2021 Հուն 18, Ուրբաթ
Որքանո՞վ է ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) անհրաժեշտ հղիության ժամանակ:
Ներկայում ամբողջ աշխարհում՝ ըստ ընդունված ուղեցույցի, հղիության ընթացքում կատարվում է երեք սքրինինգային հետազոտություն՝ առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներում: Սակայն մեզ մոտ սքրինինգային ուղեցուցային հետազոտությունից որոշ չափով շեղվում ենք` նախքան առաջին սքրինինգը կատարվում է հղիությունը հաստատող ՈՒՁՀ: Հղիության ընթացքում իրականացվում է նաև դոպլերոգրաֆիկ հետազոտություն, որը պարտադիր ցուցում չէ, բայց վերջերս բժիշկների կողմից ավելի հաճախ է նշանակվում:
Ի՞նչ նպատակով է կատարվում առաջին ուլտրաձայնային հետազոտությունը:
Առաջին սքրինինգ հետազոտությունը կատարվում է առաջին եռամսյակում, երբ հղիությունը գտնվում է 11 շաբաթ մեկ օրականից մինչև 13 շաբաթ 6 օրականը: Այդ ժամանակ հետազոտության շնորհիվ հայտնաբերվում է քրոմոսոմային անոմալիայի վտանգը: Չափվում են օձիքային տարածության հաստությունը՝ պարանոցի հատվածում հեղուկի ենթամաշկային կուտակումը, քթոսկրի երկարությունը: ՈՒՁ հետազոտության ընթացքում ստացվում է ամնեխոգեն սև գիծ:
Եթե օձիքային հաստությունը բարձր է նորմայից, հետազոտությունն ավելի է խորացվում, և իրականացվում է ամնիոցենտեզ, կամ ՆԻՊՏ գենետիկական հետազոտություն:
Երկրորդ եռամսյակում իրականացվում է երկրորդ սքրինինգը, որը կարելի է համարել օրգանոգենեզային հետազոտություն, երբ արդեն բոլոր օրգան- համակարգերի ձևավորումը ավարտված է և վերջնականորեն կարելի է գնահատել պտղի վիճակը: Այս սքրինինգն իրականացվում է 18-20 շաբաթական ժամանակահատվածում և փորձ է արվում ճիշտ գնահատել կենտացիոն ժամկետը. Բացառվում կամ հայտնաբերվում են զարգացման այն արատները, որոնք ավելի փոքր կենտացիոն ժամկետում չի հաջողվում ախտորոշել:
Կատարվում են պտղի բիոմետրիկ չափումներ, գնահատվում են պտղի աճը, սրտի աշխատանքը, պլացենտայի դիրքը, կառուցվածքը, պտղի անատոմիան, որն ամենակարևոր ցուցանիշներից է. բազմապտուղ հղիությունների ժամանակ գնահատվում է նաև խորեալությունը:
Իհարկե, կան արատներ, որոնք հնարավոր է այս ժամկետում էլ չհայտնաբերվեն, բայց գրեթե 80 տոկոս դեպքերում զարգացման արատները հայտնաբերվում են:
Երրորդ եռամսյակի հետազոտությունը կատարվում է 32-34 շաբաթականում: Դա արդեն ծննդաբերության նախապատրաստությունն է՝ պտղի դիրքը, քաշի համապատասխանությունը ժամկետին, ընկերքի վիճակը, պտղաջրերի քանակը, պորտալարի ընդհանուր վիճակը: Այդ ամենից ելնելով, որոշվում է ծննդաբերության ընթացքը:
Երկրորդ և երրորդ սքրինինգների միջև ցանկալի է կատարել ներկայում շատ տարածում գտած դոպլերոգրաֆիկ հետազոտությունը: Դա անոթների վիճակի հետազոտություն, որով պարզվում է, թե պտղին բավարար սնունդ և թթվածին հասնո՞ւմ է, թե` ոչ:
Նախքան ուղեցուցային երեք սքրինինգը, երբ հղիության թեստը դրական է, ցանկալի է թեստից հետո, մոտավորապես երկու շաբաթվա ընթացքում (6-7 շաբաթականում) կատարել ՈՒՁՀ՝ պարզելու պտղի առկայությունն արգանդում, նրա զարգացումը, սրտի զարկերի առկայությունը:
Ի՞նչ հաճախականությամբ է կատարվում պտղի ՈՒՁՀ-ն բազմապտուղ հղիության ժամանակ:
Բազմապտուղ հղիությունների ժամանակ սքրինինգային հետազոտություններն իրականացվում են հաճախ, երկրորդ եռամսյակից հետո՝ 2-3 շաբաթը մեկ էխոգրաֆիան կրկնվում է: Հաճախակի ՈՒՁՀ-ն կարևոր է հատկապես միաձվային պտուղների ժամանակ, երբ առկա է մեկ խորիոն: Նման դեպքերում հաճախ իրականացվում է նաև դոֆլերոգրաֆիա, որովհետև մեկ խորիոնի և 2 պորտալարի առկայության դեպքում պետք է հասկանալ` արդյո՞ք երկուսն էլ նորմալ արյուն են ստանում:
Պտղի սեռի որոշումը ՈՒՁՀ-ի օգնությամբ:
Մինչև 12 շաբաթականը դեռևս ընթանում է սեռի տարբերակում, այսինքն, այդ ընթացքում աղջիկը և տղան իրենց կառուցվածքով, տեսքով միմյանցից չեն տարբերվում: Տարբերակումն ավարտվում է 12 շաբաթականում, և այդ ժամկետից սկսած կարելի է երեխայի սեռը տարբերակել:
Ի՞նչ մոտեցումներ կան, եթե պտղի մոտ հայտնաբերվում է ախտաբանություն:
Ախտաբանություններ հայտնաբերելու դեպքում հղիի հսկողությունն ավելի ուշադիր է իրականացվում, փոխվում է նաև ՈՒՁ հետազոտությունների հաճախականությունը:
Եթե հայտնաբերված ախտաբանությունը կյանքի հետ անհամատեղելի է, ըստ ցուցումի, հղիությունն ընդհատվում է: Ախտաբանությունները, որոնց հայտնաբերման դեպքում ցուցված է հղիության ընդհատումը, բավականին շատ են՝ սրտի ծանր արատներ, սպինաբիֆիդա, հիդրոցեֆալիա, ոսկրային անոմալիաներ և այլն:
Սակայն հղիության ընդհատման մոտեցումները հարաբերական են: Հաճախ ծնողներն ամենալուրջ արատի դեպքւմ անգամ հրաժարվում է հղիության ընդհատումից և` հակառակը. երբեմն շատ փոքր խնդրի դեպքում, երբ նույնիսկ զգուշացվում է, որ այն կշտկվի վիրահատություններով, ծնողները հրաժարվում են երեխայից: Նրանք ֆինանսական և այլ դժվարություններ հաղթահարելու համար իրենց պատրաստ չեն զգում:
Արատների դեպքում հղիության ընդհատումն ունի՞ ժամկետային սահմանափակում:
12 շաբաթականից հետո հղիության ընդհատումն արգելվում է, և այն իրականացվում է միայն ըստ ցուցումների: Բարդ արատների դեպքում ժամկետային սահմանափակում չկա:
Վտանգավո՞ր է արդյոք ուլտրաձայնային հետազոտությունը պտղի և մոր համար:
Ոլտրաձայնային հետազոտությունը ձայնային ալիք է և որևէ վտանգ չի ներկայացնում ոչ պտղի, ոչ հղիի համար:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»