2021 Նոյ 29, Երկուշաբթի
Ի՞նչ է զարկերակային ճնշման մշտադիտարկումը՝ մոնիթորինգը, և ինչո՞ւ է կարևոր այդ հետազոտությունը հղիների մոտ:
Զարկերակային ճնշման մշտադիտարկումը ոչ ինվազիվ հետազոտություն է և միակ մեթոդն է, որը թույլ է տալիս և՛ արթուն, և քնի՛ ժամանակ տեղեկություն ստանալ զարկերային ճնշման և սրտի զարկերի տատանումների, հաճախականության մասին, հայտնաբերել կամ բացառել զարկերակային գերճնշումը՝ հիպերտենզիան, «սպիտակ խալաթ» համախտանիշը, ստանալ գիշերային զարկերակային ճնշման պատկերն` օրվա ընթացքում:
Ի՞նչ հիմքեր ունի հետազոտությունը:
Վերջին տարիներին զարգանում է մի գիտություն, որը կոչվում է ժամանակակենսաբանություն և ժամանակաբուժում:
Ժամանակաբուժումը թերապիայի բաժին է, որը նպատակաուղղված է վերականգնելու օրգանիզմի առողջությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում ժամանակային կառուցվածքի առանձնահատկությունները և ճշգրիտ որոշելու, թե հղին կամ բուժառուն կոնկրետ ո՞ր ժամերին պետք է ընդունի նշանակված դեղորայքը:
Մոլորակում ընթացող բոլոր գործընթացները (բնության բոլոր երևույթները, օրգանիզմի ներքին տեղաշարժերը) ունեն պարբերական համընդհանուր օրինաչափություններ և ցիկլիկ կրկնողություն: Դրա վառ ապացույցը կնոջ մոտ դաշտանային ցիկլն է:
Աշխարհում կատարված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ հղիների մոտ զարկերակային ճնշումը և սրտի զարկերի հաճախականությունն ունեն իրենց բնական ռիթմերը: Դրանցից ամենաուսումնասիրվածները շուրջօրյա ռիթմերն են: Հետազոտությունը հիմնվում է ո՛չ միայն կոնկրետ ժամերին զարկերակային ճնշման թվեր ստանալու, այլ նաև յուրաքանչյուր անհատի (հղիի) ռիթմաբանական վերլուծությունների վրա:
Ինչո՞ւ է այս հետազոտությունը կարևոր հղիների համար:
Մանկաբարձության մեջ զարկերակային ճնշման և սրտի զարկերի մշտադիտարկումը մեծ դեր ունի: Աշխարհում կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ բոլոր հղիությունների տասը տոկոսի ժամանակ դիտվում է գերճնշում, իսկ Հայաստանում գերճնշումը հղիությունների մայրական մահացության մեջ գրավում է երկրորդ տեղը (արյունահոսություններից հետո):
Ճնշման տատանումների ի՞նչ ազդեցություն կարող են թողնել հղի կնոջ և պտղի վրա:
Հիպեր- և հիպոտենզիվ վիճակները հղիների մոտ պտղի թերզարգացման հիմնական գործոններից են և կարող են հանգեցնել հղիության ընթացքի տարբեր ախտաբանական ծանր վիճակների՝ ընդհուպ մինչև հղիության ընդհատման, կարող են անգամ վտանգել մոր և պտղի կյանքը:
Մենք 2003-2004 թվականներից համագործակցում ենք ԱՄՆ-ի Մինիսոտայի համալսարանի հետ, որտեղ գործում է ժամանակակենսաբանության կենտրոն:
Կենտրոնը ղեկավարում էր պրոֆեսոր Հաուբերգը: Առաջին անգամ Հայաստանում կատարվել են համատեղ աշխատանքներ, և այդ համագործակցությունն առայսօր շարունակվում է:
Ի՞նչ կարող է պարզել ճնշման մշտադիտարկումը:
Զարկերակային ճնշման շուջօրյա ռիթմաբանական վերլուծությունը՝ հիմնված հղիության տարբեր եռամսյակներում կատարված մշտադիտարկման վրա, ցույց է տվել է, որ շուրջօրյա ռիթմերի փոփոխությունները կարող հնարավոր հիպերտենզիայի ախտորոշման չափանիշներ լինել, երբ դեռ զարկերակային ճնշման խնդիրը նախակլինիկական փուլում է:
Վերջին տարիներին ժամանակաբուժումը՝ քրոնոթերապիան, ներմուծվել է առողջապահական ոլորտ. դրա վառ օրինակը բոլորին հայտնի հոյտեր-մոնիթորինգն է, որը կիրառում են սրտաբանները: Հոլտերով որոշվում է սրտի զարկերի ոչ թե միանվագ, այլ՝ շուրջօրյա վիճակը: Միանվագ որոշման պահին բուժառուի մոտ կարող են գանգատներ չլինել, իսկ էլեկտրասրտագրության մեջ՝ փոփոխություններ չգրանցվեն, մինչդեռ հոլտեր-մշտադիտարկման սարքի միջոցով շուրջօրյա` 24-72 ժամյա հսկողությամբ ախտորոշվում է խնդիրը: Կարող է, օրինակ, սրտի վատացումը լինել գիշերային ժամերին:
Նույն կերպ հղիի մոտ կարող են լինել գիշերային ճնշման բարձրացումներ, որոնք շատ բացասական են ազդում պտղի զարգացման վրա: Հայտնի է, որ պտղի ներարգանդային զարգացման դանդաղումը (ՊՆԱԴ) 50 տոկոսով պայմանավորված է թաքնված զարկերակային ճնշման բարձրացումով: Այդ պատճառով հետազոտությունն արդիական է, մանավանդ ռիսկի խմբի հղիների համար (առաջին հղիություն, բազմապտուղ հղիություն, նախորդ հղիություններից բարդացած մանկաբարձական անամնեզ, հղիությանն ուղեկցող էքստրագենիտալ քրոնիկ հիվանդություններ և այլն):
Մշտադիտարկումը դեր ունի՞, արդյոք, դեղորայքի ճիշտ նշանակման գործընթացում:
Հիպերտենզիայով հղիների մոտ զարկերակային ճնշման տևական մշտադիտարկումն անհրաժեշտ է նաև ընթացիկ բուժման արդյունավետությունը որոշելու համար: Դեղերը բժշկի կողմից պարզապես նշանակվում են օրվա մեջ որոշակի հաճախականությամբ: Այս մեթոդը հնարավորություն է տալիս, որ հիվանդին նշանակվի մեկ հաբ, բայց կոնկրետ, անհրաժեշտ ժամի: Ենթադրենք, հղիի ճնշումը բարձրանում է երեկոյան ժամերին, այդ դեպքում դեղը նշանակվում է երեկոյան, որովհետև որքան քիչ դեղորայք նշանակվի հղիին, այնքան կպակասի նրա և պտղի վրա դեղերի վատ ազդեցությունը:
Ինչպե՞ս է իրականացվում զարկերակային ճնշման մշտադիտարկումը:
Հատուկ էլեկտրոնային սարքը ծրագրավորվում է համակարգչի միջոցով և կատարվում է շուրջօրյա՝ 24-26 ժամյա մշտադիտարկում: Սարք-սեղմակապը կապվում է հղիի թևին, որը նա կրում է 24 ժամ: Մեր կենտրոնում օգտագործվում է աշխարհում հայտնի ճապոնական A@D ընկերության TM-2430 սարքը:
Ցերեկային ժամերին ավտոմատ կերպով զարկերակային ճնշումը չափվում է կես ժամը մեկ, իսկ գիշերային ժամերին և ուշ երեկոյան՝ ժամը մեկ, հղիի քունը չխանգարելու համար: Նախկինում այս հետազոտությունն իրականացվում էր ստացիոնար պայմաններում, ներկայում այն իրականացվում է ամբուլատոր:
Զարկերակային ճնշման շուրջօրյա մշտադիտարկումը հնարավորություն է տալիս նույնականացնել հղիի շուրջօրյա ռիթմերի նախնական շեղումները և հայտնաբերել կամ ժխտել զարկերակային ճնշման բարձրացումները: Կարևոր են ճնշման և՛բարձրացումը, և՛ իջեցումը: Փաստորեն, հայտնաբերվում են նաև ցածր ճնշման առկայությունը և ռիթմը, որոնք նույնպես ռիսկի խումբ են համարվում
Զարկերակային մշտադիտարկումը շատ տեղեկատվական, ժամանակակից մեթոդ է, որն արդեն երկար տարիներ մենք հաջողությամբ կիրառում ենք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»