2021 Մայ 31, Երկուշաբթի
Ի՞նչ է ձվարանի կիստան:
Կիստաները ուռուցքանման գոյացություններ են, որոնց խոռոչը լցված է տարբեր հյուսվածքներով և հեղուկով, այդ թվում նաև՝ արյունով:
Կիստաներ առավել հաճախ հանդիպում են վերարտադրողական տարիքում. դաշտանադադարի ժամանակ դրանք ավելի քիչ են հանդիպում:
Ձվարանի կիստայի ի՞նչ տեսակներ կան:
Տարբերում են ֆոլիկուլյար, դեղին մարմնի, մուցինոզ, դերմոիդ, էնդոմետրոիդ կիստաներ և այլն:
Ինչո՞ւ են առաջանում և ինչպե՞ս են դրսևորվում:
Ֆոլիկուլյար կիստաներն ավելի հաճախ են հանդիպում, առաջանում են օվուլացիայի խանգարումներից: Ենթադրվում է, որ պատճառը հիպոֆիզի հոնադոտրոպինների արտադրության խանգարումն է: Այս դեպքում ֆոլիկուլյար հեղուկը չի ենթարկվում ներծծման (ռեաբսորբցիայի), ինչը բերում է կիստայի առաջացման: Այս կիստաների չափերը տատանվում են 3-10 սմ սահմաններում: Ոչ մեծ չափերի կիստաները հիմնականում ինքնուրույն վերանում են` 3 դաշտանային ցիկլի ընթացքում:
Հաջորդ` ամենատարածվածը, դեղին մարմնի կիստան է, որն առաջանում է դաշտանային ցիկլի երկրորդ ֆազայում` դեղին մարմնից: Պատճառը, հաճախ, հորմոնալ խանգարումներն են, արյունամատակարարման խախտումը` դեղին մարմնի հավելումներում, հղիության արհեստական ընդհատումը, հորմոնալ հակաբեղմնավորիչները: Այս կիստաները հիմնականում ինքնուրույն անհետանում են:
Ձվարանների մուցինոզ կիստաները բազմախոռոչ բարորակ ուռուցքներ են, որոնք հիմնականում լորձ են պարունակում և արագ են աճում: Սրանք մյուս կիստաներից տարբերվում են իրենց մեծ չափերով. կարող են հասնել մինչև 20-30 սմ:
Հաջորդը ձվարանի դերմոիդ կիստաներն են: Այս կիստաները զարգանում են էմբրիոնի զարգացման փուլում` խանգարումների արդյունքում: Պարունակում են ձվարանին ոչ հատուկ հյուսվածքներ՝ ոսկրեր, մազ, ատամ, ճարպային հյուսվածք և այլն: Դրանք չեն ազդում հորմոնալ ֆոնի վրա, սակայն, հասնելով մեծ չափերի, նվազեցնում են ձվարանային առողջ հյուսվածքի ծավալը: Վիրահատության ժամանակ փորձ է արվում փրկել ձվարանային հյուսվածքի առողջ մասը:
Կան նաև էնդոմետրոիդ կիստաներ, որոնք առաջանում են, երբ արգանդի ներքին բջիջնները տարածվում են ձվարանների վրա: Ախտաբանական հյուսվածքի բջիջները պահպանում են ցիկլիկ հորմոնալ կախվածությունը:
Ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս:
Կիստաներին ամենաբնորոշ ախտանշաններն են՝ դաշտանային ֆունկցիայի խանգարումը, անկանոն արյունային արտադրությունը և այլն: Եթե ձվարանների ֆունկցիան խիստ տուժած է, կարող է և անպտղություն զարգանալ:
Ի՞նչ բարդություն կարող են առաջացնել կիստաները:
Կան կիստաների տեսակներ, որոնք ունեն չարորակացման բարձր ռիսկ և կարող են ենթարկվել մալիգնիզացիայի:
Հաճախ հանդիպող բարդություն է կիստայի տոտիկի ոլորումը, որի հետևանքով առաջանում են ուժեղ ցավեր և հյուսվածքի մեռուկացում:
Ինչպե՞ս ախտորոշել հիվանդությունը:
Ախտորոշման համար կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), կարող է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի անհրաժեշտություն առաջանալ:
Կիստաների բուժման ի՞նչ մեթոդներ կան:
Կիստաները որոշ դեպքերում ինքնուրույն վերանում են: Եթե դա տեղի չի ունենում, կիրառվում են կոնսերվատիվ և վիրահատական բուժման մեթոդներ:
Կոնսերվատիվ բուժման շրջանակում՝ հորմոնալ խախտման դեպքում, նշանակվում են հորմոններ: Եթե դա արդյունք չի տալիս, իրականացվում է վիրաբուժական միջամտություն, որի միակ նպատակը, հատկապես վերարտադրողական տարիքում, առավելագույն օրգանապահպան վիրահատությունն է:
Հիմնականում՝ 99 տոկոս դեպքերում, անկախ կիստայի տեսակից և չափերից, վիրահատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»