2021 Հուլ 30, Ուրբաթ
1. Հղիության ժամանակ ՈՒՁՀ-ն անվտա՞նգ է պտղի համար:
Ուլտրաձայային հետազոտությունը՝ հատկապես նորագույն սարքերով, համարվում է անվտանգ, որովհետև ուլտրաձայնի մեխանիկական և թերմիկ ազդեցությունները չնչին են:
2. Ի՞նչ հակացուցումներ կան:
ՈՒՁ հետազոտության հակացուցումներից է մարմնի բարձր ջերմությունը, այլ հակացուցումներ գրեթե չունի:
3. Ե՞րբ կատարել առաջին ՈՒՁՀ-ն:
Եթե հղին գանգատ չունի, առաջին ՈՒՁՀ-ն իրականացվում է 12-13 շաբաթականում` առաջին սքրինինգ հետ միասին: Ձգձգված անամնեզի, առկա խնդիրների դեպքում (արյունային արտադրություն, ցավեր) հետազոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի ուշացումից 7-10 օր անց:
4. Որքա՞ն հաճախ և քանի՞ անգամ կարելի է ՈՒՁՀ կատարել հղիության ընթացքում:
Հայաստանում պարտադիրէ համարվում հղիության ընթացքում երեքանգամյա ՈՒՁ հետազոտությունը: Ընդհանու առմամբ, ՈՒՁՀ կարելի է կատարել որքան անհրաժեշտ լինի:
5. Ի՞նչ է 3D և 4D ՈՒՁՀ-ն:
3D ՈՒՁՀ-ն պտղի տարածական, եռաչափ պատկերի հետազոտությունն է, իսկ 4D ՈՒՁՀ-ն պտղի տարածական եռաչափ պատկերն է` ժամանակի, շարժման ընթացքում:
6. Կարելի՞ է մանկաբարձական ՈՒՁՀ-ն տեսագրել:
Եթե հղին ցանկություն է հայտնում, ՈՒՁ հետազոտւթյունը տեսագրվում է և տրամադրվում:
7. Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁ հետազոտության:
Եթե կինն ապրում է սեռական կյանքով, ՈՒՁ հետազոտւթյունը կատարվում է դատարկ միզապարկով, ցանկալի է, որ աղիները ևս դատարկ լինեն, իսկ եթե հետազոտվողը օրիորդ է՝ միզապարկը պետք է լցված լինի:
8. Որքա՞ն է տևում ՈՒՁՀ-ն:
ՈՒՁ հետազոտության տևողությունը կախված է բուժառուի մոտ առկա խնդրից. Այն կարող է տևել 10 րոպեից մինչև 40-50 րոպե: Եթե ամեն ինչ նորմալ է ընթանում, ընդամենը պետք է չափել արգանդի, ձվարանների, ֆոլիկուլի չափերը, ինչ տևում է շատ կարճ: Որևէ խնդրի առկայության դեպքում հարկ է մանրամասն հետազոտել. Այս դեպքում, բնականաբար, հետազոտման տևողությունը երկարում է:
9. Ի՞նչ գանգատների դեպքում դիմել ոչ պլանային ՈՒՁ հետազոտության:
Եթե հղիի մոտ առկա են ցավեր, արյունային արտադրություն, վիճակի հանկարծակի փոփոխություն (պտղի խաղը չի զգացվում և այլն), պետք է շտապ ՈՒՁ հետազոտություն կատարել:
10. Հղիության ո՞ր շաբաթից հղին պետք է հաշվառվի մանկաբարձի կողմից:
Ընդունված է հաշվառման կանգնել, երբ արդեն հետազոտությամբ տեսանելի է սաղմի սրտի աշխատանքը: Ամենաբարենպաստ ժամկետը 12-13 շաբաթականն է, երբ միաժամանակ կատարվում է նաև առաջին սքրինինգը, որպեսզի առավել պարզ լինի պտղի լիարժեք զարգացումը:
11. Ի՞նչ է սքրինինգը
Սքրինինգը պտղի առողջական վիճակի գնահատման համար հետազոտությունների կոմպլեքս է: Կան ընդունված նորմատիվներ՝ օձիքային տարածություն, քթոսկր, սիրտ, երակային ծորանի հետազոտություն, որոնք համադրվում են կենսաքիմիական հետազոտությունների արդյունքների հետ և տրվում է եզրակացություն` քրոմոսոմային արատների հնարավորության աստիճանի մասին:
12. Ե՞րբ է հնարավոր առաջին անգամ լսել սրտի աշխատանքը:
Ժամանակակից սարքերի շնորհիվ, տրանսվագինալ հետազոտությամբ, 5 շաբաթականից արդեն հնարավոր է լսել պտղի սրտի աշխատանքը, իսկ տրանսաբդոմինալ տարբերակով` 6 շաբաթականից:
13. Ո՞ր շաբաթականից կարելի է հղիին տրամադրել պտղի նկարը:
Սաղմը ձևավորվում է 6-7 շաբաթականից և այդ ժամանակից սկսած մինչև ծննդաբերության օրը կարելի է հղիին տրամադրել պտղի նկարը: Գոյություն ունի առավել արդյունավետ ժամկետ՝ 25-26 շաբաթականից սկսած, երբ դիմագծերն արդեն ձևավորվում են և պատկերն ավելի լավ է ստացվում: Պտղի նկարը հղիին տրվում է, երբ նա ցանկություն է հայտնում այն ունենալ: Սովորաբար, հղիները գրեթե ամեն ՈՒՁ հետազոտության ժամանակ ցանկանում են ունենալ նկարը, բայց պատկերը միշտ չէ, որ հաջող է ստացվում, և հղին ինքն է հրաժարվում նկարից:
14. Նախքան ծննդաբերությունը ՈՒՁՀ -ն անհրաժեշտությո՞ւն է:
Ծննդաբերությունից առաջ ՈՒՁ հետազոտությունը պարտադիր չէ, որովհետև այդ ժամանակ երեխայի գլուխն արդեն շատ ցածր է տեղակայված և մանրամասն հետազոտություն հնարավոր չէ իրականացնել: Դրանից զատ, այդ ժամանակ արդեն ՈՒՁՀ կարիք չի լինում: ՈՒՁՀ կատարվում է միայն հատուկ ցուցումների դեպքում:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»