«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ձվարանի կիստա. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Գասպարյանի հետ

Ձվարանի կիստա. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Գասպարյանի հետ

2021 Մայ 31, Երկուշաբթի

Ի՞նչ է ձվարանի կիստան:

Կիստաները ուռուցքանման գոյացություններ են, որոնց խոռոչը լցված է տարբեր հյուսվածքներով և հեղուկով, այդ թվում նաև՝ արյունով:

Կիստաներ առավել հաճախ հանդիպում են վերարտադրողական տարիքում. դաշտանադադարի ժամանակ դրանք ավելի քիչ են հանդիպում:

Ձվարանի կիստայի ի՞նչ տեսակներ կան:

Տարբերում են ֆոլիկուլյար, դեղին մարմնի, մուցինոզ, դերմոիդ,  էնդոմետրոիդ կիստաներ և այլն:

Ինչո՞ւ են առաջանում և ինչպե՞ս են դրսևորվում:

Ֆոլիկուլյար կիստաներն ավելի հաճախ են հանդիպում, առաջանում են օվուլացիայի խանգարումներից: Ենթադրվում է, որ պատճառը հիպոֆիզի հոնադոտրոպինների արտադրության խանգարումն է: Այս դեպքում ֆոլիկուլյար հեղուկը չի ենթարկվում ներծծման (ռեաբսորբցիայի), ինչը բերում է կիստայի առաջացման: Այս կիստաների չափերը տատանվում են 3-10 սմ սահմաններում: Ոչ մեծ չափերի կիստաները հիմնականում ինքնուրույն վերանում են` 3 դաշտանային ցիկլի ընթացքում:

Հաջորդ` ամենատարածվածը, դեղին մարմնի կիստան է, որն առաջանում է դաշտանային ցիկլի երկրորդ ֆազայում` դեղին մարմնից: Պատճառը, հաճախ, հորմոնալ խանգարումներն են, արյունամատակարարման խախտումը` դեղին մարմնի հավելումներում, հղիության արհեստական ընդհատումը, հորմոնալ հակաբեղմնավորիչները: Այս կիստաները հիմնականում ինքնուրույն անհետանում են:

Ձվարանների մուցինոզ կիստաները բազմախոռոչ բարորակ ուռուցքներ են, որոնք հիմնականում լորձ են պարունակում և արագ են աճում: Սրանք մյուս կիստաներից տարբերվում են իրենց մեծ չափերով. կարող են հասնել մինչև 20-30 սմ:  

Հաջորդը ձվարանի դերմոիդ կիստաներն են: Այս կիստաները զարգանում են էմբրիոնի զարգացման փուլում` խանգարումների արդյունքում: Պարունակում են ձվարանին ոչ հատուկ հյուսվածքներ՝ ոսկրեր, մազ, ատամ, ճարպային հյուսվածք և այլն: Դրանք չեն ազդում հորմոնալ ֆոնի վրա, սակայն, հասնելով մեծ չափերի, նվազեցնում են ձվարանային առողջ հյուսվածքի ծավալը:  Վիրահատության ժամանակ փորձ է արվում փրկել ձվարանային հյուսվածքի առողջ մասը:

Կան նաև էնդոմետրոիդ կիստաներ, որոնք առաջանում են, երբ արգանդի ներքին բջիջնները տարածվում են ձվարանների վրա: Ախտաբանական հյուսվածքի բջիջները պահպանում են ցիկլիկ հորմոնալ կախվածությունը:

Ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս:

Կիստաներին ամենաբնորոշ ախտանշաններն են՝ դաշտանային ֆունկցիայի խանգարումը, անկանոն արյունային արտադրությունը և այլն: Եթե ձվարանների ֆունկցիան խիստ տուժած է, կարող է և անպտղություն զարգանալ:

Ի՞նչ բարդություն կարող են առաջացնել կիստաները:

Կան կիստաների տեսակներ, որոնք ունեն չարորակացման բարձր ռիսկ և կարող են ենթարկվել մալիգնիզացիայի:

Հաճախ հանդիպող բարդություն է կիստայի տոտիկի ոլորումը, որի հետևանքով առաջանում են ուժեղ ցավեր և հյուսվածքի մեռուկացում:

Ինչպե՞ս ախտորոշել հիվանդությունը:

Ախտորոշման համար կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), կարող է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի անհրաժեշտություն առաջանալ:

Կիստաների բուժման ի՞նչ մեթոդներ կան:

Կիստաները որոշ դեպքերում ինքնուրույն վերանում են: Եթե դա տեղի չի ունենում, կիրառվում են կոնսերվատիվ և վիրահատական բուժման մեթոդներ:

Կոնսերվատիվ բուժման շրջանակում՝ հորմոնալ խախտման դեպքում, նշանակվում են հորմոններ: Եթե դա արդյունք չի տալիս, իրականացվում է վիրաբուժական միջամտություն, որի միակ նպատակը, հատկապես վերարտադրողական տարիքում, առավելագույն օրգանապահպան վիրահատությունն է:

Հիմնականում՝ 99 տոկոս դեպքերում, անկախ կիստայի տեսակից և չափերից, վիրահատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը