ է ադենոմատոզային պոլիպը։
Ադենոմատոզային պոլիպները դասվում են էնդոմետրիումի նախաքաղցկեղային հիվանդությունների շարքին: Այդ հիվանդությունները բնորոշվում են գեղձերի էպիթելի արտահայտված պրոլիֆերացիայով և հաճախ վերածվում են քաղցկեղի:
Ըստ վերջին տվյալների՝ էնդոմետրիումի նախաքաղցկեղային վիճակ է համարվում նույնիսկ գեղձային հիպերպլազիան, որը կրկնվում է (ռեցիդիվ) արգանդի խոռոչի քերումից հետո, ինչպես նաև այն բոլոր հիպերպլաստիկ գործընթացները, որոնք հորմոնալ բուժման չեն ենթարկվում:
Որո՞նք են հիպերպլազիայի պատճառները:
Էնդրիոմետրիումի հիպերպլաստիկ գործընթացների առաջացման հիմքում հորմոնային հոմեոստազի խանգարումներն են, որոնք հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի դիսֆունկցիայի հետևանք են և ուղեկցվում են ածխաջրային, ճարպային և նյութափոխանակության մյուս ձևերի ախտաբանությամբ: Ի հայտ են գալիս հորմոնալ խանգարումներ, խանգարվում են ֆոլիկուլոխթանող և լյուտեինացնող հորմոնների բնականոն փոխհարաբերությունը, որը նպաստում է անձվազատության կամ լյուտեինային փուլի անբավարարության, և ընթանում է հարաբերական կամ բացարձակ հիպերէստրոգենեմիայի ֆոնի վրա:
Առավել հաճախ հիպերպլաստիկ գործընթացներով տառապող կանանց շրջանում հայտնաբերվում են ներարգանդային անբարենպաստ զարգացում, սեռական հասունացման շրջանում զանազան վարակիչ հիվանդություններ, բարդացած գինեկոլոգիական անամնեզի առկայություն, որոնցից ավելի հաճախ հանդիպում են արգանդի միոման, սկլերոկիստոզ ձվարանների համախտանիշը, մաստոպաթիան, էնդոմոտրիոզը, չբերությունը, հաճախակի արհեստական վիժումները, արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսությունները և այլն:
Կլինիկորեն ինպե՞ս է դրսևորում:
Էնդրիոմետրիումի հիպերպլաստիկ գործընթացի հիմնական դրսևորումը դաշտանային ֆունկցիայի խանգարումն է, որն արտահայտվում է միջդաշտանային արյունահոսությունների, դիսֆունկցիոնալ՝ անօվուլյատոր արգանդային արյունահոսությունների ձևով, որոնք լինում են երկարատև, չափավոր արյունային արտադրությամբ կամ շատ առատ պրոֆուզ բնույթի: Որոշ դեպքերում էնդրիոմետրիումի հիպերպլաստիկ գործընթացներն ընթանում են անախտանիշ, կարող են ուղեկցվել էնդոկրին չբերությամբ:
Ինչպե՞ս ախտորոշել:
Ախտորոշման կարևորագույն մեթոդներից է արգանդի խոռոչի քերումը՝ հյուսվածքաբանական հետազոտության համար, որը ցանկալի է կատարել սպասվող դաշտանի նախօրեին: Ախտաբանական օջախների ճիշտ հայտնաբերման և հեռացման նպատակով արգանդի խոռոչի քերումը նպատակահարմար է կատարել հիստերոսկոպի հսկողությամբ:
Հորմոնալ բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով, դաշտանային պարբերաշրջանի երկրորդ փուլում կատարվում է արգանդի խոռոչի ասպիրացիա՝ բջջաբանական հետազոտության համար:
Կարևոր մեթոդներից է նաև էխոսկոպիկ հետազոտությունը. հիպերպլազիայի դեպքում էնդոմետրիումի հաստությունը հասնւմ է 2-3 սմ, մինչդեռ բնականոն արտազատման ուշ փուլում այն ունի մինչև 1.5 սմ հաստություն.
Ախտորոշիչ նշանակությունն ունի նաև հիստերոգրաֆիան: Հիստերոգրի վրա հայտնաբերվում են ժանյակավորում, պոլիպ։ Հեռանկարային և ամենաժամանակակից մեթոդներից է ռադիոիզոտոպային հետազոտման մեթոդը 32p իզոտոպով, որը հիմնված է պրոլիֆերացիայի աստիճանին համապատասխան չափով բջիջների կողմից ռադիոակտիվ ֆոսֆորի իզոտոպի կլանման հատկության վրա։
Ինչպե՞ս է կազմակերպվում հիպերպլազիաների բուժումը:
Բուժումը պետք է լինի անհատական. հաշվի են առնվում հիվանդի տարիքը, հիպերպլազիայի ձևաբանական տարբերակը, կլինկական դրսևորումները և ուղեկցող արտասեռական ախտաբանության առկայությունը:
Հորմոնաբուժման նպատակը էնդոմետրիումի պրոլիֆերատիվ գործընթացների առաջընթացի կասեցումն է, ինչը նպաստում է նրանում ատրոֆիկ փոփոխությունների զարգացմանը: Այն հիմնականում ուղղված է նաև գոնադոտրոպ հորմոնների ցիկլիկ արտադրությունը և ստերոիդոգենեզը ձվարաններում ընկճելուն: Կնոջ օրգանիզմում այդ բոլոր փոփոխությունները վերադարձելի են:
Ինչպե՞ս է կազմակերպվում ատիպիկ հիպերպլազիայի բուժումը։
Հորմոնաբուժումը ցուցված է գեստագենային պատրաստուկներով։ Բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով էնդոմետրիումի հիպերպլազիաների ժամանակ բուժման վեցամյա կուրսից հետո, իսկ ատիպիկ հիպերպլազիայի դեպքում՝ երեք ամիս անց, կատարվում է արգանդի խոռոչի ախտորոշիչ քերում՝ հետագա հյուսվածքաբանական հետազոտության համար: Էնդոմետրիումի գեղձակիստոզ հիպերպլազիայի և ատիպիկ հիպերպլաստիկ գործընթացների ժամանակ ներկայում կիրառվում են նաև կրիոդեստրուկցիայի մեթոդը և լազերային բուժման արդյունավետությունը:
Ինչպե՞ս կանխարգելել հիպերպլազիայի զարգացումը:
Որպես կանխարգելիչ միջոց օգտագործվում է էնդոկրին խանգարումների բուժումը, հորմոնալ դեղերի վերացումը, ներառյալ` հորմոնալ հակաբեղմնավորիչները: Ատիպիկ գործընթացների և չարորակ բնույթի հատկությունների ձեռքբերման նվազագույն կասկածի դեպքում կատարվում է արգանդի վզիկի ընդլայնված ախտորոշում, նպատակային բիոփսիա (ախտորոշիչ նպատակներով` օրգանի հյուսվածքների նմուշառում): Այն դեպքում, երբ արգանդի վզիկի վնասվածքը նշանակալի է, և թիրախային բիոփսիայի համար տեղանքի ընտրությունը դժվար է, կիրառվում է կոնաձև կտրվածք։
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»