2021 Հուն 30, Չորեքշաբթի
Միոման բարորակ հարթ մկանային ուռուցք է, որի առաջացման իրական պատճառները առայսօր հայտնի չեն: Հավանական պատճառ են համարում կանանց հորմոնալ ֆոնի (էստրոգենը, պրոգեստերոն) խանգարումները:
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում հիվանդությունը:
Միոմայի ախտանշանները տարբեր են: Առաջին հերթին, դրանք անոմալ արգանդային արյունահոսություններն են, որոնց հետևանքով կարող է զարգանալ երկաթդեֆիցիտային սակավարյունություն: Հաջորդ ախտանշանը ցավն է, որի հիմնական պատճառը միոմայի արյան հոսքի խանգարումն է, նաև` ծանրության զգացումը, կապված միոմայի չափերի հետ: Մյուս ախտանշանը միոմայի կոմպրեսիոն ազդեցությունն է՝ չափերից և տեղակայումից ելնելով, այն ճնշում է հարակից օրգանները՝ միզապարկը, աղիները և այլն:
Ինչպե՞ս ախտորոշել միոման:
Ախտորոշելիս հաշվի են առնում անամնեզի տվյալները և առկա գանգատները, իսկ ոսկե չափանիշը ուլտրաձայնային հետազոտությունն է:
Միոմաների ի՞նչ տեսակներ են հայտնի:
Ըստ տեղակայման միոմաները լինում են մի քանի տեսակի՝ ինտրամուրալ, սուբսերոզ, սուբմուկոզ և պեդունկուլյար: Ինտրամուրալ միոմաներն ամենահաճախ հանդիպողներից են, որոնց ժամանակ գոյացությունն աճում է արգանդի պատի մկանային շերտի մեջ:
Սուբսերոզ միոմաներն աճում են արգանդի պատից դուրս՝ արգանդի լորձաթաղանթի տակ, որը հաճախ արյունահոսությունների պատճառ է դառնում:
Սուբմուկոզ միոմաներն աճում են արգանդի խոռոչի մեջ:
Պեդունկուլյար միոմաները լինում են ոտիկի վրա: Դրանք կարող են լինել և՛ սուբմուկոզ, և՛ սուբսերոզ, այսինքն, ոտիկով միոմա արգանդի խոռոչում է կամ արգանդից դուրս: Կան բազմահանգույց միոմաներ՝ միաժամանակ մի քանի տեղակայմամբ:
Միոմաների ո՞ր տեսակն է իր ընթացքով ավելի բարեհաջող:
Սուբսերոզ միոման ամենաբարեհաջող ընթացքն ունի և մեծ մասամբ անցնում է առանց ախտանշանների: Հիվանդը կարող է գանգատ չունենալ, կամ գանգատներն ի հայտ գան միայն շատ մեծ չափերի դեպքում, երբ գոյացությունն իր կոմպրեսիոն ազդեցությամբ սեղմում է հարակից օրգաններին:
Ինչպե՞ս է կազմակերպվում վիրահատական բուժումը՝ կախված չափերից, տեղակայումից և գանգատներից:
Սուբմուկոզ միոմաները կարող են փոքրից մինչև մեծ չափերի հասնել, անգամ փակել արգանդի ամբողջ խոռոչը: Նման դեպքերում բուժումը, միանշանակ, վիրահատական է: Ժամանակակից բժշկության մեջ այն իրականացվում է հիստերոսկոպիկ եղանակով: Վիրահատական միջամտությամբ միոման ամբողջովին հեռացվում է:
Եթե միոման արգանդի խոռոչում մեծ չափերի է հասնում, վրահատական մեթոդով բուժում նախընտրելիս առաջանում է տարածության խնդիր: Նման դեպքերում ժամանակակից բժշկությունն առաջարկում է դեղորայքով փոքրացնել միոմայի չափերը և դրանից հետո միայն վիրահատել, որպեսզի հնարավոր լինի իրականացնել օրգանապահպան վիրահատություն:
Միոմայի չափերը փոքրացնելու համար, որպես նախավիրահատական պատրաստություն, 3 ամիս նշանակվում է պրոգեստերոնային ռեցեպտորների սելեկտիվ մոդուլյատոր: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ժամանակահատվածում միոմայի չափերը մոտավորապես 50 տոկոսով փոքրանում են:
Դրանից հետո անվնաս վիրահատություն կատարելն առավել դյուրին է:
Մնացած բոլոր դեպքերում կատարվում է միոմէկտոմիա՝ միոմայի հեռացում, ինչը գերադասելի է կատարել լապարոսկոպիկ եղանակով, թեև դա նույնպես կապված է միոմայի չափի, տեղակայման և այլ գործոնների հետ:
Վիրահատական մյուս տարբերակը բաց միոմէկտոմիան է՝ միոմայի հեռացումը որովայնահատմամբ: Դա կիրառվում է շատ մեծ ուռուցքների դեպքում:
Իմ պրակտիկայում հանդիպել է 35 շաբաթական հղիության չափի ուռուցք, որը, բնականաբար, հեռացվել է որովայնահատնան եղանակով:
Ի՞նչ է արգանդային զարկերակի էմբոլիզացիան:
Արգանդային զարկերակի էմբոլիզացիան նոր մեթոդ է, որի ժամանակ փակվում է միոմատոզ հանգույցը սնող անոթը: Այս մեթոդին դիմում են այն դեպքերում, երբ հնարավոր չէ վիրահատական միջամտություն իրականացնել: Այն հիմնականում կիրառվում է արագ մեծացող միոմաների՝ մինչև 20 շաբաթական հղիության չափի միոմայի ժամանակ: Էմբոլիզացիա կատարվում է նաև այն կանանց մոտ, որոնք ունեն տարբեր պատճառականության ինտենսիվ, բուժման չենթարկվող արյունահոսություն:
Երբեմն միոմէկտոմիա չի կատարվում՝ հաշվի առնելով կնոջ տարիքը, ընտանեկան վիճակը, վերարտադրողականության հարցը: Նման դեպքերում հեռացվում է ամբողջ արգանդը: Երիտասարդ` վերարտադրողական տարիքի կանանց մոտ, անգամ բազմակի՝ մինչև 10-15 հանգույցների դեպքում, վերջիններս հեռացվում են:
Կա՞ կապ միոմաների և անպտղության միջև:
Առայսօր այս հարցը հստակ սահմանված չէ: Իհարկե, միոմաները` կախված տեղակայումից, որոշ դեպքերում կարող են անպտղության պատճառ դառնալ: Ներկայում հայտնի տվյալներով դա կազմում է 27-35 տոկոս:
Ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում երբ կնոջ մոտ միոմա հայտնաբերվում է հղիության ժամանակ:
Եթե կինը միոմայի առկայության մասին տեղեկացել է հղիանալուց հետո, և այն ցանկալի հղիությունը է, չեն ընդհատում, և վերահսկվում է առավել ուշադիր` որպես բարձր ռիսկային հղիություն: Հաճախ միոման հղիության ընթացքում մեծանում է, բայց ծննդաբերությունից հետո շատ դեպքերում վերադառնում է հին չափերին:
Միոմայի բուժման հարցերով պետք է զբաղվել ծննդալուծումից հետո:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»