«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

2021 Հոկ 11, Երկուշաբթի

Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:

Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված լինելու պարագայում ցանկալի հնարավորին հետաձգել լոգանքը: Ծնվելուց անմիջապես հետո իրականացվում է մոր և երեխայի շփում` մաշկը-մաշկին, որի արդյունքում ձևավորվում է պաշտպանիչ միկրոֆլորան:

Նորածիններին կարելի է լողացնել ծննդատնից դուրս գրվելուց հետո՝ պորտալարի մնացորդի և սեղմակի առկայությունից անկախ: Պետք է լողացնել մաքուր ջրով, կարիք չկա այն եռացնել, կամ ջրի մեջ հակասեպտիկներ, հանգստացնողներ կամ որևէ այլ նյութ ավելացնել: Մանկական մաքրող հեղուկները ցանկալի է օգտագործել 4-5 օրը մեկ:

Ջրի ջերմաստիճանը պետք է համապատասխանի մարմնի ջերմաստիճանին (մոտավորապես 37˚C): Լոգանքը պետք է լինի երեխայի համար հաճելի գործընթաց: Փոքրիկն այդ ընթացքում պետք է սոված չլինի (որպեսզի անհանգիստ չլինի և չլացի), սակայն պետք է նաև նոր կերակրված չլինի (փսխումներից խուսափելու համար):

Լոգանքը ճիշտ կազմակերպելու պարագայում այն կարող է լինել նաև առաջին 3 ամիսներին հաճախ հանդիպող խիթերի (կոլիկների) կանխարգելում:

Լոգանքից հետո ցանկալի է ծածկել երեխայի գլուխը, քանի որ գլխի միջոցով տեղի է ունենում ջերմային կորստի մեծ մասը: Նորածնի մաշկի չորանալու պարագայում այն կարելի է մշակել մանկական խոնավացնող քսուքներով:

Նորածնային շրջանում կարող է դիտվել էկզեմա, որն խցանային էլեմենտների առկայությունն է մաշկի վրա: Նման դեպքում ցանկալի է խուսափել մաշկին որևէ բան քսելուց և խորհուրդ է տրվում դիմել բժիշկի:

Ինչպե՞ս խնամել պորտը:

Պորտի խնամքի 3 հիմնական մոտեցում կա` մաքուր, չոր, բաց: Պորտին միշտ պետք է մոտենալ մաքուր ձեռքերով, խուսափել տակդիրի հատվածում պորտալարի մնացորդի, կամ վերջինիս տեղում պորտի ընկնելուց հետո առաջացած վերքի՝ կեղտի հետ շփումից:

Պորտը լոգանքից հետո պետք է մանրակրկիտ չորացնել: Հականեխիչների օգտագործումը երկարաձգում է չորացման գործընթացը: Խորհուրդ չի տրվում ծածկել այն որևէ վիրակապով: Պետք է դիմել բժիշկի, եթե առկա են՝ պորտային օղի կարմրություն 5 մմ-ից ավելի մեծ տրամագծով, տհաճ հոտ, թարախային արտադրություն, երեխայի մարմնի ջերմաստիճանի բարձրացում:

Ինչպե՞ս կազմակերպել զբոսանքը:

Նորածնի զբոսանքը պետք է կազմակերպել տևողության աստիճանաբար ավելացմամբ: Հնարավորության դեպքում կարելի է սկսել բաց պատշգամբից՝ 10-15 րոպե՝ հետագայում աստիճանաբար երկարացնելով զբոսանքի տևողությունը:

Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, քամու առկայության դեպքում ցանկալի է հետաձգել զբոսանքը:

Կյանքի առաջին շաբաթներին շփումը ցանկալի է սահմանափակել միայն ընտանիքի անդամների շրջանակում: Փոքրիկի համար պետք է ապահովել հնարավորին անաղմուկ, չափավոր լուսավորության հանգիստ միջավայր:

Ինչպե՞ս հագցնել նորածնին:

Ջերմակարգավորումը անհատական է յուրաքանչյուր երեխայի դեպքում: Այդ պատճառով երեխայի հագուստի քանակը սառելու կամ գերտաքացման (որը ևս շատ կարևոր և ոչ ցանկալի երևույթ է) հարցում մեծ դեր ունի: Խնդիրը լուծելու հավաստի միջոց է ջերմաչափումը, որը պետք է իրականացնել միայն էլէկտրոնային ջերմաչափի միջոցով:

Նորմա է մարմնի ջերմության տատանումը 36,5-37,3 աստիճանների միջև:

Երեխային հագուստ ընտրելիս և սենյակի որոշ ջերմաստիճան ապահովելիս (նորման` 18-22˚C), պետք է հաշվի առնել, որ երեխայի մեծանալուն զուգընթաց, փոխվում են նաև ջերմակարգավորման ունակությունները և, հնարավոր է, կարիք լինի ավելի քիչ հագցնել:

Ինչպիսին պետք է լինեն նորածնի մահճակալը և անկողնային պարագաները:

Ցանկալի է, որ նորածնի մահճակալն ունենա կոշտ մակերեսով ներքնակ, հնարավորության դեպքում` կարելի է գլխի հատվածում մի փոքր բարձրություն ստեղծել, սակայն առանց բարձի օգտագործման ապահովել այդ թեքությունը: Նորածնին կյանքի առաջին օրերին շատ հարմարավետ է բոժոժների մեջ պահելը, որը վերարտադրում է ներարգանդային կյանքի ապահով զգացումը: Օրորոցի մեջ հարկավոր չեն խաղալիքներ կամ որևէ այլ իրեր, դրանք կարող են վտանգ ներկայացնել փոքրիկի համար:
 

Հակացուցված է բարուրումը, որը կարող է դեռ լիարժեք չձևավորված կոնքազդրային հոդի հետագա զարգացման խնդիրների հանգեցնել՝ ընդհուպ մինչև հոդախախտ, կարող է փոքրիկի սառելու, ընկճվելու, մինչև անգամ հանկարծամահության պատճառ լինել: Կարելի է մեղմ փաթաթել նորածնին:

Ե՞րբ դիմել բժշկի:

Անհրաժեշտ է այցելել բոլոր հերթական ստուգումներին, որոնք անց են կացվում տեղամասային մանկաբույժի կողմից:

Այդ այցերի ընթացքում հետևում են, թե արդյոք երեխան համապատասխանո՞ւմ է իր տարիքային ցուցանիշներին, թե՞ ոչ: Հսկում է երեխայի քաշը, հասակը, գլխի շրջագիծը:

Պետք է շտապ կերպով դիմել բժիշկի, եթե`

  • երեխան ընկճված է, թույլ, պասիվ, չի արթնանում` ուտելու համար, հրաժարվում է կերակրվելուց,
  • գրգռված է, շարունակ լաց է լինում, հրաժարվում է կերակրվելուց,
  • կան շարունակական փսխումներ, կղանքի բնույթի, հոտի, քանակի, հաճախականության փոփոխություն,առկա են ջերմաստիճանի տատանումներ (
  • 37,3˚C-ից բարձր,  36,3˚C-ից ցածր),  որոնք չեն կարգավորվում տեխնիկական հնարավոր պատճառների շտկումից հետո:



+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը