«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հետազոտությունները հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանի հետ

Հետազոտությունները հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանի հետ

2021 Հուլ 15, Հինգշաբթի

Հղիության ընթացքում հետազոտությունների ի՞նչ փաթեթ է իրականացվում:

Հայաստանում առկա է հղիության ընթացքում իրականացվող հետազոտությունների պարտադիր ցանկ: Մեր կլինիկայում կատարվող այդ հետազոտությունները բաժանվում են երեք ժամկետային փաթեթների՝ 12, 20 և 30 շաբաթականում: Ներկայում առողջապահության նախարարությունը փաթեթում համալրել է հեպատիտներին վերաբերող հետազոտությունը՝ 36 շաբաթական ժամկետում:

Ե՞րբ է առաջին անգամ հղին այցելում բժշկի մոտ, հաշվառվում և ի՞նչ հետազոտություններ են կատարվում:

Հղիի առաջին այցի ժամանակ, երբ նա նաև հաշվառվում է, կատարվում են հետևյալ հետազոտությունները՝ արյան ընդհանուր (արյան խումբ, ռեզուս գործոն և այլն), կենսաքիմիական (կրեատինին, գլյուկոզա, պրոթրոմբինային ժամանակ, ինդեքս), մանրէաբանական (հեպատիտ  B և C, սիֆիլիս, ՄԻԱՎ), մեզի ընդհանուր և սեռական օրգանների արտադրության քննություն, վարակների առկայությունը հայտնաբերող հետազոտություններ, որոնք կարող են ներարգանդային աճի դանդաղման, վիժման սպառնալիքի պատճառ դառնալ: Իրականացվում է նաև ուլտրաձայնային հետազոտություն:

Կան լրացուցիչ հետազոտություններ, որոնք պետական հովանավորչությամբ չեն իրականացվում, բայց որոշ խմբերի հղիներին նշանակվում են: Այդ խմբերում ներառվում են կանայք, որոնք տարիքով մեծ են, անամնեզում նշում են ընտանիքի անդամների կամ արդեն ծնված երեխաների մոտ առկա գենետիկ շեղումներ:

Վերջին տարիներին չզարգացող հղիության պատճառներից  է թրոմբոֆիլիա հիվանդությունը, որը հայտնաբերվում է բավականին հաճախ, ու թեև այդ ախտաբանության հայտնաբերման համար հետազոտություններն ընդգրկված չեն ընդհանուր ցանկում, միևնույն է, ցանկալի է իրականացնել:

Ե՞րբ են կատարվում գենետիկ հետազոտությունները:

Գենետիկ հետազոտությունները կատարվում են նախ` 12 շաբաթական ժամկետում, երբ իրականացվում է հիմնական գենետիկ քննությունը, որի օգնությամբ պարզվում են երեխայի քթոսկրի առկայությունը, օձիքային տարածքի չափը և գենետիկ խնդիրների այլ ցուցիչներ: Կատարվում են ևս երկու հետազոտություններ՝ մարդու խորիոնային հոնադոտրոպինը և հղիության հետ կապված պլազմային պրոտեին A-ն (PAPP-A), որոնք հայտնաբերում են նյարդային համակարգի հետ կապված գենետիկ շեղումները: Այս երկու հետազոտության և 12 շաբաթականում իրականացվող սքրինինգի  արդյունքների հիման վրա պարզվում է գենետիկ խնդրի առկայությունը և նրա վտանգավորության աստիճանը:

Ինչպե՞ս են հետազոտվում և հսկվում առողջական խնդիրներ ունեցող հղիները:

Եթե հղին ունի գեթ մեկ ցուցում՝ կապված սիրտ-անոթային, էնդոկրին  կամ այլ համակարգերի հետ, բնականաբար, նշված հետազոտություններին ավելանում են նաև այն հետազոտությունները, որոնք առանձնահատուկ են և  պահանջում են նեղ մասնագետների՝ ներզատաբանի, արյունաբանի, սրտաբանի խորհրդատվություն: Առողջական խնդիրների դեպքում հղիների հետազոտությունները և այցերը իրականացվում են ավելի հաճախ: Այսօր պոլիկլինիկաներն արդեն ունեն բոլոր լրացուցիչ հսկողության, մասնագետների և հետազոտությունների հնարավորությունները;

Հաճախ են հսկվում և հետազոտվում շաքարային դիաբետով հիվանդ հղիները: Հատուկ հսկողություն է իրականացվում նաև վահանագեղձի խնդիրներով հղիների հանդեպ:

Ներկայում մեծ խնդիր է նաև վարիկոզի առկայությունը` հատկապես կրկնակի հղիների մոտ: Սակայն, եթե նախկինում վարիկոզի ժամանակ հաճախ էին դիմում կեսարյան հատման, ներկայում, անոթաբանի խորհրդատվությունը հաշվի առնելով, հնարավորին փորձում են իրականացնել ինքնուրույն ծննդալուծում:

Վարիկոզի առկայության դեպքում կինը հսկվում է նաև անոթաբանի կողմից, կատարվում են դուպլեքս հետազոտություն, արյան կոագուլոգրամա:
Վարիկոզի դեպքւմ հղին՝ հղիության ընթացքում և ծննդաբերության կամ կեսարյան հատման ժամանակ, կրում է կոմպրեսիոն գուլպաներ: Ներկայում գտնում են, որ բոլոր վիրահատությունները պետք է իրականացվեն կոմպրեսիոն գուլպաների առկայությամբ` անկախ նրանից` առկա՞ է վարիկոզ, թե` ոչ:

Եթե հղիության ընթացքում հայտնաբերվում են շեղումներ...

Եթե առաջին սքրինինգի ժամանակ շեղումներ են հայտնաբերվում, օրինակ` ժառանգական թրոմբոֆիլիա, պարտադիր հետազոտություններից զատ կատարվում է նաև արյունաբանի խորհրդատվություն, նրա կողմից նշանակվում է հետազոտություններ և բուժում:
Եթե հղիի մոտ առկա է լուրջ խնդիր, հղիության ընդհատումը կատարվում է մինչև 12 շաբաթականը:

Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում բազմապտուղ հղիությունների ժամանակ:

Բազմապտուղ հղիությունները ներկայում շատ են, քանի որ ավելացել են արտամարմնային բեղմնավորման համար դիմողները, որի ժամանակ մեծ է բազմապտուղ հղիությունների հավանականությունը: Այդ հղիների հետազոտությունները գրեթե նույնն են, ինչ մյուս հղիությունների ժամանակ, երբեմն հաճախ է իրականացվում ուլտրաձայնային հետազոտությունը:

Ի՞նչ փոփոխություններ են կատարվում հետազոտությունների փաթեթում` կորոնավիրուսի հետ կապված:

Այն հղիների մոտ, որոնք հղիությունից առաջ՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում հիվանդացել են կորոնավիրուսով, ավելի մանրակրկիտ են հետազոտվում արյան մակարդելիության ցուցանիշները, որովհետև նրանց մոտ երբեմն լինում են նկատելի շեղումներ: Նման դեպքերում հղիության ընթացքում նշանակվում է վիտամինային, արյան մակարդելիության կարգավորման, իմունիտետը բարձրացնող դեղորայք:

Հետազոտությունների փաթեթը 20 շաբաթականում:

16-20 շաբաթականում կատարվում է երկրորդ գենետիկ սքրինինգը, որը վերաբերում է ալֆաֆետոպրոտեինին: Այդ ցուցիչն անմիջապես ցույց է տալիս Դաուն հիվանդության առկայությունը: Դաուն թեստի փոփոխական լինելու դեպքում վերջնական արդյունքը հաստատվում է ամնիոցենտեզ կատարելուց հետո, որը ենթադրում է պտղաջրերի հետազոտություն:

20 շաբաթականում իրականացվում է հերթական ուլտրաձայնային հետազոտությունը, որը ցույց է տալիս երեխայի սրտի խոռոչների, անոթային համակարգի ամբողջականությունը, ընկերքի տեղակայումը, գլխուղեղի զարգացումը և այլն:

Եթե նորմալ հղիություն է ընթանում և երկրորդ սքրինինգում ամեն բան նորմալ է՝ գրեթե մինչև 30 շաբաթականը հետազոտություններ կրկնելու կարիք հնարավոր է այլևս չառաջանա: Սակայն անպայման վերահսկել է պետք զարկերակային ճնշումը, արյան մեջ հեմոգլոբինի տատանումները:

Հետազոտությունների փաթեթը 30 շաբաթականում:

30 շաբաթականում կրկնվում են հետևյալ հետազոտությունները՝ արյան և մեզի ընդհանուր, արյան կենսաքիմիական քննություն(կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ և այլն), սեռական վարակների հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն:

Ներկայում ավելացվել է հղիների հսկողության նոր փաթեթ, ըստ որի՝ 36 շաբաթականում ևս պետք է կրկնել հետազոտությունները՝ արյան և մեզի ընդհանուր քննությունը, հեպատիտ C-ն, որը վտանգավոր վիճակի՝ պրեէկլամպսիայի ախտորոշման համար խիստ կարևոր դեր ունի:

Կա ևս մեկ հետազոտություն՝ կարդիոտոկոգրաֆիան (երեխայի սրտի զարկերի և արգանդի տոնուսի գրանցում), որը կատարվում է 32 շաբաթականից սկսած:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը (երեխայի սիրտ-անոթային համակարգի վիճակը, շարժողական ակտիվությունը և արյան հոսքի համապատասխանությունը) պարտադիր հետազոտություն չէ, և կատարվում է այն դեպքերում, երբ առկա պտղի աճի դանդաղում: Այս հետազոտության իրականացման լավագույն ժամկետը 26-28 շաբաթականից հետո է: Վերոնշյալ հետազոտություններից զատ, եթե գործ ունենք ռեզուս բացասական կնոջ հետ, պարբերաբար կատարվում է նաև արյան մեջ ռեզուս հակամարմինների որոշում:

Շատ հղիներ՝ առաջնորդվելով համացանցային տեղեկատվությամբ, կողմնակի խորհուրդներով, ինքնուրույն հետազոտությունների են դիմում և առանց անհրաժեշտության օգտագործում ավելորդ դեղորայք: Մինչդեռ հետազոտությունները և դեղերի ընդունումը պետք է կատարել միայն բժշկի ցուցումով:

Պարզապես պետք է վստահել բժշկի գիտելիքներին և փորձառությանը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը