2021 Հուն 23, Չորեքշաբթի
Կինը լիարժեք կամ նվազագույն բարդություններով հղիություն կարող է կրել մեկ պտղի դեպքում: Այդ պատճառով զույգերով հղիությունը համարվում է ոչ նորմալ:
Պատճառները
Առայսօր բազմապտղության կոնկրետ պատճառներ պարզված չեն: Միաբջիջ զույգերը զարգանում են մեկ բեղմնավորված ձվաբջջից, սակայն դրա պատճառն անհայտ է: Իսկ ոչ միաբջջայինները` 2 տարբեր, մի քանի օր տարբերությամբ բեղմնավորված ձվաբջիջներից են զարգանում, այդ պատճառով միմյանցից տարբեր են և կարող են տարբեր սեռ ունենալ:
Վերջին ժամանակաշրջանում ավելացել են բազմապտուղ հղիությունները, և դրա պատճառներն են.
• ժառանգականությունը, որը հիմնականում փոխանցվում է մայրական կողմից, իսկ հայրը փոխանցում է դուստրերին,
• հակաբեղմնավորիչների երկարաժամկետ օգտագործման դադարեցումը. օրգանիզմը կարծես փորձում է կոմպենսացնել իր հարկադրական «պարապուրդը»,
• կլիմաքսից առաջ կնոջ մոտ հորմոնների գործունեության ուժեղացումը,
• անպտղության բուժման համար ձվարանների գործունեության դրդումը,
• ԱՄԲ, երբ մի քանի ձվաբջիջ է ներդրվում կնոջ արգանդում,
• կարճ դաշտանային ցիկլը՝ 20-21 օր. առկա է օրինաչափություն այդպիսի կանանց և բազմապտղության միջև:
Բազմապտուղ հղիության նշանները
Պտուղների քանակը հայտբնաբերվում է 10 շաբաթականից, երբ հնարավոր է լավ լսել սրտի զարկերը:
Իսկ մինչև այդ միայն հնարավոր է ենթադրել ինչ-որ նշաններով.
• շատ վաղ են սկսում տոքսիկոզի երևույթները, ընթանում են ծանր, արտահայտվում է ուժեղ թուլություն,
• հղիության թեստի գծիկները հայտնվում են ժամկետից շուտ և ցայտուն են. պատճառը խորիոնային հոնադոտրոպինի կրկնապատկված աշխատանքն է,
• որովայնը ստկսում է մեծանալ արդեն առաջին շաբաթներից և արագորեն մեծ չափեր է ընդունում:
Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) վաղ շրջանում չի կարող հստակ ցույց տալ պտուղների թիվը. պետք է համբերել մինչև 10 շաբաթականը, և նոր միայն հետազոտության արդյունքը վստահելի կլինի:
Հղիության զարգացումը զույգերի դեպքում
ՈՒՁ հետազոտությամբ կարևոր է պարզել ընկերքների քանակը: Եթե յուրաքանչյուր պտուղ ունի իր ընկերքը, ստանում է լիարժեք սնունդ և թթվածին՝ հղիությունն ընթանում է նվազագույն խնդիրներով: Մեկ ընդհանուր ընկերքի դեպքում պտուղների զարգացումն անհամաչափ է ընթանում: Հաճախ նրանցից մեկն անբավարար սնունդ է ստանում և ունենում է թթվածքնային քաղց: Այդ փոքրիկը ծնվում է թույլ և փոքր քաշով:
Մեկ պլացենտայի դեպքում ծննդաբերության ժամանակ այդ պտուղը կարող է մահանալ` սուր հիպօքսիայի պատճառով: Նման դեպքերում պետք է իրականացնել կեսարյան հատում:
Զույգերի դեպքում հղիի օրգանիզմի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է. երկրորդ եռամսյակում արյան ծավալը մեծանում է կրկնակի, որը կարող է երկաթդեֆիցիտային սակավարյունության պատճառ դառնալ:
Արգանդի շատ մեծ չափերը բերում են դիաֆրագմայի շեղման, դժվարանում է թոքերի և սրտի աշխատանքը, հղիի մոտ առաջանում է երիկամների վարիկոզ. հղին շուտ է հոգնում, քայլել անգամ դժվարանում է:
Երրորդ եռամսյակում, արգանդի խիստ ձգվածության հետևանքով, ի հայտ է գալիս վաղաժամ ծննդաբերության վտանգ:
Եթե արգանդի վրա առկա է սպի, 30 շաբաթականում արդեն բժիշկները արհեստականորեն ծննդաբերություն են դրդում՝ խուսափելու արգանդի պատռումից և այլ բարդություններից:
Միզապարկի վրա արգանդի ճնշման արդյունքում կարող է խանգարվել միզարձակումը, որը միզուղիների վարակների պատճառ կարող է լինել:
Բազմապտուղ հղիությունների ժամանակ 5-6 անգամ ավելի հաճախ է զարգանում պրեէկլամպսիա: Միաժամանակ, շատ հղիներ թեթև են տանում և չեն զգում որևէ տարբերություն մեկ և զույգ պտուղներով հղիությունների միջև:
Ծննդաբերությունը
60 տոկոս դեպքում բազմապտուղ հղիությունն ավարտվում է վաղաժամ ծննդաբերությամբ: 35 շաբաթական հղիությունից սկսած կինը պետք է պատրաստ լինի դրան: Բժիշկները 2-3 շաբաթ ավելի շուտ հղիին ուղղորդում են ստացիոնար՝ մասնագետների հսկողության տակ գտնվելու համար:
Զույգերով հղիությունը կեսարյան հատման պարտադիր ցուցում չէ, որովհետև, բարենպաստ պայմանների դեպքում, կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել:
Նման ծննդաբերության վարումը պետք է շատ ուշադիր իրականացնել, քանի որ առկա է հետևյալ խնդիրների վտանգը.
• պորտալարի արտանկում և սեղմում,
• պտղի թաթիկի և տոտիկի դուրս գալը` ծննդաբերական ուղիներից,
• երկրորդ պտղի հիպօքսիա՝ ընդհանուր ընկերքի դեպքում,
• ծննդաբերական գործընթացի թուլություն՝ արգանդի մկանների ձգվածության հետևանքով, որը երկու պտղի մոտ կարող է հանգեցնել հիպօքսիայի զարգացման:
Բոլոր դեպքերում, պահանջվում են անհատական մոտեցումներ, շտապ կողմնորոշում և վճիռներ:
Կեսարյան հատում կատարվում է այն դեպքերում, երբ ծննդաբերությունը կարող է ընթանալ բարդություններով:
Կեսարյան հատման ցուցումներն են.
• հղիի քրոնիկ հիվանդությունները,
• էկլամպսիան (հեստոզը),
• պտուղների մեծ չափերը,
• պտղաջրերի մեծ քանակը,
• հիպօքսիան,
• առաջին պտղի միջաձիգ կամ հետույքային դիրքը,
• արգանդի վրա առկա վիրահատական սպին,
• պլացենտայի առաջադրությունը կամ ցածր դիրքը:
Նորածինները կարող են ծնվել փոքր քաշով, սակայն նրանց մոտ բարձր են հարմարողականության հնարավորությունները և շատ արագ վերականգնում են իրենց քաշերը:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»