«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Միոմաներ. հարցազրույց Արմեն Գասպարյանի հետ

Միոմաներ. հարցազրույց Արմեն Գասպարյանի հետ

2021 Հուն 30, Չորեքշաբթի

Միոման բարորակ հարթ մկանային ուռուցք է, որի առաջացման իրական պատճառները առայսօր հայտնի չեն: Հավանական պատճառ են համարում կանանց հորմոնալ ֆոնի (էստրոգենը, պրոգեստերոն) խանգարումները:

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում հիվանդությունը:

Միոմայի ախտանշանները տարբեր են: Առաջին հերթին, դրանք անոմալ արգանդային արյունահոսություններն են, որոնց հետևանքով կարող է զարգանալ երկաթդեֆիցիտային սակավարյունություն: Հաջորդ ախտանշանը ցավն է, որի հիմնական պատճառը միոմայի արյան հոսքի խանգարումն է, նաև` ծանրության զգացումը, կապված միոմայի չափերի հետ: Մյուս ախտանշանը միոմայի կոմպրեսիոն ազդեցությունն է՝ չափերից և տեղակայումից ելնելով, այն ճնշում է հարակից օրգանները՝ միզապարկը, աղիները և այլն:

Ինչպե՞ս ախտորոշել միոման:

Ախտորոշելիս հաշվի են առնում անամնեզի տվյալները և առկա գանգատները, իսկ ոսկե չափանիշը ուլտրաձայնային հետազոտությունն է:

Միոմաների ի՞նչ տեսակներ են հայտնի:

Ըստ տեղակայման միոմաները լինում են մի քանի տեսակի՝ ինտրամուրալ, սուբսերոզ, սուբմուկոզ և պեդունկուլյար: Ինտրամուրալ միոմաներն ամենահաճախ հանդիպողներից են, որոնց ժամանակ գոյացությունն աճում է արգանդի պատի մկանային շերտի մեջ:

Սուբսերոզ միոմաներն աճում են արգանդի պատից դուրս՝ արգանդի լորձաթաղանթի տակ, որը հաճախ արյունահոսությունների պատճառ է դառնում:
Սուբմուկոզ միոմաներն աճում են արգանդի խոռոչի մեջ:

Պեդունկուլյար միոմաները լինում են ոտիկի վրա: Դրանք կարող են լինել և՛ սուբմուկոզ, և՛ սուբսերոզ, այսինքն, ոտիկով միոմա արգանդի խոռոչում է կամ  արգանդից  դուրս: Կան բազմահանգույց միոմաներ՝  միաժամանակ մի քանի տեղակայմամբ:

Միոմաների ո՞ր տեսակն է իր ընթացքով ավելի բարեհաջող:

Սուբսերոզ միոման ամենաբարեհաջող ընթացքն ունի և մեծ մասամբ անցնում է առանց ախտանշանների: Հիվանդը կարող է գանգատ չունենալ, կամ գանգատներն ի հայտ գան միայն շատ մեծ չափերի դեպքում, երբ գոյացությունն իր կոմպրեսիոն ազդեցությամբ սեղմում է հարակից օրգաններին:

Ինչպե՞ս է կազմակերպվում վիրահատական բուժումը՝ կախված չափերից, տեղակայումից և գանգատներից:
 

Սուբմուկոզ միոմաները կարող են փոքրից մինչև մեծ չափերի հասնել, անգամ փակել արգանդի ամբողջ խոռոչը: Նման դեպքերում բուժումը, միանշանակ, վիրահատական է: Ժամանակակից բժշկության մեջ այն իրականացվում է հիստերոսկոպիկ եղանակով: Վիրահատական միջամտությամբ միոման ամբողջովին հեռացվում է:

Եթե միոման արգանդի խոռոչում մեծ չափերի է հասնում, վրահատական մեթոդով բուժում նախընտրելիս առաջանում է տարածության խնդիր: Նման դեպքերում ժամանակակից բժշկությունն առաջարկում է դեղորայքով փոքրացնել միոմայի չափերը և դրանից հետո միայն վիրահատել, որպեսզի հնարավոր լինի իրականացնել օրգանապահպան վիրահատություն:

Միոմայի չափերը փոքրացնելու համար, որպես նախավիրահատական պատրաստություն, 3 ամիս նշանակվում է պրոգեստերոնային ռեցեպտորների սելեկտիվ մոդուլյատոր: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ժամանակահատվածում միոմայի չափերը մոտավորապես 50 տոկոսով փոքրանում են:

Դրանից հետո անվնաս վիրահատություն կատարելն առավել դյուրին է:

Մնացած բոլոր դեպքերում կատարվում է միոմէկտոմիա՝ միոմայի հեռացում, ինչը գերադասելի է կատարել լապարոսկոպիկ եղանակով, թեև դա նույնպես կապված է միոմայի չափի, տեղակայման և այլ գործոնների հետ:

Վիրահատական մյուս տարբերակը բաց միոմէկտոմիան է՝ միոմայի հեռացումը որովայնահատմամբ: Դա կիրառվում է շատ մեծ ուռուցքների դեպքում:

Իմ պրակտիկայում հանդիպել է 35 շաբաթական հղիության չափի ուռուցք, որը, բնականաբար, հեռացվել է որովայնահատնան եղանակով:

Ի՞նչ է արգանդային զարկերակի էմբոլիզացիան:

Արգանդային զարկերակի էմբոլիզացիան նոր մեթոդ է, որի ժամանակ փակվում է միոմատոզ հանգույցը սնող անոթը: Այս մեթոդին դիմում են  այն դեպքերում, երբ հնարավոր չէ վիրահատական միջամտություն իրականացնել: Այն հիմնականում կիրառվում է արագ մեծացող միոմաների՝ մինչև 20 շաբաթական հղիության չափի միոմայի ժամանակ: Էմբոլիզացիա կատարվում է նաև այն կանանց մոտ, որոնք ունեն տարբեր պատճառականության ինտենսիվ, բուժման չենթարկվող արյունահոսություն:

Երբեմն միոմէկտոմիա չի կատարվում՝ հաշվի առնելով կնոջ տարիքը, ընտանեկան վիճակը, վերարտադրողականության հարցը: Նման դեպքերում հեռացվում է ամբողջ արգանդը: Երիտասարդ` վերարտադրողական տարիքի կանանց մոտ, անգամ բազմակի՝ մինչև 10-15 հանգույցների դեպքում, վերջիններս հեռացվում են:

Կա՞ կապ միոմաների և անպտղության միջև:

Առայսօր այս հարցը հստակ սահմանված չէ: Իհարկե, միոմաները` կախված տեղակայումից, որոշ դեպքերում կարող են անպտղության պատճառ դառնալ: Ներկայում հայտնի տվյալներով դա կազմում է 27-35 տոկոս:

Ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում երբ կնոջ մոտ միոմա հայտնաբերվում է հղիության ժամանակ:

Եթե կինը միոմայի առկայության մասին տեղեկացել է հղիանալուց հետո, և այն ցանկալի հղիությունը է, չեն ընդհատում, և վերահսկվում է առավել ուշադիր` որպես բարձր ռիսկային հղիություն: Հաճախ միոման հղիության ընթացքում մեծանում է, բայց ծննդաբերությունից հետո շատ դեպքերում վերադառնում է հին չափերին:

Միոմայի բուժման հարցերով պետք է զբաղվել ծննդալուծումից հետո:


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը