«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության ժամանակ պտղի առաջադրությունը

Հղիության ժամանակ պտղի առաջադրությունը

2021 Հուն 25, Ուրբաթ

Հղիության վերջին եռամսյակում պտղի վիճակի կարևոր ցուցիչներից է պտղի առաջադրությունը:

Երրորդ ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁՀ) ժամանակ փոքրիկը, սովորաբար, որոշակի առաջադրություն է ընդունում, որը պահպանվում է մինչև ծննդաբերությունը: Հաճախ միմյանց հետ շփոթում են պտղի դիրքը և առաջադրությունը: Երեխայի ուղղաձիգ, հորիզոնական և թեք վիճակն` արգանդում, նրա դիրքերն են: Իսկ առաջադրությունը ցույց է տալիս, թե պտուղն իր մարմնի ո՞ր մասով է (գլխով, հետույքով) տեղավորված  արգանդի ելքի մոտ: Ուշ շրջանում արդեն դժվար է այդ դիրքը փոխել, որովհետև շարժումների համար տարածությունը բավականին փոքրանում է: Եթե ծնվելիս պտուղը շրջվել է դեպի ելք` տոտիկներով, ծնկներով, հետույքով, թաթիկներով, մեջքով կամ գլխով, ապա հենց այդպես էլ կշարժվի ծննդաբերության ժամանակ:

Ելնելով առաջադրությունից, գինեկոլոգը որոշում է ծննդալուծման եղանակը՝ բնակա՞ն, թե՞ վիրահատական (կեսարյան հատում):

Որոշ առաջադրությունների ժամանակ բնական ճանապարհով ծննդաբերությունն անհնարին է:

Գլխային առաջադրություն

Պտղի ամենատարածված և ամենաճիշտ դիրքավորումը ուղղաձիգ դիրքն է՝ գլխային առաջադրությամբ: Փոքրիկն այդ դիրքն ընդունում է, որովհետև գլուխը մարմնի ամենածանր մասն է և երկրի ձգողականության օրենքի համաձայն այդպես նվազագույն էներգիա կծախսվի:  Այդպիսի ծննդաբերություններն ընթանում են առանց միջամտության՝ բնական ճանապարհով: Բայց երբեմն երեխան հետ է շրջում գլուխը և առաջ է գալիս ճակատով կամ դեմքով: Այդ վիճակը գինեկոլոգի կողմից հայտնաբերվում է ծննդաբերության ընթացքում՝ հեշտոցային զննման ժամանակ, ինչը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ, ուստի հաճախ կատարվում է կեսարյան հատում: Որոշ դեպքերում բժիշկն ընդունում է բնական ծննդալուծման որոշում` հաշվի առնելով նաև մի շարք պայմաններ՝ կոնքի չափը, պտղի չափերը և այլն:

Կոնքային առաջադրություն

Կոնքային առաջադրության ժամանակ պտուղը ելքի մոտ է հայտնվում հետույքով, կամ տոտիկներով: Այս առաջադրության տեսակներն են.

  • հետույքային,
  • տոտիկային,
  • խառը՝ և՛ հետույքը, և՛ ծնկներում ծալված տոտիկները:

Նման առաջադրություն հանդիպում է 3% դեպքերում: Մինչև 37 շաբաթականը դեռևս հնարավորություն կա, որ փոքրիկը կարող է փոխել դիրքը: Դրա համար խորհուրդ է տրվում հատուկ մարմնամարզություն: Եթե պտուղը մնում է նույն դիրքում, նախքան ծննդաբերությունը հղին պետք է գտնվի ստացիոնար հսողության ներքո, կատարվեն համապատասխան հետազոտություններ, և որոշվի ծննդալուծման եղանակը:

Բնական ծննդաբերության համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.

  • կոնքի նորմալ չափեր,հետույքային առաջադրություն,
  • իգական սեռի պտուղ,
  • պտղի ոչ մեծ քաշ,
  • ոչ առաջնածին ծննդաբերություն,
  • մանկաբարձի փորձառություն:

Ամեն դեպքում, պետք է պատրաստ լինել նաև կեսարյան հատման:

Կոնքային առաջադրությամբ բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ կարող են լինել հետևյալ բարդությունները՝ պորտալարի արտանկում, ճնշում՝ արդյունքում պտղի ասֆիքսիա, պարանոցի և ողնուղեղի վնասում` գլխի դեպի հետ դիրքի ի դեպքում, ուսահոդի վնասում: Ներկայում նման դեպքերում բնական ծննդալուծում գրեթե չի կատարվում:

Միջաձիգ և թեք առաջադրություններ

Այս առաջադրության ժամանակ պտղի դիրքը միջաձիգ է (լայնակի) կամ թեք` արգանդի նկատմամբ 45 աստիճան: Այս տարբերակը հազվադեպ է հանդիպում: Նման դեպքերում ելքի մոտ պտուղը հայտնվում է ուսով, թաթիկով, մեջքով: Ծննդալուծման մոտեցումը միայն վիրահատական է:

Սխալ դիրքերի պատճառները

  • Արգանդի ձևը (արգանդի միջնապատ, երկեղջյուր արգանդ), որը խանգարում է պտղին ճիշտ դիրք ընդունել,
  • ուռուցքի և հանգույցների առկայությունը` արգանդի ստորին հատվածում,
  • արգանդի մկանային թուլությունը` բազմակի ծննդաբերությունների հետևանքով,
  • ընկերքի ցածր տեղակայումը,
  • վնասվածքների արդյունքում կնոջ կոնքի ոսկրերի փոփոխությունները,
  • պտղաջրերի մեծ քանակը և պտղի ցածր քաշը, երբ պտուղը շատ շարժուն է,
  • սակավաջրությունը և պտղի մեծ քաշը. այս դեպքում պտղի դժվար շարժունակությունը խանգարում է դիրքն ուղղել:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը