«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հետծննդյան շրջան. հարցազրույց ՄՄԱԳԿ հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի հետ

Հետծննդյան շրջան. հարցազրույց ՄՄԱԳԿ հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի հետ

2021 Հուլ 29, Հինգշաբթի

Ո՞ր ժամանակաշրջանն է համարվում հետծննդյան:

Ծննդաբերության ժամանակ ծնվում է պտուղը, իսկ որոշ ժամանակ անց` ընկերքն իր թաղանթով. այդ պահից սկսվում է կնոջ հետծննդյան շրջանը, որը շարունակվում է 6 շաբաթ կամ 42 օր:

Տարբերում են վաղ հետծննդյան շրջան, որն ըդգրկում է ծննդաբերությունից հետո առաջին 2 ժամը և ուշ շրջան` մինչև 6 շաբաթը:

Որո՞նք են վաղ շրջանի առանձնահատկությունները:

Վաղ շրջանում կինը դեռևս գտնվում է ծնարանում, որովհետև այդ շրջանում են դիտվում որոշ լուրջ բարդություններ (արյունահոսություներ և այլն):  

Հետծննդյան շրջանի առաջին երկու օրը սկսվում է կաթնարտադրությունը, ընդ որում, առաջին երկու օրը լինում է խեժի տեսքով, որը խիստ կարևոր է երեխայի համար: Կեսարյան հատումների ժամանակ խեժն ավելի երկար է տևում՝ մինչև 3 օր: Այն իր մեջ ավելի շատ սպիտակուցներ է պարունակում, նաև` իմունոգլոբուլիներ, քան կաթը: Ներկայում երեխային տալիս են մորը կերակրման առաջին 30 րոպեներին, ինչը դրդում է խեժի վաղ արտադրումը և ապա կաթնարտադրությունը, նպաստում է նաև մոր և պտղի միջև հոգեկան կապին:

Հետծննդյան շրջանում նորմայում կնոջ արգանդի խոռոչից արտադրություններ են դիտվում, որոնք կոչվում են լոխիաներ: Դրանք առաջին 3-4 օրը արյունային բնույթ ունեն, իսկ 10 օրվա ընթացքում դառնում են ավելի շճային: Լոխիաները նորմայում, սովորաբար, անհետանում են 21-րդ օրվանից մինչև 42-րդ օրը:

Որո՞նք են ուշ շրջանի առանձնահատկությունները:

Ծննդաբերությունից հետո արտադրվում է պրոլակտին հորմոնը, որը նպաստում է կաթնարտադրությանը և, միևնույն ժամանակ, դաշտանադադարին, ինչի պատճառով համարվում է բնական հակաբեղմնավորիչ:

Եթե կինը չի կերակրում երեխային կրծքի կաթով, նրա մոտ ավելի շուտ է վերականգնվում դաշտանային ցիկլը (5-6 շաբաթից), և արագ կարող է կրկին հղիանալ: Սակայն կերակրողները 100 տոկոսով պաշտպանված չեն հղիանալուց, այդ պատճառով պետք է զգույշ լինեն և հույս չդնել միայն կերակրմամբ պաշտպանվելու վրա:

Հղիության վերջին 2-3 ամսում և ծննդաբերության ընթացքում միզապարկը հաճախ սեղմված վիճակում է գտնվում, որի արդյունքում կորցնում է տոնուսը, արդյունքում, ծննդաբերությունից հետո, կարող են դիտվել անմիզապահություն: Նման դեպքերում կատարվում է կաթետերիզացիա և հրահանգվում, որ թեկուզ պարտադրանքով, բայց կինը փորձի հաճախ միզել: Որոշ ժամանակ անց այդ վիճակն ինքնուրույն վերականգնվում է:

Հղիության ընթացքում լինում է նաև աղիների տոնուսի իջեցում և կանանց մոտ աղիների նորմալ գործունեության հետ կապված խնդիր է առաջանում: Պետք է հսկել, որ կնոջ մոտ աղիները գործեն կանոնավոր ՝ սննդակարգի կամ դեղորայքի օգնությամբ:

Վաղ շրջանում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ:

Վաղ շրջանի բարդություններն են՝ ծննդաբերական արյունահոսությունը, արգանդի թուլացումը, որը ևս կարող է արյունահոսության պատճառ լինել:

Ժամանակին և ճիշտ հսկողության արդյունքում ներկայում բարդություններ քիչ են հանդիպում:

Որո՞նք են ուշ շրջանի բարդությունները:

Ուշ ժամկետներում հնարավոր են վարակային բարդություններ՝ հետծննդյան արգանդի խոռոչի բորբոքում, մաստիտ (կրծքագեղձերի բորբոքում), բարձիթողի վիճակների ժամանակ՝ պերիտոնիտ և սեպսիս:

Մաստիտ կարող է զարգանալ լակտոստազի (կաթի կանգ) հետևանքով: Կաթի կանգը կարող է առաջացնել կրծքագեղձի քարացում, տեղային բորբոքային վիճակ՝ ջերմություն, կարմրություն, որը, շատ արագ թարախակալելով, կարող է վերածվել մաստիտի:
Մաստիտի պատճառներից են՝ հիգիենայի խախտումները, սխալ կերակրումը, որոնք պտուկների ճաքերի առաջացման պատճառ են դառնում, իսկ ճաքերով վարակն արագ կարող է անցնել կրծքագեղձին:

Արգանդի վատ կրճատումը, արյունահոսության արդյունքում առաջացած սակավարյունությունը թուլացնում է կնոջ օրգանիզմը, կարող են նպաստել վարակների տարածմանը:

Հղիության ընթացքում առաջացած փոփոխությունների վերականգնումը հետծննդյան շրջանում. ի՞նչ միջոցառումներ են իրականացվում:

Հղիության ընթացքում օրգան-համակարգերի կողմից առաջացած փոփոխությունները հետծննդյան շրջանի 6 շաբաթվա ընթացքում լիովին վերականգնվում են:

Արգանդի կրճատումն առաջին օրերին (մինչև 10 օրը) արագ է ընթանում, իսկ 42 օրվա ընթացքում արգանդը վերադառնում է իր նախկին չափերին:
Հեշտոցի պատերը և շեքի մկանները, որոնք ծննդաբերության ընթացքում լայնանում են, որպեսզի պտուղն ավելի հեշտ անցնի ծննդաբերական ուղիներով, ծննդաբերությունից հետո՝ 3 շաբաթվա ընթացքում,  դառնում են ավելի բարակ և վերականգնում են իրենց նախկին տոնուսը:

Ինչպե՞ս է հսկվում կինը հետծննդյան շրջանում:

Կինը պետք է ուշադիր լինի իր հիգիենային. անկողինը հարկ է փոխել 2-3 օրը մեկ, ներքնազգեստն՝ ամեն օր, իսկ տակաշորերը ցանկալի է լինեն ստերիլ կամ ախտահանված և փոխվեն օրվա ընթացքում 3-4 անգամ:

Պետք է չափել կնոջ մարմնի ջերմությունը, զարկերակային ճնշումը՝ հատկապես` երեկոյան. դա կատարվում է հետծննդյան բաժանմունքում: Դուրս գրվելուց հետո, կարիքի դեպքում, դարձյալ պետք է չափումներ կատարի:

Հարկ է նշել, որ հետծննդյան շրջանում կրծքով կերակրող կնոջ մոտ 37-  37,1 աստիճան ջերմությունը կարելի է համարել նորմալ, եթե այլ գանգատներ չկան:

Հետծննդյան շրջանում պետք է հետևել նաև արգանդի կրճատումներին և արտադրությունների բնույթին:

Եթե գանգատներ չկան՝ կինը 1-1,5 ամսվա ընթացքում ներկայանում է կանանց կոնսուլտացիա՝ վարող բժշկի մոտ հերթական ստուգման և վիճակի գնահատման համար: Եթե գանգատներ կան՝ բարձր ջերմություն, թուլություն, թարախային արտադրություն, անմիջապես պետք է դիմել բժշկի՝ հետազոտությունների և բուժման համար (ՈՒՁՀ, մանրէաբանական, արյան և մեզի ընդհանուր հետազոտություններ և այլն):

Ինչպիսի՞ն է կնոջ սննդակարգը հետծննդյան շրջանում:

Կինը պետք է սնվի բացառի ալերգիկ ֆոն առաջացնող  մթերքները (շոկոլադ, մեղր, ծովամթերք, տոմատի մածուկ, ցիտրուսներ),  որոնք կաթի միջոցով կարող են փոխանցվել երեխային: Սոխը և սխտորը ևս պետք է բացառել, քանի որ դրանք կարող են փոխել կաթի համը և երեխան՝ տհաճություն զգալով, հնարավոր է հրաժարվի մայրական կաթից:

Ինչպիսի՞ն պետք է լինի կնոջ սեռական կյանքը հետծննդյան շրջանում:

Կնոջը հետծննդյան շրջանում վաղ ակտիվացում է անհրաժեշտ, եթե ամեն բան ընթացել է նորմալ, չեն եղել պատռվածքներ, արյունահոսություն:

Հետծննդյան շրջանի 6 շաբաթների ընթացքում, սովորաբար, խորհուրդ է տրվում զերծ մնալ սեռական կյանքից: Սեռական հարաբերությունները ցանկալի չեն, կամ դրանք պետք է անպայման իրականացվեն պահպանակի կիրառմամբ, քանի որ կնոջ սեռական ուղիները դեռևս խոցելի են և կարող են շատ հեշտ վարակ ընդունել:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը